Իմ աշխատանքային 10 տարիների ընթացքում շատ ու շատ հետաքրքիր դեմքեր ու դեպքեր են հանդիպել հենց մեր խմբագրությունում՝ սկսած պապիկների եւ տատիկների հազարավոր ու երկարաձիգ պատմություններից, վերջացրած ինչ-որ կորցրած հասցեների ճշտմամբ, որոնց ես փորձում եմ ուշադիր եւ շատ համբերատար լսել մինչեւ վերջ, հետո փորձում օգնել՝ որ սենյակ գնան եւ որ լրագրողին դիմեն:
Մի անգամ էլ պարոն Աբրահամյանը հերթական երկարատեւ զրույցից հետո դուրս եկավ իր սենյակից եւ ասաց, որ իմ մասնագիտությունը պետք է լիներ «պսիխոանալիտիկ»:
Խմբագրություն այցելած մարդկանցից մեկն էլ պահանջում էր Պուտինի հեռախոսահամարը եւ հասցեն, միայն նա կարող էր օգնել այդ քաղաքացուն: Այս մի դեպքը համեմատաբար թարմ էր ու բավականին մտածելու տեղիք տվեց:
Վերջերս մի քաղաքացի էր եկել խմբագրություն եւ խնդրում էր, որ «Առավոտն» անդրադառնա իր բողոքին, ես ընդամենն ասացի, որ շատ շուտ եք եկել, գնացեք եւ ավելի ուշ եկեք, այդ մարդը չէր համոզվում, այնքան որ՝ եւ ես, եւ ինքը արդեն հունից դուրս եկանք… ու մի լավ բան էր ուզում ասեր, որ «սիրտը հովանար» ու շատ ակամայից պոռթկաց՝ դու իսկական հայաստանցի ես, աղջիկ ջան, ու գնաց: Մինչեւ հիմա մտածում եմ՝ դա լա՞վ է, թե. վատ:
Արեւ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գործավարուհի
«Առավոտ» օրաթերթ
26.07.2014