Հայաստանը որպես պետություն՝ ի դեմս արտգործնախարարության, երբեք չի բողոքել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների չեզոք հայտարարություններից: «Մեդիալաբն» հետ զրույցում անդրադառնալով սահմանին տիրող անհանգիստ իրավիճակին եւ միջազգային հանրության լռությանը, ասում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«Համանախագահների հայտարարությունների վերաբերյալ դժգոհությունները հնչել են միայն ԶԼՄ-ների մակարդակով, բայց պետական մակարդակով այդ խնդիրը երբեք չի բարձրացվել»,-ասում է Արա Պապյանը:
Հիշեցնենք, հատկապես վերջին շրջանում թե ղարաբաղաադրբեջանական շփման գծում, թե հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը լարվածություն է մտցնում՝ պարբերաբար խախտելով հրադադարի ռեժիմն ու դիմելով դիվերսիոն գործողությունների:
Իրավիճակին հուլիսի 23-ին արձագանքել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ հայտարարությամբ մտահոգություն հայտնելով հակամարտության գոտում լարվածության սրացման և խաղաղ բնակիչների սպանությունների վերաբերյալ: Եռանախագահները հորդորել էին զերծ մնալ գյուղերի և խաղաղ բնակիչների վրա դիտավորյալ հարձակումներից եւ հավատարիմ լինել հրադադարի ռեժիմի պայմաններին: Ինչպես միշտ, հորդորներն ու կոչերն ուղղված էին երկու կողմերին:
Սակայն, ՄԽ համանախագահներից բացի, որոնք հակամարտության խաղաղ կարգավորման գործում միջնորդական առաքելություն են ստանձնել, Արա Պապյանը ուշադրություն է հրավիրում Ռուսաստանի վրա:
«Չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը բացի ռազմավարական դաշնակից համարվելուց նաեւ Բիշքեկում կնքված հրադադարի պայմանագրի միջնորդ երկիրն է, այսինքն, նա է միջնորդել, որպեսզի պատերազմական գործողությունները դադարեցվեն եւ կնքվի հրադադարի պայմանագիր եւ փաստորեն պարտավորություն է ստանձնել, որ մի ժամանակավոր պայմանագիրը ի վերջո վերջնական խաղաղության պայմանագրի վերաճի» ,-«Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունն այս մասին երբեւէ չի հիշատակում:
Կարդացեք նաև
Նշենք, որ սահմանային լարվածությունն ու շարունակվում է նաեւ խլելով մարդկային կյանքեր: Վերջին նման միջադեպ գրանցվել է հուլիսի 26-ին էր: Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան ուղղություններով հակառակորդը կրկին փորձել էր ներթափանցել հայկական դիրքեր: Դիվերսիոն գործողությանը հակազդելու հետեւանքով հայկական կողմը մեկ զոհ էր տվել: Հրազենային մահացու վիրավորում էր ստացել զինծառայող 20-ամյա Խաչատուր Բադասյանը: Գրեթե նույն ժամանակահատվածում՝ հուլիսի 25-ի երեկոյան, ադրբեջանական կողմը կրկին գնդակոծել էր Տավուշի սահմանամերձ գյուղերը՝ կրակահերթերի տակ պահելով Մովսեսի, Այգեպարի ու Ներքին Կարմիրաղբյուրի խաղաղ բնակչությանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում