«Առավոտ»-ն ունի մշտական հաճախորդներ, որոնք իրենց պարտքն են համարում թղթին հանձնած իրենց «փայլուն» գաղափարներով կիսվել «Առավոտի» լրագրողների հետ: Մի օր խմբագրություն եկավ մեր հաճախորդներից մեկը՝ ձեռքին հաստափոր մի տետր: Տիկինն ասաց, որ նոր բառեր է հորինել եւ խնդրեց, որ անպայման գլխավոր խմբագիրը կարդա եւ իր կարծիքը հայտնի այդ մասին: Տետրը ծայրից ծայր լցված էր անհասկանալի բառերով: Ամեն բառը մոտ 10-15 տառից էր բաղկացած:
«Առավոտում» մի նոր եկած լրագրող ունեինք, որը նաեւ գրաբարի մասնագետ էր եւ մեծ պատասխանատվությամբ էր մոտենում իր աշխատանքին: Հռիփսիմեի հետ որոշեցինք, կատակով, այդ տետրը հանձնել մեր գրաբարի մասնագետին, որպեսզի վերծանի տիկնոջ գրածները: Կատակով ասացինք, որ գլխավոր խմբագիրն է հանձնարարել:
Մենք այդ մասին արդեն մոռացել էինք, երբ հաջորդ օրը կեսօրին մեղավոր ու տանջված հայացքով մեր լրագրողը, տետրը ձեռքին մտավ մեր աշխատասենյակ եւ այն դնելով սեղանին՝ ասաց, որ մինչեւ ուշ գիշեր չարչարվել է, բայց ոչ մի բառ չի կարողացել ստուգաբանել, քանի որ ոչինչ չի հասկացել: Չէինք մտածել, որ մեր գործընկերն, իսկապես, լուրջ կընդուներ մեր ասածը եւ կփորձեր ամեն գնով կատարել հանձնարարությունը:
«Առավոտ» օրաթերթ
26.07.2014