Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր փաստեր, թե ինչպես է Վալերի Օսիպյանը չարաշահել պաշտոնեական դիրքը (Ձայնագրություն)

Հուլիս 28,2014 14:48

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ դանակահարության գործով վկա Սարգիս Հովհաննիսյանի մայրը շարունակում է նոր մանրամասներ ներկայացնել Վալերի Օսիպյանի՝ իրենց ներկայացրած առաջարկությունների մասին:

Նա Aravot.am-ին պատմեց, որ Վալերի Օսիպյանն իր ավագ որդուն` Սամվելին, որը նույն գործով կրկին վկա է, դեպքի հաջորդ օրը` հունիսի 2-ին, հրավիրել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն` իր աշխատասենյակ, ու առանց Սամվելի անձնագրի ու անցագրի իր ենթակաների միջոցով վերեւ բարձրացրել ու կրկին, ինչպես իրեն, այնպես էլ որդուն համոզել, որ եթե Սարգիսը իր վրա վերցնի դանակահարությունը, ինքը կկարողանա օգնել.
«Տղաս առանց փաստաթղթի ամբողջ օրը ելումուտ է արել վարչության շենքում: Համոզել է, թող եղբայրդ` Սարգիսը վերցնի իր վրա, նույնիսկ առաջարկել է, եթե բանտում էլ լինի, կօգնեմ, իսկ Սեդրակին չեմ կարող օգնել, իմ ազգանունն ունի: Հետո տղայիս հարցրել է, դու տուժողին ճանաչո՞ւմ ես, տղաս ասել է՝ ոչ, նորից է հարցրել` դեմքով տեսնես կճանաչե՞ս, տղաս էլի ասել է` ոչ: Հետո իր կողմից երկու ոստիկան, իր սանիկին ու մորաքրոջ տղային, որը նախկին ոստիկան է, ուղարկել է, որ ավագ տղայիս հետ գնան հիվանդանոց` տուժողին տեսնելու:

Տղայիս տարել են մի հիվանդասենյակ ու տղայիս ներկայությամբ այնտեղ պառկած երիտասարդին հարցուփորձ արել, թե քանի հոգով են քո վրա հարձակվել, սա պատասխանել է` երեք, հարցրել են, որ տեսնես՝ դեմքով կճանաչե՞ս, պատասխանել է` այո, հետո հարցրել են` բա որ լավանաս, ինչ ես անելու, ասել է` դե որ լավանամ, կտեսնեմ: Հետո այդ երիտասարդին հորդորել են, ծնողներին էլ զգուշացնի, որ չբողոքեն, իրենք կհոգան բոլոր ծախսերը:

Այդ ընթացքում, երբ ուզել են դուրս գալ հիվանդասենյակից, տղաս մտածել է, եթե այս տղան Նուբարաշենից է, ինչպես ինքը չի ճանաչել ու որոշել է հարցնի` ում տղան է: Երբ հարցրել է, տուժող երիտասարդը պատասխանել է, որ ինքը Նուբարաշենից չէ, հարցրել է` բա քեզ Նուբարաշենում չե՞ն դանակահարել, ասել է` չէ, ինձ ծեծել են ունիվերսամի մոտ: Հետագայում մենք վերլուծեցինք, որ Օսիպյանն իր աշխատասենյակում տղայիս հենց այնպես չի հարցրել, թե տուժողին ճանաչո՞ւմ ես դեմքով: Տղաս, որ պատասխանել է չէ, փորձել է սարքել գլխին, եթե մտնի հիվանդասենյակ ու ասի՝ սա էդ տղան չէ, ապա միանգամից կհարցնեն` բա ասում էիր չեմ ճանաչում դեմքով»:

Սարգիսի մոր` Սուսան Հովհաննիսյանի պատմելով, հիվանդանոցից դուրս գալուց հետո իր ավագ որդուն` Սամվելին, Վալերի Օսիպյանի սանիկն ու մորաքրոջ տղան տարել են իրական տուժողի ծնողների մոտ ու երբ հարցրել են. «Բա տեսել եք, ով է դանակահարողը, տուժողի ծնողներն էլ են ասել, որ Սեդրակն է»:

Aravot.am-ը պարոն Օսիպյանից հետաքրքրվեց՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է Սարգիսի եղբորը բանակցությունների հրավիրելու լուրը, նա հերքեց. «Ոչ, իրականությանը չի համապատասխանում: Ես ոչ ոքի իմ աշխատասենյակ չեմ հրավիրել»:

Մենք նրանից հետաքրքրվեցինք, իսկ երբեւէ վիրավորական արտահայտություններ ձեզ թույլ տվե՞լ եք Սարգիսի, նրա եղբոր կամ նրանց ընտանիքի հասցեին, պարոն Օսիպյանը կրկին ասաց` ոչ. «Ո՞ւմ եմ վիրավորել, բոլոր խաղերը խաղացին, հիմա էլ դա են սարքում: Չե՞ք զգում, որ այս ամենն ինչ շատ է պարոն Օսիպյանի հասցեին: Որ լռում եմ, ձայն չեմ հանում, պարզապես սպասում եմ քննության ավարտին: Մի ասացվածք կա` գողն է ասում` բռնեք գողին… մարդիկ լավագույն մարտավարությունն են ընտրել` հարձակվելը: Թող հարձակվեն, կհասնենք գործի քննության ավարտին, այն ժամանակ կանդրադառնանք: Բոլոր խոսակցությունները սուտ են ու հերյուրանքներ, ես առայժմ համբերատար լռում եմ»:

Aravot.am-ին է հասել ձայնագրություն, որտեղ պարոն Օսիպյանը խոսում է հենց Սամվել Հովհաննիսյանի մասին` ասելով. «Էնտեղ տուն չկա, տղա չկա: Սամո կոչեցյալը, դեմն էլ կասեմ, էնտեղ տղա չկա, հիմա ես քեզ զանգել եմ, ասել եմ արի հանդիպենք, երեկ, այսօր, վաղը գնաս ասես Օսիպյանը վրես ջղայնացել ա, գոռգոռացել ա, տարել ինձ պահել ա»:

Ի դեպ, իրեն ու որդուն նման առաջարկություններ անելու համար Սուսան Հովհաննիսյանը ՀՔԾ հանցագործության մասին հաղորդում է տվել: Ամենայն հավանականությամբ, պարոն Օսիպյանը զրույցի ժամանակ ՀՔԾ-ում բողոքելը նկատի ուներ, երբ ասում էր « հիմա ես քեզ զանգել եմ, ասել եմ արի հանդիպենք, երեկ, այսօր, գնաս ասես Օսիպյանը վրես ջղայնացել ա, գոռգոռացել ա ,տարել ինձ պահել ա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը`irakan.info-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Ամեն անգամ վերնագիրը կարդալուց ինձ տվում է թե մի լուրջ թեմա է լինելու, բացում եմ ու տեսնում եմ, որ նորից այդ կնոջ դատարկ խոսակցություններին եք անդրադառցել։ Անհիմն, անիմաստ․․․ Ես ձայնագրությունը լսեցի, ինչ՞․․․․ Ինչ՞ պաշտոնի չարաշահման մասին է խոսքը․․․ Aravot,am իմ կարծիքով ձեր հոդվածը վերանայել է պետք։

  2. Karen says:

    Ոչ մի լուրջ մարդ սա որպես պաշտոնի չարաշահում չի դիտի։ Ծիծաղել միայն կարելի է, էս ինչ՞ փաստեր են։ Սա համարվում է լուրջ փաստ ու Առավոտն Էլ, Սուսաննայի ասածի հիման վրա, որոշում է, որ Օսիպյանը չարաշահու՞մ է արել․․․ Սխալ նյութ, սխալ վերնագիր․․․

  3. Նարինե says:

    Սուսաննան փրփուրներից է կախվել․․․․ Ես համոզվաց եմ, որ դեռ Էս կինը պատասխան է տալու իր անհիմն մեղադրանքների համար։ Օրենքը կա , ու գործում է բոլորի համար։

  4. Դավիթ says:

    Սա դիրքի չարաշահում է համարվում ։Ճ ????

  5. светлана says:

    Камеди клаб !

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031