Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Հանրային խորհրդի անդամ, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից ստացած իր տպավորությունները ներկայացնելիս ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը զրուցել է առանց որեւէ թղթի:
Չնայած դրան, բարեբախտաբար, այս անգամ նախագահը «եկել ես ստեղ, որ ինչ անես», «տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում» եւ նման արտահայտություններ առանց թղթի խոսելու ընթացքում թույլ չի տվել: Սոցցանցերում շատ է քննադատվում, որ նախագահը հիմնականում խոսում է թղթով, իսկ թղթից դուրս մի քանի նախադասություն ասելիս՝ բուռն քննարկումների տեղիք է տալիս:
Աստղիկ Գեւորգյանն ասաց, որ Հանրային խորհրդի անդամները նախապես իրենց հարցերն ուղարկել են նախագահին, եւ Սերժ Սարգսյանը պատրաստված է եղել այդ հանդիպմանը:
«Նա շատ տեղեկացված էր՝ պատմությունով, ենթատեքստերով, օրինակներով: Նա համոզեց, որ ինչ-որ մի բան եթե չի արվում, դա ոչ թե նրա համար է, որ չեն ուզում անել, այլ այս-այս պատճառով չի արվում: Դա էլ էր շատ կարեւոր»,- ասաց Աստղիկ Գեւորգյանը՝ ավելացնելով. «Շատ ազատ հանդիպում էր, հարցրեց՝ ով ինչ ունի ասելու: Այդ ձեւաչափը շատ ընդունելի էր բոլորիս կողմից, որովհետեւ մեզ չի պարտադրվում որեւէ բան: Կուտակային կենսաթոշակի հետ կապված մենք ուսուցիչների հետ հանդիպում էինք ունեցել, եւ ամբողջ քննարկումը տեղափոխեցինք նախագահի մոտ: Անկեղծորեն եմ ասում, որ նախագահը ոչ մի հարցում զայրացած հակահարված չի տվել, նա մեզ հետ համահավասար, շատ մտահոգ քննարկել է: Սահմանների անվտանգության հետ կապված հարցերը քննարկեցինք, թե ինչ է կատարվում: Տպավորությունն այն էր, որ նախագահը տիրապետում է իրավիճակին: Չխուսափեց որեւէ հարցի պատասխանել: Ասաց, որ ժամանակ ունեմ, ձեր ոչ մի հարց անպատասխան չի մնա: Եղել է, որ նա ժամացույցին է նայել, բայց չի ասել՝ ավարտենք հանդիպումը, ես ժամանակ չունեմ:
Կարդացեք նաև
Սահմանային գոտու հետ կապված մենք բոլորս ասում էինք, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին զենք բաժանեն: Ինքն ասաց, որ զենք բաժանելը հղի է ինչ-որ վտանգներով, որոնք չես կարող կանխատեսել: Ես նրան հասկացա: Մինչեւ այդ ես էլ էի ոգեւորված, որ զենք բաժանեն: Բայց մենք չենք հասել դեռ այն մակարդակին, որ այդ զենքը մարդիկ օգտագործեն միայն այն ժամանակ, երբ մեր թշնամին է վտանգ սպառնում մեզ համար: Դա խորհելու բան է: Ինքը մտահոգ էր շատ: Մտահոգ ասաց, որ ով պատրաստ է զենք բռնել, մենք կարող ենք պայմանագրային հիմունքներով նրան ընդգրկել ծառայության մեջ:
Գիշերային տեսասարքերը կարող են մեծապես կամ ամբողջությամբ վերացնել դիվերսիոն խմբերի ներթափանցումը կամ դիպուկահարների առաջխաղացումը՝ մեր սահմանի մոտ: Ասում են, այդպիսի սարքեր կան, ուղղակի թանկ հաճույք են՝ 13.500 դոլար՝ 1 հատը: Իսկ սահմանը լայն է, մեծ է: Բայց կարելի է ներքին հզորությունները դնել՝ հանուն նրա, որ 1 զինվոր չզոհվի: Նախագահն ասաց, որ մտածում են այդ մասին, ասաց, որ եթե այդ սարքերն ունենան, շատ ապահով վիճակում կհայտնվենք, որովհետեւ արդեն մեր զինվորը հենց սկզբից կտեսնի, որ այնտեղ շարժ կա: Ես, օրինակ, կառաջարկեի, որ ինչ-որ միջոցառումների համար երբ փողեր են ծախսում անհասկանալի, ես պատրաստ եմ որեւէ նամակի տակ ստորագրելու, որ ավելի լավ է այդ ներդրումներն արվեն այդ սարքերի համար»:
Արտագաղթի խնդիրը քննարկելիս Սերժ Սարգսյանն օրինակներ է ներկայացրել, թե ինչքան են այլ երկրներից արտագաղթել. «Նա ցույց տվեց թվերով, որ մեր երկրից արտագաղթի նվազման միտում կա: Ես շատ ուրախացա, որ նվազեցման միտում կա: Նա էլ էր մտահոգ՝ մեզ նման: Իմ տպավորությունն այդ հանդիպումից այդպիսին էր, որ նա էլ խիստ մտահոգ էր ե՛ւ արտագաղթով, ե՛ւ աշխատատեղեր չունենալու համար: Ինձ ուրախացրեց նախագահի տվյալները, որ ներդրումներ են գալիս Հայաստան»:
Մեր հարցին՝ որեւէ մեկը չասա՞ց, որ օրինակ, հանքերի սեփականատերերի ցանկը ՀՀԿ-ականների շրջանակներով է սահմանափակվում եւ հետեւաբար այդ խնդիրների համար հենց իրենք են պատասխանատու, ո՞ւմ է ասում՝ Աստղիկ Գեւորգյանը պատասխանեց. «Որեւէ մեկը չի ասել, որովհետեւ չկուսակցականացվեց: Ոչ ՀՅԴ-ի, ոչ ՀՀԿ-ի, որեւէ մեկի անունը այնտեղ չի տրվել, անջատումներ չեն եղել, որովհետեւ մենք խոսում էինք ընդհանրապես մեր երկրի մարտահրավերների մասին»:
Մեր հարցին՝ էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված ի՞նչ պատասխան տվեց նախագահը՝ Աստղիկ Գեւորգյանը պատասխանեց. Պարզ չի՞, որ մտահոգ էր ինքը: Ի՞նչ պիտի պատասխաներ, հո չէ՞ր ասի՝ լավ արեցինք, սակագինը բարձրացրեցինք»:
Հանրային խորհրդի անդամների հանդիպումը նախագահի հետ տեւել է մոտ 2 ժամ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Գիշերային տեսասարքերով պետք է հագեցնել մեր երկրի սահմանի պաշտպանությունը, որը ցույց կտա մեր հոգացության աստիճանը մեր զինվորների նկատմամբ: Պետք է ստեղծել համապատասխան մասնագիտական հանձնաժողով հարցի հիմնովին ուսումնսիրման և առաջարկությունների պատրաստմնան համար: