Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն՝ որպես առաջին հայկական կոլեկտիվ՝ հրավեր է ստացել հանդես գալու Ասիայում անցկացվող միջազգային մրցույթի շրջանակներում, ընդ որում՝ որպես մրցույթի պաշտոնական նվագախումբ:
2014թ-ի օգոստոսի 11-18-ը Երիտասարդականը Չինաստանի Ֆոշան քաղաքում ելույթ կունենա Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթի շրջանակներում՝ եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ, ինչպես նաև հանդես կգա մրցույթի Գալա-համերգին:
Նվագախումբը նաև ելույթ կունենա երկու առանձին համերգով Չինաստանի մշակութային մայրաքաղաք Գուանչժոույում՝ ներկայացնելով բազմաժանր և յուրահատուկ համերգային ծրագիր:
Մասնագետների վկայությամբ, Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթը երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր և նշանակալի մշակութային միջոցառումներից է: Նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքերով, այս փառատոնին դարերի ավանդույթներ ունեցող հայ կատարողական արվեստի դպրոցի ներկայացումը իսկապես մեծ պատիվ և նույնքան մեծ պատասխանատվություն է իրենց համար:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2013թ-ին ՀՊԵՆ-ը Musica Riva ավանդական՝ 30-րդ միջազգային փառատոնի շրջանակներում՝ որպես դրա պաշտոնական նվագախումբ հանդես է եկել աշխարհահռչակ իտալացի դաշնակահար Ալդո Չիկոլինիի հետ:
Իսկ 2014թ-ի մարտի 17-ից 24-ը նվագախումբը մասնակցել է լիբանանյան Al Bustan միջազգային փառատոնին՝ ևս որպես դրա պաշտոնական նվագախումբ: Al Bustan-ի շրջանակներում երաժիշտները աշխատել են այնպիսի անվանի արվեստագետների հետ, ինչպիսիք են Անտոնիո Մենեսեսը (թավջութակ), Ջիանլուկա Մարչիանոն (դիրիժոր) և այլք:
Վեջին իրադարձություններից է նվագախմբի մասնակցությունը Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի միջազգային ամենամյա 5-րդ փառատոնին (հիմնադիր գեղարվեստական ղեկավար՝ Արամ Թալալյան), որին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ո՛չ միայն 2 համերգային երեկո է ներկայացրել, այլև հանդես է եկել որպես կազմակերպիչ:
Հունիսի 25-ին և հուլիսի 8-ին կայացած Երիտասարդականի 2 համերգներն անցել են Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան լեցուն դահլիճներում: Առաջին երեկոն նվիրվել է կոմպոզիտորներ Արմեն Սմբատյանի 60-ամյա և Տիգրան Մանսուրյանի 75-ամյա հոբելյաններին, ընդ որում՝ վերջինս անձամբ ներկա է եղել համերգին՝ վայելելով գործընկերների, հարազատների և պարզապես երաժշտասերների կողմից նրան ուղղվող բազում բարեմաղթանքները:
Երիտասարդական նվագախումբը իր մասնակցությունն է ունեցել նաև փառատոնի փակումը ազդարարող համերգին: Հուլիսի 8-ին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Երիտասարդականը համատեղ ելույթով հանդես է եկել մենակատարներ Աննա Սեյրանյան-Լանդաուերի (ջութակ, ԱՄՆ), Ջուլիետա Վարդանյանի (դաշնամուր), Յանա Դարյանի (ալտ) և Արամ Թալալյանի (թավջութակ) հետ, ներկայացնելով «Վիենական դասականների»՝ Բեթհովենի, Բրամսի և Մոցարտի համերգները:
Ընդհանրապես, ՀՊԵՆ-ը տարեկան տալիս է մինչև 40 համերգ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Գ․Չախալյան