Տարիներ առաջ մի շատ հայտնի քաղաքական գործչի խնդրեցի հարցազրույց տալ: Նա շատ հազվադեպ էր համաձայնում հարցազրույց տալ, ու երբ չմերժեց, ավելին՝ ուզեց գալ խմբագրություն, որ հանգիստ զրուցենք, ես երջանկությունից թռչկոտում էի: Լուրջ պատրաստվեցի, հարցերս նախապես գրեցի նոթատետրում, արխիվից հանեցի իր մասին ամեն ինչ: Մի խոսքով, ամեն ինչ, թվում էր, բարձր մակարդակով կազմակերպել էի: Բայց հարցազրույցի ընթացքում վերջին հարցս որ ուղղեցի, նա ասաց. «Օօօօ՜, շատ լուրջ հարց եք տալիս, պետք է մտածեմ, որպեսզի կշռադատված պատասխան տամ, ամեն բառս շատ կարեւոր է»: Ես էլ սպասեցի, մինչեւ մտածի:
10, 15 րոպե նա գլուխը բռնած խմբագրության սենյակում ճեմեց, ճեմեց, մտքերի մեջ էր, պատասխանի վրա էր աշխատում: Այդ ժամանակ ինձ խմբագրությունում զանգեցին: Ասաց՝ պատասխանիր, մինչեւ ես հանգիստ կմտածեմ: Ես էլ պատասխանեցի: Զանգողը այնպիսի թեմայով զրույց սկսեց, որ իմ մտքերը լրիվ շեղեց: Երբ հեռախոսն անջատեցի, աչքս գցեցի նոթատետրիս, տեսա բոլոր հարցերս արդեն տվել եմ, ինձ թվաց, որ հարցազրույցն ավարտել ենք արդեն: Մոռացել էի, որ այդ քաղաքական գործիչը մտածում էր պատասխանի վրա: Ասացի՝ դե, շատ շնորհակալություն, որ եկել եք, ցտեսություն, եկեք ուղեկցեմ: Այդ մարդը նեղացած՝ գլխարկը վերցրեց ու դուրս եկավ:
Ավելի ուշ, երբ ձայնագրությունն էի լսում, հասկացա, թե ինչքան անհարմար վիճակի մեջ եմ գցել: Մեկ մտածեցի զանգեմ՝ ներողություն խնդրեմ, բայց էլ ի՞նչ:
Մեկի հետ կապված մի նյութ էինք գրել, եկել էր խմբագրություն ու գոռգոռում էր, սպառնում էր մեզ կտրտել, լցնել տոպրակներն ու 15-րդ հարկից գցել, սպառնում էր մորթել, խեղդել… Վերջում էլ բղավեց՝ դուք գազաններ եք բոլորդ, գա-զան-նե՛ր: Այդ պահին Արամ Աբրահամյանը բացեց մեր սենյակի դուռն ու ասաց. «Բարեւ ձեզ, ես գազանանոցի վարիչն եմ, դո՛ւրս մեր գազանանոցից»:
«Առավոտ» օրաթերթ
26.07.2014