Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրի, քեզ թափ տուր

Հուլիս 27,2014 11:50

Վերջին տարիներին Հայաստանի երկրորդ քաղաքի անունը տալուց մարդիկ հաճախ են ավելացնում «կրիմինալ» վիրավորական ածականը: Այդ պիտակը վիրավորական է ոչ միայն գյումրեցիների, այլեւ,  օրինակ, ինձ համար՝ չնայած ես այդ քաղաքում որեւէ ազգական չունեմ: Բայց բավական է, դուք երկու ժամ շրջեք Գյումրիով ու կզգաք ռուսական եւ խորհրդային կայսրությունների համար կարեւոր այդ քաղաքի բույրը, անկրկնելի համնուհոտը, նրա հյուրասեր եւ կատակասեր բնակիչների հմայքը, կզգաք այնտեղ ապրած մեծ արվեստագետների շունչը:

Եվ հանկարծ՝ «կրիմինալ»: Ինչո՞ւ: Որովհետեւ աղմկահարույց սպանություններն ու ավազակությունները այդ քաղաքում վերջին տարիներին համեմատաբար հաճախ են պատահում: Դրա համար, իհարկե, պատճառներ կան: Ինձ թվում է, գլխավոր պատճառը երկու աղետներն են: Մեկը բուն 88-ի աղետն է, որի հոգեբանական, սոցիալական հետեւանքներն այդ քաղաքն առայժմ չի կարողացել հաղթահարել: «Դոմիկը», որը պահպանվել է 25 տարի, բացի ամեն ինչից, նաեւ սոցիալական չարիք է, «անարմատ», «անտուն» մտածողություն է, կրիմինալի բուն: Երկրորդ աղետը այդ քաղաքը 10 տարուց ավելի ղեկավարած Վարդան Ղուկասյանն է եւ նրա ընտանիքը, որոնք ստեղծել են լկտիության, անպատժելիության, ամենաթողության մթնոլորտ: Մարդկանց հոգեբանության մեջ մտավ, որ որեւէ անձնական կամ տնտեսական խնդիր լուծելու միակ ճանապարհը ծեծն է կամ զենքի կիրառումը:

Բայց դա ժամանակավոր է, այդ հրաշալի քաղաքի բազմադարյա պատմության մեջ մի փոքրիկ, տհաճ դրվագ է, որը կանցնի այնքան շուտ, որքան գյումրեցիները, լենինականցիները կարողանան իրենց վրայից թափ տալ այդ տիղմը եւ լծվել աշխատանքի: Չսպասեն, որ իրենց որեւէ մեկը օգնություն կամ աշխատանք տա, այլ իրենք ստեղծեն այդ աշխատանքը: Վստահ եմ, որ միայն այդպես է հաղթահարվելու աղետների դառնությունը:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անի says:

    Հարգելի պարոն Խմբագիր,
    սիրելի պարոն Աբրահամյան,

    ինչպես մեզ “թափ տանք” այս սոցիալ-տնտեսական պայմաններում, երբ արտագաղթի պատճառով պոտենցիալ ունեցող, երիտասարդ ու միջին տարիքի գրեթե բոլորը դրսում են (Երևան, Մոսկվա կամ մեկ այլ վայրում)…

    ինչպես ստեղծենք աշխատանք, երբ մարդկանց մեծ մասը հենց երկրաշարժից հետո մնացել են անգործ /ինչպես մասնագիտական, այնպես էլ առօրյա զբաղվածության իմաստներով/…

    որոնք են իմ քաղաքի “զարգացման ուղիները”…..
    ինչպես և/կամ որտեղից սկսել?

    Կուզենայի լսել հայ մտավորակնների, այդ թվում և գրագետ հրապարակախոսների ու հմուտ ժուռնալիստների կարծիքը..

    Հարգանքով`
    Անի

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031