Չնայած «Առավոտում» իմ՝ տնօրենի աշխատանքը ես դեռ մի քանի ամիս է, ինչ սկսել եմ, բայց հիշելու ու խոսելու արդեն շատ բան կա: Բավականին ինֆորմացված եմ վարչատնտեսական եւ ֆինանսական գործունեությունից՝ շնորհիվ խմբագրության աշխատակիցների, հատկապես ֆինանսական խորհրդատու Մարինա Մերուժանյանի եւ գլխավոր հաշվապահ Լիդա Մկրտչյանի:
Նախ ասեմ, որ «Առավոտում» տնօրենի աշխատատեղի համար ինքս եմ դիմել՝ իմանալով, որ թափուր է: Հետո արդեն խմբագրի՝ Արամ Աբրահամյանի հետ մի քանի րոպե տեւած զրույցից անմիջապես հետո զգացի, որ այդ աշխատանքը ինձ միանգամից գրավեց, եւ դա կապված չէր նրա հետ, որ տնօրենի պաշտոնն էի զբաղեցնելու, աշխատանքի բնույթն ինձ հետաքրքիր թվաց:
Ցանկությունս այնքան մեծ էր աշխատելու «Առավոտում», որ պետք է անկեղծ լինեմ ու խոստովանեմ, որ ես նույնիսկ հեղինակություն ունեցող որոշ մարդկանց դիմեցի, որ միջնորդեն, խոսեն Արամ Աբրահամյանի հետ, որպեսզի ընդունվեմ աշխատանքի:
Բոլորն էլ ինձ միանգամից մերժեցին՝ ասելով, որ Արամ Աբրահամյանին նման խնդրանքով դիմել չի կարելի, նա անաչառ մարդ է: Բարեբախտաբար, մրցույթի բոլոր փուլերն անցնելով՝ ընդունվեցի աշխատանքի: Հրամանս եղավ ապրիլի մեկով, եւ առաջին աշխատանքային օրը ես խնդիրներ ունեցա: Զանգեց ինձ խմբագիրը եւ ասաց, որ շտապ գամ խմբագրություն. պարզվեց, որ ինչ-որ խնդիրների պատճառով թերթի ապրիլմեկյան համարը հնարավոր է չտպագրվի, միանգամից հարց էր ծագել՝ ի՞նչ խնդիրներ պիտի լինեն, որ թերթը չտպագրվի: Իհարկե, խնդիրը լուծվեց, թերթը տպագրվեց:
Կարդացեք նաև
Ես հասկացա, որ «Առավոտում» ինձ սպասվում է ավելի պատասխանատու, ավելի լուրջ ու ծանրակշիռ աշխատանք: Եվ այսպիսով սա եղավ իմ ապրիլմեկյան հումորը եւ աշխատանքիս առաջին օրը:
Գարիկ Մելքոնյան
«Առավոտի» տնօրեն
«Առավոտ» օրաթերթ
26.07.2014