Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին զարգացումները` Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր սպանության շուրջ

Հուլիս 28,2014 13:10

Երեկ հուղարկավորեցին Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի օրերս սպանված եղբորը` 50-ամյա Հարություն Գրիգորյանին, որն, ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, վերջերս էր նշել իր ծննդյան տոնը:

Թե որն էր դեմ-դիմաց ապրող 35-36-ամյա հարևանի կողմից նրան սպանելու պատճառը, արդեն իսկ հայտնի է` խանդը:

Երեկ զոհին հուղարկավորելուց անմիջապես հետո Ախալքալաքից եկել ու մեղայականով ոստիկանություն է ներկայացել նրա հարևանը` Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեականի պետ Արման Կատունյանը:

Թե ի՞նչ զենքով է վերջինս կրակել Հարություն Գրիգորյանի վրա, իր ծառայողակա՞ն, ոստիկանությունից Aravot.am-ին փոխանցեցին, որ այս պահին ճշտվում է, թե որտեղի՞ց է ձեռք բերել զենքը, քանի որ դա իր ծառայողականը չէ:

Ոստիկանության պաշտոնյան հաստատել է, որ խանդի հողի վրա է կատարել սպանությունը: Թե ինչ ցուցմունք է տվել, բնականաբար դեռ հրապարակման ենթակա չէ, այդուհանդերձ ոստիկանությունից մեզ փոխանցում են, որ երկու հարևանների միջև վիճաբանությունն ու հաշիվներն այս թեմայով առաջին անգամը չէին, տևական ժամանակ է` նրանք հարցեր են պարզել. ամուսինը, տվյալ դեպքում ռազմական ոստիկանության քրեականի պետը՝ խանդել է իր գեղեցկատես կնոջը, որոշակի կասկածներ ունեցել:

Գյումրիում երկու վարկած է շրջանառվում` կապված այս սպանության հետ. մեկն այն, որ երիտասարդ կինը ևս անտարբեր չի եղել հարևանի նկատմամբ, ամուսինը համոզվել ու սպանել է հարևանին, մյուսն էլ այն, որ Հարություն Գրիգորյանը սիրահետել է երիտասարդ հարևանուհուն, որն այս մասին տեղյակ է պահել իր ամուսնուն ու հանգել այս դաժան պատմությանը:

Ի դեպ, թաղակիցների ասելով, այս երկու հարևանները նախկինում ջերմ, մտերիմ հարաբերությունների մեջ են եղել:

Ինչևէ, ռեկտորի հանգուցյալ եղբոր դեմքն այս օրերին չեն բացել, քանի որ նա անճանաչելի է եղել:

Ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ Հարություն Գրիգորյանին սպանելուց հետո նրան բերանքսիվայր գցել են փոսը, որը մոտ 50 մետր խորություն է ունեցել` բետոնի ջարդած կտորներով շրջափակված, ու նրա դեմքն ամբողջապես այլանդակվել է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031