Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վիրահայոց թեմի մամուլի բաժնի տնօրեն. «Դա կազմակերպված հարձակում էր մեր եկեղեցու վրա» (Տեսանյութ)

Հուլիս 28,2014 13:50

Հուլիսի 19-ին Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում պատահած միջադեպի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչել՝ սկսած նրանից, որ դա զուտ կենցաղային հողի վրա խուլիգանություն էր՝ վերջացրած ազգամիջյան եւ կրոնական անհանդուրժողականության արդյունք համարելուց:

Վիրահայոց թեմի առաջնորդանիստ հանդիսացող Սուրբ Գեւորգ եկեղեցու վերանորոգման պատճառով թեմի առաջնորդարանն այժմ Սուրբ Էջմիածնում է գտնվում:

DSCN7825

Վիրահայոց թեմի  մամուլի եւ լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը հայաստանյան չորս լրատվամիջոցների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց այդ միջադեպից:

Նա հաստատեց, որ ամեն ինչ սկսվել է կենցաղային մակարդակում՝ մի վրացուհի չի կարողացել կայանել կամ հակառակը՝ կայանատեղիից դուրս գալ եւ սկսել է գոռգոռոցով դժգոհել: Նրան են մոտեցել եկեղեցում գտնվող հայերը, առաջարկել են իրենց օգնությունը, տիկինը չի համաձայնվել, զանգել է ընկերոջը, ի վերջո տիկնոջն օգնել են, դուրս է եկել այդտեղից:

Բայց մինչ այդ, եկեղեցու աշխատակիցները լսել են, որ հայերի եւ հայ եկեղեցու հասցեին հայհոյանքներ են հնչել, սկսվել է ծեծկռտուք, որը երկար չի տեւել.«Հետո ամեն ինչ կարծես խաղաղվել էր, ես արդեն աշխատանքս ավարտել էի, ուզում էի տուն գնալ, 18.30 էր արդեն, մեկ էլ մկրտության մեծ խումբ եկավ, մտանք եկեղեցի նորից, սկսվեց մկրտության արարողությունը: Այդ ժամանակ 30-50 հոգի՝ այդ տիկնոջ եւ նրա ընկերոջ կազմակերպելով, եկել եւ դարանակալած սպասում էին: Երբ մկրտությունն ավարտվեց, մարդիկ դուրս եկան, նրանք հարձակվեցին: Մեր տղաները ընդամենը չորսն էին, իսկ նրանք՝ մի քանի տասնյակ: Ծեծեցին մեր տղաներին, ունեին սառը զենք՝ գարեջրի դատարկ շշեր, որոնցով հարվածում էին, ռետինե մահակ եւ այլն»:

Տիկին Սուսաննան պատմեց նաեւ հնչած կրակոցների մասին. «Երբ այդ դաժան ծեծկռտուքը շարունակվում էր, պատկերացրեք՝ մի քանի տասնյակ հարձակվել էին չորս հոգու վրա, մերոնք հասցրեցին զանգահարել մեր վարչատնտեսական բաժնի ղեկավարին, որը արագ եկավ, նա զենք կրելու իրավունք ուներ, երբ եկավ, եւ փորձում էր բաժանել, տեսնելով, որ չի ստացվում, ոստիկաններն էլ դեռ չկան, նա օդի մեջ կրակեց, նրանք չփախան, ուղղակի հետ քաշվեցին: Այդ ընթացքում արդեն մկրտության ժողովուրդն էլ էր խուճապի մատնվել, քանի որ ամեն կողմից շշեր էին շպրտում, եւ խուճապահար նորից մտել են եկեղեցի»:

Երբ վերջապես ամեն ինչ հանդարտվում է՝ հարձակվողները մի փոքր սթափվում են օդում արձակված կրակոցներից, վերջապես ոստիկանությունն էլ գալիս եւ գործ է հարուցում հետեւյալ հիմնավորմամբ՝ խուլիգանական հարձակում՝ կենցաղային հողի վրա:
Վիրահայոց թեմի մամուլի բաժնի տնօրենն ասում է, որ իրենց գլխավոր պահանջը եւ գլխավոր խնդիրն է պարզել, թե ովքեր են կազմակերպիչները. «Եթե գալիս են եկեղեցու վրա՝ կազմակերպված մտադրված, տարբեր գործիքներով զինված ու 40-50 հոգով հարձակվում են՝ դրան ի՞նչ անուն կարելի է տալ: Մենք պահանջում ենք, որ կազմակերպիչներն անպայման պատժվեն, որպեսզի նման բան այլեւս երբեք չկրկնվի»:
«Առավոտի» հարցին՝ հակառակ կողմից չե՞ն եղել հաշտության փորձեր, ներողություն չե՞ն խնդրել, տիկին Սուսաննան ասաց, որ՝ ոչ. «Հարձակման ժամանակ պոկել- տարել էին տեր հոր լանջախաչը, ոստիկանությունն ասաց, որ կբերեն, եւ իսկապես մեկ-երկու օր հետո բերեցին՝ առանց շղթայի: Դա է եղել միայն»:

Վիրահայոց թեմի մամուլի եւ լրատվության բաժնի տնօրենը նկատեց, որ Վրաստանում, մասնավորապես Թբիլիսիում, կան ազգային-կրոնական անհանդուրժողականության տարրեր, եւ եթե անգամ կենցաղային հողի վրա են սկսվում վեճերը, միեւնույն է, դրանք արմատներ ունեն: Եվ նա պատմեց, որ վրացական եկեղեցում վրացի քահանան հայ երեխային չի թողել աղոթի եւ խաչակնքվի, ասելով, որ իրավունք չունես մեր եկեղեցում խաչակնքվելու, մեր եկեղեցին ուղղափառ է, իսկ ձերը՝ գրիգորյանական. «Այնքան անտեղյակ է եղել այդ քահանան, որ նույնիսկ չգիտի, որ Հայ առաքելական եկեղեցին ուղղափառ է»:

Այդուհանդերձ, տիկին Սուսաննան նկատեց, որ որեւէ անհաշտություն կամ առավել եւս՝ ընդհարումներ պետք չի ոչ իրենց, ոչ էլ վրացիներին. «Մեզ խաղաղություն, խաղաղ համակեցություն է պետք: Ոչ մի անհաճո բան պետք չի: Մենք ուրիշի հողի վրա ենք ապրում եւ առավել շատ կարիք ունենք խաղաղության»: Նա նաեւ նկատեց, որ երբեմն հայերի մեջ էլ են լինում խառնակիչներ՝ «ելուզակներ», որոնք հայ-վրացական հարաբերությունները փչացնողի դեր են տանում: Այդուհանդերձ նշեց, որ նման միջադեպերը չպիտի ազդեցություն թողնեն հայ-վրացական բազմադարյա բարեկամության վրա. «Հենց դրա համար էլ պետք է, որ անպայման գտնեն այս միջադեպի կազմակերպիչներին, պատժեն, որպեսզի անպատժելիության մթնոլորտ չձեւավորվի եւ մեր ժողովուրդների բարեկամության վրա բիծ չմնա»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Թբիլիսի-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031