Այս 15 տարիների ընթացքում խմբագրությունում շատ փոփոխություններ են եղել, բայց մի բան անփոփոխ է մնացել. անկեղծությունը, մարդկային ջերմ հարաբերությունները եւ ուշադրությունը ներկա ու նախկին առավոտցիների միջեւ:
Ես «Առավոտին» սկսել եմ թղթակցել, երբ սովորում էի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում: Այսինքն՝ շուրջ 10 տարի առաջ: Համալսարանում ժուռնալիստի վարպետություն առարկայի շրջանակներում մամուլի տեսություն էինք անում: Ու ես միշտ «Առավոտ» օրաթերթից էի մեջբերումներ անում, ինձ ավելի հոգեհարազատ էին նյութերի կառուցվածքը, թեմատիկան եւ այլն: Ու այդ ժամանակվանից հասկացա, որ որպես լրագրող՝ ինձ համար դրսեւորվելու համար միակ լրատվամիջոցը Հայաստանում «Առավոտ» օրաթերթն է: Սակայն «Առավոտում» տպագրվելն այն ժամանակ անհասանելի թվացող մի երազանք կարծես լիներ: Բայց որոշեցի փորձել:
Վերցրի երկրորդ կուրսում գրածս հեղինակային հոդվածներից մեկը, որը վերաբերում էր նրան, թե ինչպես են հաշմանդամության կեղծ վկայական ձեռք բերում՝ տարատեսակ հնարավորություններից օգտվելու համար, ու եկա «Առավոտի» խմբագրություն: Այստեղ մեծ հաճույքով համաձայնեցին տպագրել իմ նյութը: Առաջին քայլն արված էր: Սկսեցի ավելի հաճախ նյութեր տպագրել, հետո արդեն ամեն օր ու այդպես դարձա «Առավոտի» լրագրող:
Ու բոլորը մի տեսակ նախանձով ինձնից հետաքրքրվում էին, թե «Առավոտում» «տեղավորվելու» համար որքան կաշառք եմ տվել… Ու շատերը մինչեւ հիմա էլ ապրում են այդ կասկածներով:
«Առավոտ» օրաթերթ
26.07.2014