Ուրախ եմ, որ 20 տարեկան «Առավոտ» օրաթերթի կենսագրության 14 տարիների մեջ ես էլ իմ բաժինն ունեմ, հպարտ եմ, որ այս յուրօրինակ ու գեղեցիկ թիմի անդամ եմ ու ճիշտ լրագրության դպրոց եմ անցել այս լրատվամիջոցում:
Մեր գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանից սովորել ենք, որ բացի «Առավոտի» վարքականոնի դրույթներից, այլ՝ չգրված նորմերի էլ պետք է հետեւել՝ օրինակ, երբեք չտրորել ընկածին, աշխատել՝ չվնասելու սկզբունքով…
«Առավոտում» աշխատելուս տարիներին բազմաթիվ լրագրողական մրցանակներ եմ ստացել՝ կրթական, գիտական, մշակութային թեմաներով հրապարակումներիս համար:
Չեմ մոռանում մի սիմվոլիկ, զվարճալի մրցանակի մասին: Թերթի հիմնադրման տասնամյակի առիթով առավոտցիների համար մի քանի հոգով յուրօրինակ մրցանակներ էինք մտածել՝ ամենաուշացող առավոտցին, ամենազվարճասերը, ամենահինը… եւ այլն, եւ այլն: Պարզվեց, գործընկերներս մի այդպիսի մրցանակ էլ ինձ համար են մտածել՝ ինձ բաժին հասավ «Ամենաէրոտիկ ձայնով առավոտցին» մրցանակը, որը մինչ այսօր պահպանվում է իմ աշխատասենյակում:
Կարդացեք նաև
«Առավոտում» աշխատելու հետ կապված բազմաթիվ հետաքրքիր միջադեպեր ու պատմություններ կան: Մի ժամանակ ավելի հաճախ էին ագրեսիվ մարդիկ գալիս խմբագրություն, դրա համար երբեմն միջանցքի դուռը ներսից փակում էինք:
Մի անգամ այնպես էր ստացվել, որ վաղ առավոտյան էի եկել աշխատանքի ու խմբագրությունում միայն այն ժամանակվա տնօրեն Պետրոս Պետրոսյանն էր ու ես: Տնօրենն ասաց, որ գնում է բանկ ու պատվիրեց դուռը ներսից փակել: «Վայ, Պետյա ջան, ես մենա՞կ եմ մնալու խմբագրությունում»,- տարակուսեցի ես, հիշելով, որ մի քանի օր առաջ մի հրապարակման առիթով հարձակվել էին մեր իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանի վրա: «Հա, ի՞նչ կա որ,- հանգիստ պատասխանեց Պետրոսը,- որ տեսնես կասկածելի մարդիկ են դռան զանգը տալիս, կասես հավաքարարն եմ, չես բացի: Էն օրն, օրինակ, մի էդպիսի խումբ էր եկել, ես մենակ էի խմբագրությունում, դուռը չբացեցի, ասացի, որ պահակն եմ»:
Մի անգամ մի ընթերցող զանգել էր խմբագրություն ու խնդրել Հակոբյանին, լսափողը վերցրել էր մեր սպորտային բաժնի պատասխանատու Աշոտ Հակոբյանը եւ ասել, որ Հակոբյանը լսում է: Լսափողի միջից «ընդդիմացել» էին, որ իրենց խոսելիքը սպորտին չի առնչվում: Աշոտը տվել էր Եվա Հակոբյանի հեռախոսահամարը: Հետաքրքրվել էին ազգանվամբ, Եվան ասել էր, որ ինքը Հակոբյան է, բայց մշակութային թեմաներով չի գրում ու խնդրել էր, որ նորից նույն համարով զանգեն Գոհարին: Հեռախոսը ես վերցրի: Լսափողի միջից մեկը զայրացած հարցրեց՝ դուք ո՞վ եք: Ասացի, անունս Գոհար է, գրում եմ մշակութային թեմաներով: «Ձեր ազգանունն ինչպե՞ս է»,- հարցրեց համառ զանգահարողը: Ասացի՝ Հակոբյան: «Իյա, ձե՞ռ եք առնում ինձ, ամբողջ խմբագրությունը Հակոբյա՞ն է, որ համարով զանգում եմ, պարտադիր Հակոբյան է վերցնում»,- նեղվեց զրուցակիցս ու անջատեց հեռախոսը:
«Առավոտ» օրաթերթ
26.07.2014