Այս տասնութ տարվա մեջ, ինչ աշխատում եմ «Առավոտում», իհարկե, վառ հիշողություններ ունեցել եմ: Մենակ այն, որ 17 տարեկան հասակում հայտնվեցի խմբագրությունում, արդեն վառ իրադարձություն էր իմ կյանքում, նույնիսկ՝ ցնցում: Բայց ավելի վառ էին ինձ համար մարդկանց հետ հանդիպումներն ու ծանոթությունները, որոշների հետ՝ ընկերությունը:
Երբեք չեմ մոռանա Վասակ Դարբինյանին, որն իր շուրջ համախմբում էր երիտասարդ լրագրողներին եւ ուղղորդում նրանց:
Երբեք չեմ մոռանա Նարինե Դիլբարյանին, որն ինձ բուհ ընդունվելուց առաջ հինգ-վեց ամսում այնպես հայոց լեզու պարապեց, որ ես տասնինը բալ ստացա, իսկ իր սովորեցրած բառերը մինչեւ հիմա եմ օգտագործում՝ «նենգամիտ», «գծուծաբարո»…
Երբեք չեմ մոռանա Գենոֆիա Մարտիրոսյանին՝ Ժենիկին, որի հետ արդեն ես իմ հերթին հայերեն էի պարապում: Իմ հանձնարարությամբ նամակ էր գրում ինձ՝ «600 բառ»-ի հիման վրա. «Ախ դու ամեոբա…»՝ այսպես էր այն սկսվում:
Երբեք չեմ մոռանա իմ շատ լավ ընկեր (եթե նա թույլ կտա իրեն իմ ընկեր անվանել) Պետրոս Պետրոսյանին, որն ինձ այդքան բան սովորեցրեց՝ հա՛մ մասնագիտական, հա՛մ մարդկային առումով:
Երբեք չեմ մոռանա Արմինե Գեւորգյանին, որը մեր ծանոթության առաջին իսկ օրվանից ինձ համար հավատարիմ ընկեր դարձավ եւ ներեց իմ ծանր բնավորության բոլոր խենթությունները:
Երբեք չեմ մոռանա Արամ Աբրահամյանին, որն ինձ աշխատանքի ընդունեց եւ առաջ գնալու հնարավորություն տվեց:
Թող ներեն ինձ բոլոր նրանք, ում անունները չտվեցի: Դա չի նշանակում, որ ես ինչ-որ բան մոռացել եմ: Ես ամեն ինչ հիշում եմ:
Մարինա Մերուժանյան
ֆինանսական խորհրդատու
«Առավոտ» օրաթերթ
26.07.2014