Երեկ «Վերնիսաժում» միմյանց վրա ջուր լցնելու հետեւանքով միջադեպ է տեղի ունեցել: Ականատեսների պատմելով՝ «Վերնիսաժի» այցելուներից մեկի հորդորներին, թե մի’ ջրեք, տարածքի տղաները ուշադրություն չեն դարձրել եւ ոտքից գլուխ հաճախորդներին ջրել են, ինչն էլ դարձել է կռվի առիթ: Արդյունքում ծեծկռտուք է տեղի ունեցել եւ, ըստ չճշտված տեղեկությունների, մի կին է տուժել, որն ընկնելու հետեւանքով գլխին վնասվածքներ է ստացել: Կռվին միջամտել է ոստիկանությունը եւ միջադեպի մասնակիցներին տարել ոստիկանության բաժանմունք:
Երեկ ջրոցիի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայի «ՍԱՍ» սուպերմարքեթի դիմաց: Շրջապատի երեխաները ջրով լի տոպրակները նետել են փողոցի ավտոմեքենաների վրա, ինչի հետեւանքով ուղեւորատար միկրոավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը եւ բախվել հարեւանությամբ կայանած ավտոմեքենային:
Ոչ աշխատանքային օր լինելու պատճառով լուրը չհաջողվեց ճշտել ոստիկանությունից: Քանի որ երկու միջադեպն էլ տեղի էր ունեցել կիրակի օրը, այդ մասին տեղեկատվություն չկար նաեւ ոստիկանության կայքէջում:
Նկատենք, որ երեկ, փողոցներում շրջող ոստիկանները, որոնք կոչված են հասարակական կարգը պահպանելու համար, որեւէ կերպ չէին միջամտում դույլն ու ջրով լի տոպրակները ձեռքներին քաղաքացիներին ու փողոցի ավտոմեքենաների վրա ջուր լցնող երիտասարդներին: Եթե մայթերում գտնվող քաղաքացիներին ջրելը ինչ-որ տեղ տանելի էր՝ Վարդավառի տոնով պայմանավորված, ապա ընթացքի մեջ գտնվող վարորդներին ջրելը եւ երթեւեկությունը վտանգելը հասարակական կարգի կոպիտ խախտում է:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը` արխիվային