Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին չի ներկայացել գլխավոր դատախազություն հարցաքննության: Ծանուցագիրն այս շաբաթ հանձնել էին նրա մորը՝ Գիուլի Ալասանիային, հայտնում է «Ռոսբալտ» -ը:
Ֆեյսբուքի իր էջում Սահակաշվիլին գրել է, որ հուլիսի 28-ին վրացի լրագրողների համար մամուլի ասուլիս կտա և կպատասխանի բոլոր հուզող հարցերին:
Ավելի վաղ Վրաստանի գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ եթե Սահակաշվիլին հարցաքննության չներկայանա, ապա նրա նկատմամբ կիրականացվեն օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները:
Դատախազությունն արդեն քրեական գործ է հարուցել նախկին նախագահի նկատմամբ: Նրան մեղադրում են 2007թ. խաղաղ ցույցերն ապօրինաբար ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերությունը յուրացնելու և գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքն ապօրինաբար յուրացնելու մեջ, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Կարդացեք նաև
Մի քանի ամիս առաջ Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի գործով Սահակաշվիլիին նույնպես կանչել էին դատախազություն որպես վկայի, սակայն նրա հրաժարվել էր հարցաքննությունից՝ հիմնավորելով, որ չի վստահում վրացական իրավապահ մարմիններին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ