2007 թվականից դարձա «Առավոտի» ընտանիքի անդամ: Առաջին անգամ հայտնվեցի մի կոլեկտիվում, որտեղ կոլեգաները հարազատներ էին: Տարիների ընթացքում վարպետացա «ճիշտ» լրագրության մեջ՝ հետեւելով խմբագրիս, «Առավոտի» ոճին ու կանոնակարգին:
«Առավոտում» անցկացրած ամեն օրս հիշողություն է: Չափազանց հետաքրքիր էին անցնում մեր թռուցքաժողովները, որոնց ընթացքում գործնականը համեմելով հումորով՝ Արամ Աբրահամյանին զեկուցում էինք մեր հոդվածները: «Առավոտում» աշխատելուս սկզբնական շրջանում վարում էի թերթի ժամանցային բաժինը, որտեղ նյութեր էին լինում հոգեբանների, քահանաների, սեքսապաթոլոգների, աստղերի ու հայտնիների հետ:
Մի օր էլ, երբ սովորականի նման ներկայացա թռուցքաժողովի, մի քիչ խիստ հագուկապով էի, եւ երբ իմ հերթն էր նյութերը զեկուցելու, խմբագիրս կանխեց ինձ՝ ասելով, թե Եվա, քահանաների հե՞տ ես հարցազրույց արել, այսօրվա նյութերդ եկեղեցական թեմաներո՞վ են:
«Առավոտի» 15-ամյակն էինք նշում… Շնորհավորելու էին եկել «Առավոտի» բարեկամները, ընթերցողները: Հյուրերի շարքում էին բարձրաստիճան պաշտոնյաներ: Եվ երբ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը մոտեցավ շնորհավորելու Արամ Աբրահամյանին, խմբագիրս հերթով ներկայացրեց իր աշխատակազմին. «Ռուզան Մինասյանը իրավական բաժնի պատասխանատուն է, Գոհար Հակոբյանը` մշակութային, Եվա Հակոբյանը «Առավոտի» սեքսի պատասխանատուն է…»: Այ, այստեղ շփոթվեց Տիգրան Սարգսյանը, նայեց ինձ, ապա ծիծաղեց, երբ հասկացավ խմբագրիս հումորը՝ «Առավոտում» իմ վարած բաժնի հետ կապված…
«Առավոտ» օրաթերթ
26.07.2014