Հոբելյանների առիթով ընդունված է միայն լավ բաներ ասել: Սակայն լրագրողի աշխատանքը ոչ միշտ է տոնական, ավելի ստույգ՝ գերազանցապես տոնական չէ:
Այս աշխատանքն ամուր նյարդեր է պահանջում, քանի որ սթրեսներն ամեն քայլափոխի են՝ նյութի առնչությամբ հաշիվ պարզողներ, ոստիկանների հետ բախումներ, մարդկային ողբերգական ճակատագրեր եւ այլն: Սա՝ գրեթե ամենօրյա ռեժիմով: Իմ լրագրողական գործունեության ընթացքում եղել է շատ ավելին, ու բարձրակետը 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում իրականացված ահաբեկչությունն էր, երբ դեռ ուշքի չեկած կրակահերթերից եւ արյունոտ տեսարաններից՝ ձայնագրությունս էի վերծանում ու ամեն անգամ վերստին ցնցվում՝ կրակահերթերի ձայներն այնտեղ լսելով:
Այս աշխատանքը ստիպում է, որ սկսես հասկանալ չինովնիկներին, թե ինչու են նրանք պատսպարվում ընդունարաններում ու քարտուղարուհիների հետեւում: Քանի որ լրագրողի դուռը բաց է, եւ ամեն մեկը, երբ սիրտն ուզի՝ որոշում է գալ, կյանքը պատմել եւ ակնկալել, որ լուծելու ես իր խնդիրները:
Այս աշխատանքը ստիպում է, որ մնացած ամեն ինչը ստորադասես իրեն: Իմ որդու առաջին խաղերից մեկը «միկրոֆոնը տուր՝ հարցազրույց անեմ»-ն էր; «Առավոտի» այլ թղթակիցներ այժմ պատմում են, որ իրենց զավակները թխթխկացնում են խաղալիք համակարգչի վրա ու լուրջ-լուրջ ասում՝ «Մի խանգարի, նյութ եմ գրում, խմբագրությունում ինձ են սպասում»:
Կարդացեք նաև
Այս աշխատանքը ստիպում է, որ զանց առնվեն «Աշխատանքային օրենսգրքի» շատ դրույթներ՝ մասնավորապես աշխատաժամանակի եւ հանգստյան օրերի մասին: Օր է եղել, երբ խմբագրությունից տուն եմ վերադարձել գիշերվա ժամը երեքին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, իսկ օր է եղել անգամ, որ լուսադեմին:
Եվ վերջապես՝ այս աշխատանքը ստիպում է, որ մոռանաս ոտքերի հոգնածության մասին, մոռանաս ցրտի մասին ու միայն փորձես չդադարեցնել աշխատելը: Այս լուսանկարը մեկն է նման պահերից՝ հանրահավաքում լրիվ թրջված, սառած, բայց ձայնագրիչը ձեռքումս:
«Առավոտ» օրաթերթ
26.07.2014