Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը հաստատում է լուրն այն մասին, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանագծում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով կրակել են նաև կազմակերպության ավտոմեքենայի ուղղությամբ։
Կրած վնասների մասին մանրամասներ կազմակերպությունը չի հաղորդում։
Միջազգային կառույցի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Չինարի գյուղի բնակիչների խնդրանքով էին կազմակերպության ներկայացուցիչները մեկնել սահմանային գոտի՝ աջակցելու բերքահավաքին։
Սահմանում ապրող բնակիչները դիմել էին միջազգային այս կառույցին, որպեսզի այն օգտագործելով իր մանդատը՝ պայմանավորվածություն ձեռք բերի կողմերի հետ բերքահավաքի ժամանակ հրադադարի ռեժիմը չխախտելու վերաբերյալ։ Ամատունին փոխանցեց, որ պայմանավորվել էին թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերի հետ, բայց փաստորեն առաքելության հենց առաջին օրը փոխհրաձգություն տեղի ունեցավ։
Կարդացեք նաև
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ձեռնպահ է մնում հայտարարել, թե կոնկրետ որ կողմն է խախտել հրադադարը։ Ամատունին միայն նշում է, որ հրադադարի ռեժիմը չի պահպանվել, ու երկու կողմերից էլ կրակոցներ են հնչել։
«Երկկողմանի կրակոցների պատճառով մեր կազմակերպությունը որոշում կայացրեց մեր մեքենան անմիջապես դուրս հանել, որպեսզի ոչ մենք, ոչ էլ գյուղացիները վտանգվեին։ Եթե ռուսերեն ասեի, կասեի перестрелка»,- ասաց Ամատունին։
Նաիրա ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում