Նախագահ Սերժ Սարգսյանն օրերս հանդիպել էր Հանրային խորհրդի անդամների հետ եւ քննարկել արտագաղթի, ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման, հանքերի շահագործման եւ այլ «ցավոտ» թեմաներ:
Aravot.am-ի հետ զրույցում Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը ներկայացրեց այդ հանդիպումից իր ստացած տպավորությունները: Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանը խորհրդի անդամների բարձրացրած ոչ բոլոր հարցերն է այսպես ասած՝ «հալած յուղի» տեղ ընդունել. «Որոշ հարցերի շուրջ ընդդիմացավ, չհամաձայնեց, որոշ խնդիրներ ընդունեց»:
Օրինակ, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված, որի շուրջ բնապահպանները լուրջ մտահոգություն էին հայտնել, նախագահը տեղեկացրել է, որ հանքի շահագործումը հիմա դադարեցված է. «Նա ասաց, որ վտանգ են տեսնում Սեւանի համար: Թեղուտը բերեց՝ որպես դրական օրինակ, որ անտառ են տնկում, ես հակադարձեցի, որ չեմ ընկալում դա՝ որպես դրական օրինակ: Սերժ Սարգսյանը նաեւ ասաց, որ հայեցակարգ են մշակում, առաջարկ է ներկայացվել, ասաց՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ նոր օրենք ենք ընդունել, ասացի, որ ՀԲ-ին չեմ վստահում, մեր երկրին զարգացած երկրների համար կցորդ դարձնելու քաղաքականություն են վարում: Նա սկսեց բնապահպանական խնդիրների մի շարք օրինակներ բերել Չիլիից, տարբեր երկրներից: Ես ասացի, որ հանքարդյունահանումը հարվածում է տուրիզմին, գյուղատնտեսությանը, ինքը սկզբունքորեն դեմ չէր, համաձայն էր: Բայց հարցեր կար, որ բացարձակ չընդունեց: Հենց ակնարկեց փոքր ՀԷԿ-երի կառուցումը, ես տեղից ասեցի, որ դա լուրջ բնապահպանական խնդիր է, բնակիչները մնում են առանց ոռոգման ջրի »,- պատմեց Կարինե Դանիելյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև