Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Անուշ Բուլղադարյան. «Մեկ նախադասությունը շատ բան փոխեց»

Հուլիս 27,2014 18:05

«Առավոտում» աշխատելու տարիներից ամենավառ հիշողությունս, թերեւս, կապված է հենց առաջին նյութիս հետ:

2009 թվականի նոյեմբերն էր: Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ամենուր խոսվում էր AH1N1 վիրուսի կամ «խոզագրիպի» արձանագրված դեպքերի մասին:
Պայմանավորվել էի Ռուզան Մինասյանի հետ, որ թեմայի վերաբերյալ հոդված պատրաստեմ:

Ռուզանին առավելապես հետաքրքրում էր, թե «Վանաձոր» ՔԿՀ-ում ինչ կանխարգելիչ միջոցառումներ են արվում` պաշտպանվելու վարակից: Դրա համար անհրաժեշտ էր գնալ ՔԿՀ-ի տարածք եւ ճաղերի հետեւում հայտնված իրենց բարեկամ-հարազատներին այցի գնացած քաղաքացիներից տեղեկանալ ներսում տիրող իրավիճակին:

Քաղաքի ծայրամասում գտնվող շենքի մասին վաղուց էի լսել, ասում էին, որ այդտեղ գնալը վտանգավոր է, նույնիսկ կարող են մարդու գրպանը թմրանյութ գցել, գործ սարքել գխլին: Հետաքրքիրը, սակայն, այն էր, որ այդ ամենին հավատալով, ես պետք է գնայի եւ ՔԿՀ-ի մուտքի մոտ անորոշ ժամանակ սպասեի, թե ներսից ով դուրս կգա, որ հարցեր տամ:

Դատախազություն, դատարան, քրեակատարողական հիմնարկներ, փաստաբաններ, իրավաբաններ, դատական կարգադրիչներ եւ այլն, ընդհանրապես ծանոթ չէի ոլորտին, ոչինչ չգիտեի: Այս ամենը նոր ու մի փոքր խորթ էր ինձ:

Գնացի: Ձայնագրիչ չունեի, ձեռքիս միայն հեռախոսս էր, այն էլ օգտվում էի միայն ժամանակը ստուգելու համար:

Ի զարմանս ինձ` ՔԿՀ այցի եկած քաղաքացիները անտարբեր էին վարակի նկատմամբ:
«Ի՞նչ «խոզի գրիպ»: «Խոզի գրիպ» չկա: Պատվաստում են, որ մարդիկ երեխա չունենան»,- ասաց այցելության գնացած մի քաղաքացի, ով չնշեց իր անունը:

«Ոչ մի տարբերություն էլ չկա, ինչ կարողանում, այն էլ տանում ենք: Հայաստանի գները թույլ չեն տալիս, որ շատ բան տանենք, «խոզագրիպի» մասին չենք էլ մտածում»,- ասաց այցելության գնացած մեկ այլ քաղաքացի, որ նույնպես չհայտնեց իր ով լինելը:
Այսպես էին արտահայտվել ազատության մեջ քայլողները:

Մոտ երկու ժամ սպասելուց հետո մոտեցա ՔԿՀ-ից դուրս եկող մի կնոջ: Խոսեց: Առանձնապես նոր բան չասաց: Թեքվեց, որ գնա, ես էլ այդ ընթացքում պայուսակիցս հանեցի հեռախոսս: Զանգ էր եկել: Կինը շուռ եկավ ու թե` այ, էդպես եք խաբում մարդկանց, որ ձայնագրելու էիր, նախօրոք ասեիր, թաքուն-թաքուն պահել ես: Մեղադրանքներ տեղաց ու հեռացավ:

Զայրացած ու զարմացած էի: Նման բան ինձ հետ այսքան ժամանակ դեռ չի կրկնվել:
Արդյունքում սկիզբ դրվեց ծանոթությանս թե լրագրողական աշխարհին, թե դատական համակարգին:

Հիմա էլ ես սիրով լուսաբանում եմ հենց դատական գործերը: Սիրեցի այդ ոլորտը` շնորհիվ Ռուզանի, ում թեեւ անձամբ չէի ճանաչում, սակայն նրա` այդ ժամանակ ինձ ուղարկված հաղորդագրության մեջ հնչած մեկ նախադասությունը շատ բան փոխեց: Նա գրել էր. վստահ եմ` կստացվի:

«Առավոտ» օրաթերթ
26.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031