Հայաստանում վերջին տարիներին, չնայած մի քանի անգամ գնաճ է եղել, սակայն չի գրանցվել գնանկում, որին նպաստել է նաեւ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:
Aravot.am-ը, շրջելով Երեւանի փողոցներով, փորձեց անցորդներից ճշտել, թե որքա՞ն է ազդել գնաճն իրենց գրպանի վրա:
Հարցվածներից մեկը դժգոհում էր հացի, զովացուցիչ ըմպելիքների, ծխախոտի շրջանում տեղի ունեցած գնաճից.
«Այս շոգին այս զովացուցիչ ըմպելիքն է մեզ փրկում, բայց դա էլ չի լինում: Խանութում արդեն ընտրություն պետք է կատարեմ, որը մեկը գնեմ ըմպելի՞քը, թե՞ ծխախոտը: Առաջ նման դեպքի առաջ չէի կանգնում»:
Կարդացեք նաև
Մի կին էլ հայտարարեց, որ մսեղենը, կաթնամթերքն այնքան են թանկացել, որ նույնիսկ չի կարողանում նրանց կողքին կանգնել.
«Միայն ձուն է, որ մի քիչ էժան է, հացը միշտ թանկանում է, մսի գինը հասնում է մինչեւ 4000 դրամի. Դա այն լավ միսն է, որ ցանկանում ես գնել»:
Aravot.am-ը զրուցեց նաեւ մի խումբ մսավաճառների հետ, վերջիններս պնդում էին, որ այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը եւ մսի գինը կազմում է մոտ 2000 դրամ.
«Կարող է առավոտյան գամ կիլոգրամը 2200 դրամով վաճառեմ, կեսօրին` 2000 դրամով, իսկ երեկոյան մսի կիլոգրամի գինը կազմում է մոտ 1800 դրամ: Մի քիչ թանկացել է խոզի մսի գինը, բայց դե 2000-ը չի անցել: Մարդիկ այդպես են ասում, որովհետեւ սուպերմարկետներից են օգտվում, չեն հասկանում, որ մենք աշխատում ենք ժողովրդի համար. միշտ այնպես ենք անում, որ ժողովրդին հարմար լինի»:
Aravot.am-ը այցելեց նաեւ մթերային խանութներ, որոնցից մեկի վաճառողը հայտնեց, որ մոտ 20 դրամով թանկացել է աղը, 5 դրամով` ձուն, ձեթն է թանկացել: Նա խոստովանեց, որ գնաճի նոր ալիք է սպասում օգոստոսի 1-ից հետո:
Մեկ այլ խանութում վաճառողը նշեց, որ վերջին շրջանում գնաճ չի նկատել: Բայց այնուամենայնիվ, օգոստոսի 1-ին, երբ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա, նա եւս կանխատեսում է մի շարք ապրանքների գնաճը.
«Մեղադրելու չէ, էլեկտրաէներգիայի գինը բարձրացավ հացը կբարձրանա, ալյուրը կբարձրանա, դրանից հետո կարկանդակ վաճառողն էլ կբարձրացնի իր կարկանդակի գինը, բրդուճ պատրաստողը իր բրդուճի գինը եւ այդպես շարունակ: Արդեն այդպիսի մի գնաճ ունենք. Մինչ էլեկտրաէներգիայի թանկանալը խմորեղեն արտադրողը բարձրացրեց խմորեղենի գինը»:
Մանրամասները` տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ