Անցած անգամ խոսեցինք մեր մայրաքաղաքի արձանների մասին` եզրակացնելով, որ մեր արձանների գեղարվեստական մակարդակի հարցը նույնքան կարևոր է, ինչքան այն հարցը, թե ում արձանն ենք մեր մայրաքաղաքում դնում: Իհարկե, ասվածի հետ կարող են շատերը չհամաձայնվել, բայց որ արձաններն ու հուշարձաններն իրենցից ինքնին պիտի գեղարվեստական արժեք ներկայացնեն, ոչ ոք չի կարող վիճարկել:
Գաֆեսճյանի շնորհիվ Կասկադի շրջակայքում հայտնված արձանները մեծ շուք են տալիս մեր մայրաքաղաքի տվյալ հատվածին, որովհետև գեղարվեստական լուրջ արժեք են ներկայացնում: Պատահական չէ, որ դրանք բոլորն էլ համաշխարհային անուն ունեցող տաղանդավոր քանդակագործների ստեղծագործություններ են, և, որ ամենակարևորն է, դրված են իրենց ճիշտ տեղերում:
Սնոբիզմի մեջ չմեղադրվելու համար ասեմ, որ Կասկադից քիչ ներքև` Օպերայի խաչմերուկում մի քանի տարի առաջ դրվեց մի արձան, որի հեղինակը հանճարեղ Ռոդենն է: Տվյալ արձանի գեղարվեստական մակարդակի մասին ոչինչ չենք կարող ասել, որովհետև արձանը շատ հեռվից ենք տեսել և տեսնում: Եթե շատ մոտենանք, կարող է վթարի ենթարկվենք:
Փաստորեն, մենք Ռոդենի արձանը մեր մայրաքաղաքի ամենակենտրոնում ու ամենաերևելի տեղում դնելով` Ռոդենի էդ ստեղծագործությունը մեկուսացրել ենք աշխարհից: Այսինքն, ցանկացած արձանի համար կարևորը ոչ միայն տվյալ արձանի գեղարվեստական արժանիքներն են, այլև` ճիշտ տեղում դրված լինելը: Եթե Երվանդ Քոչարի Վարդան Մամիկոնյանը դրված լիներ Ավարայրի դաշտը հիշեցնող մի տափարակ, ազատ ու ընդարձակ տարածության մեջ, միանգամայն այլ տպավորություն կթողներ:
Նույն Քոչարի Սասունցի Դավիթը տարիներ շարունակ իր ճիշտ տեղում էր և խորհրդանշում էր մեր մայրաքաղաքի մուտքը, ու նաև դա էր պատճառը, որ Սասունցի Դավթի արձանը դարձել է մեր մայրաքաղաքի հիմնական խորհրդանիշներից մեկը: Հիմա մեր մայրաքաղաքի մուտքը միանգամայն այլ տեղից է, և Սասունցի Դավիթն ակամա հայտնվել է շուկայական ու չարչիական մի անհեթեթ միջավայրում: Միգուցե նպատակահարմար է մեր լավագույն արձանը տեղափոխել և տեղադրել մեր գլխավոր օդանավակայանին հարող ազատ տարածքներից մեկում, որպեսզի քանդակագործական արվեստի այդ բացառիկ գլուխգործոցը վերստին խորհրդանշի մեր մայրաքաղաքի մուտքը:
Տարիներ առաջ խոսակցություն բացվեց այն մասին, որ նպատակահարմար է Սասունցի Դավթի արձանը տեղափոխել և տեղադրել Հանրապետության հրապարակում: Շատերն այդ գաղափարին կողմ արտահայտվեցին, իսկ քանդակագործի որդին` Հայկազ Քոչարը վկայեց, որ դա նաև իր հոր երազանքն է եղել: Բայց խոսակցությունն ինչպես անակնկալ բացվել էր, նույնքան անակնկալ էլ փակվեց:
Հուսով ենք, որ մեր լավագույն արձանը մեր լավագույն հրապարակում դնելու գաղափարը մի գեղեցիկ օր վերստին կհամակի մեզ, ու մենք մեր էպոսի հերոսին զբոսաշրջիկներից ու բոլորից լքված չենք թողնի:
Հիմա ուշացումով ենթադրում ենք նաև, որ Ռոդենի արձանի տեղն էլ էր Սասունցի Դավթին միանգամայն արժանի. դիմացը` Օպերայի փառահեղ շենքը, մյուս դիմացը` Երվանդ Քոչարի թանգարանը, շուրջբոլորը` Սարյան, Կոմիտաս, Թամանյան, Խաչատրյան, Սարոյան, Թումանյան, Սպենդիարյանի. մեր մեծերը` մեր էպոսի հերոսի շուրջ խմբված: Դա նաև առիթ կլիներ, որպեսզի տվյալ միջավայրում նաև վարպետ Քոչարի արձանը հայտնվեր: Թե չէ` ի՞նչ է ստացվում. մեր լավագույն արձանագործը մեր մայրաքաղաքում հուշարձան չունի, իսկ մեր լավագույն փողոցների արարիչ Թամանյանը`իր անունով մի երևելի փողոց: Մի՞թե հնարավոր չէր Հյուսիսային պողոտան ծայրեծայր` ընդհուպ Կասկադ, անվանակոչել մեծ ճարտարապետի անվամբ: Մենք, որ Թամանյանի պատգամներից շատերն ենք անտեսել ու ոտնահարել, կարող էինք նաև այդ « Հյուսիսային» բառն անտեսել ու շրջանցել:
Բայց մեր փողոցների անվանումների թեման միանգամայն այլ թեմա է, որին առաջիկայում կանդրադառնանք:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ