Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուզան Մինասյան. «Ինձ «Առավոտում» մինչ օրս պահողը ստեղծագործական ազատությունն է»

Հուլիս 27,2014 19:20
Ruzan Minasyan

«Առավոտ» օրաթերթ ես եկա 1998 թվականին, երբ փակվեց այն տարիների լավագույն թերթերից մեկը՝ «Լրագիրը», ուր աշխատում էի: Մինչ «Լրագիրը»՝ փակվել էր «Բանբեր» թերթը, եւ հոգեբանական առումով վստահ չէի, թե «Առավոտում» կաշխատեմ արդեն 16 տարուց ավելի: Լրատվամիջոցների դեմ ոտնձգություններն այդ տարիներին բավական շատ էին, անվերջ փակվում, բացվում էին թերթերը:

Հիշում եմ, երբ մի օր եկա խմբագրություն, աշխատասենյակի դուռը դեռ նոր էի բացել, երբ տեսա դատարկ սեղաններ, գույքը տարվել էր, ազգային անվտանգության ծառայությունը… թողել էր միայն հեռախոսը, որով կապվեցինք մեր գործընկերների հետ, տեղեկացնելով կատարվածի մասին:

Առաջին հրապարակումս «Առավոտում» նույն տարվա իմ ծննդյան օրը՝ մայիսի 14-ին էր, բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանի հետ: Հիշում եմ. «Օրերն այս ջուր են, որ տվել են ինձ խմելու»:

Մի քանի ամիս գրում էի տարբեր թեմաներով՝ մշակութային, ժամանցային, իրավական, մինչեւ խմբագիր Արամ Աբրահամյանի առաջարկով «Իրավունք» էջի պատասխանատուն դարձա, եւ, բնականաբար, արդեն գրում էի եւ համակարգում միայն դատարանների, ուժային կառույցների, արդարադատության մարմինների, նոր-նոր գրանցվող իրավապաշտպան կառույցների գործունեությանը վերաբերող թեմաները:

Ինձ «Առավոտում» մինչ օրս պահողը ստեղծագործական ազատությունն է, թեմաների ընտրության ազատությունը եւ այն վստահությունը, որը տրվել է գլխավոր խմբագրի կողմից: Եթե ոլորտը դու ես համակարգում, թեմաներն ինքդ ես ընտրում, պատասխանն էլ տալիս ես դու: Սկսած օպերատիվությունից՝ մինչեւ բովանդակային մասը:
Այստեղ հետաքրքիր գաղափարներ էին ծնվում, մրցակցություն կար ոչ միայն «ներբաժինային», այլեւ մնացյալ տպագիր լրատվամիջոցների հետ:

Իմ սիրած «Առավոտը» 16 էջանոցն էր, ուր «տեղավորվում» էինք:

Այստեղ «Ֆոտոմեղադրանք» շարք ունեի, «Զուգահեռ հասարակության մշակույթ», ուր տպագրվում էին շնորհալի դատապարտյալները, նրանք նաեւ հոնորար էին ստանում:

Եղավ նաեւ, երբ ամեն մի բաժնի պատասխանատու ամսվա մեջ իր հավելված էջն ուներ, եւ իմ երազանքն իրականացավ. «Առավոտի» հավելված դարձավ «Գիշերը»: Ինֆորմացիան հնանում էր, եւ այդ օրվա հավելվածում տեղ էր գտնում միայն գիշերվա ժամերին կատարվող տեղեկատվությունը. դա լիներ արտակարգ իրավիճակ, հիվանդանոցներ, կալանավայրեր, ժամանցային կենտրոններ:

Այն ժամանակ չկային առցանց լրատվամիջոցներ, խմբագրություն ընթերցողների հոսքը մեծ էր, բողոքները, սպառնալիքները՝ շատ: Սպառնալիքներ, ընդհուպ լրագրողի ետեւից գալ խմբագրություն, հեռախոսով վախեցնել, դատական գործընթացների մեջ ներգրավել:

«Առավոտի» դեմ ամենամեծ հայցադիմումը եղել է իմ դեմ՝ 50 հազար դոլար գումարի չափով, իսկ առաջին քրեական գործը լրատվամիջոցի գործունեությունը խոչընդոտելու համար առավոտցի Աննա Իսրայելյանի հետ կապվածն էր, երբ ծաղկաձորյան օլիգարխներից մեկի թիկնազորը հարձակվել էր եւ խոչընդոտել թե նրա, թե լուսանկարչի աշխատանքը:

«Առավոտը» ավանդույթներ ձեւավորող լրատվամիջոց էր, եւ՝ է, իմ կենսագրության ոսկե մասն է «Առավոտը», հպարտ եմ, որ աշխատել եմ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ Ժենյա Մարտիրոսյանի, Նաիրա Մամիկոնյանի հետ, որոնք նույնքան վաստակ ունեն թերթի կայացման գործում:

Երբ նոր էի գալիս «Առավոտ», հարցնում էին՝ Աննա Իսրայելյանին ճանաչո՞ւմ ես, ասում էի՝ հա, զարմանում էին, «իմիջս» բարձրանում էր, ասում էի՝ Արամ Աբրահամյանն է խմբագիրս, զննող, ծակող հայացքով նայում էին ինձ…

Այսօրվա «Առավոտը» իսկապես 20 տարեկան է՝ իր նոր գարնան տարիք ունեցող լրագրողներով, որոնք առաջին իսկ օրվանից դարձան մերը՝ առավոտինը: Շնորհավոր բոլորիս:

«Առավոտ» օրաթերթ
26.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031