Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք մեզ հետ են

Հուլիս 27,2014 20:20

Գենոֆիա Մարտիրոսյանը եւ Նաիրա Մամիկոնյանը թեեւ արդեն մեր կողքին չեն, բայց «Առավոտը» տարբեր առիթներով եւ առանց առիթի մշտապես հիշում է նրանց: Սրանից տասը տարի առաջ նրանք դեռ մեր կողքին էին եւ աշխատում էին «Առավոտում»: Հոբելյանական տարվա առթիվ՝ դեռ 2004-ին, նրանք «Առավոտի» տոնական համարում պատմել էին օրաթերթի հետ կապված իրենց ամենավառ հիշողությունները: Ներկայացնում ենք դրանք:

Jenya-3

Գենոֆիա Մարտիրոսյան – «Առավոտում» աշխատածս տարիներին ամենից շատ զվարճանում էի, երբ մեր գլխավոր խմբագիրը ժամանակ առ ժամանակ ոչ միայն մյուս աշխատակիցներին, այլեւ ինքն իրեն էր նկատողություն տալիս՝ աշխատավարձից համապատասխան պահումներով: Եվ այդ հրամանը փակցնում էր խմբագրության միջանցքում: Ինչ խոսք, մյուս աշխատողներին 10 տարիների ընթացքում ընդհանուր հաշվով նա շատ ավելի խիստ է պատժել, սակայն եթե շեֆն ունակ է նույնիսկ ինքն իրեն նկատողության արժանացնել՝ բացթողումների համար, մի՞թե մենք կարող ենք դժգոհել այն բանից, որ «խփում» է մեր գրպաններին՝ վատ աշխատանքի համար: Ճիշտ է, խիստ է, բայց, գրողը տանի՝ արդարացի: Իսկ ընդհանրապես, ես հպարտանում եմ նրանով, որ «Առավոտի» ամենահին լրագրողներից եմ: Այնքան հին, որ նույնիսկ անհարմար է: Ճիշտ է, ավելի հներն էլ կան, քանզի ես 9 տարի է՝ «Առավոտում» եմ, իսկ մարդիկ կան, որ նրա հիմնադրումից ի վեր աշխատում են: Փոխարենը, ես վստահ եմ, որ «Առավոտում» կլինեմ մինչեւ վերջ: Իմ վերջը՝ իհարկե: Քանզի համոզված եմ, որ «Առավոտը» կլինի միշտ:

Naira-Mam-3

Նաիրա Մամիկոնյան- «Առավոտում» իմ «դեբյուտը» 2000-ի մայիսի 2-ին եղավ՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի եւ նրա կաբինետի մի քանի նախարարների մոտալուտ պաշտոնանկության բոթով: Շատ զվարճալի չէր, բայց փոխարենը՝ ինտրիգներով հագեցած իրադարձություն էր, որի պակասը անցած 4 տարիներին լրագրողներս չենք ունեցել: Երկար ժամանակ փորփրում էի հիշողությունս, որ «Առավոտում» պատահած՝ իսկապես զվարճալի դեպք հիշեմ, եւ հիշեցի միանգամից մի քանիսը: Անցած տարի իմ մի հոդվածից հետո, որը վերաբերում էր Եռաբլուրում ԱՍԱԼԱ-ի մարտիկների հուշարձանին, «Հայ արիների միությունը» մի երկար-բարակ նամակ-հայհոյանք էր բերել խմբագրություն, որից առաջին անգամ ինձ համար պարզ դարձավ, որ ես ու խմբագիրս՝ Արամ Աբրահամյանը, ոչ միայն ապազգային տարրեր ենք, այլեւ աշխատում ենք թուրքական «Սաբահ» թերթում: Իսկ Արմեն Ավետիսյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից պարզապես թախանձագին պահանջում էր ավելի լավ փորփրել մեր թերթի ծագումնաբանությունը, որից կարող էր պարզվել, որ մեզ ֆինանսավորում են հենց թուրքերը: Ցավոք, մինչեւ այսօր ԱԱԾ-ն այդ խնդրով չի զբաղվել, թեեւ ամեն օր արթնանում եմ անհանգիստ սպասումով՝ բա որ այսօր ինձ ու խմբագրիս կանչեն ԱԱԾ: Ես էլ եմ նրանց թախանձագին խնդրում՝ կանչեք մեզ, պարզեք, մենք էլ հանգիստ քնենք: Էլի մի զվարճալի պատմություն, որը խմբագրության իմ գործընկերներին լիաթոք ծիծաղ էր պատճառել, եւ որը շատ հաճախ ենք հիշում: Ես լուսաբանում էի ՔՊԻՎ նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունը: Այնքան էի տարված դրանով ու դրա ազդեցության տակ էի, որ մի օր խմբագրությունում աղջիկների հետ հերթական երգեցողության ժամանակ ֆիդայական հայտնի երգի բառերի՝ «Առաքել, Մուշեղ…»-ի փոխարեն ինձնից գոհ ու բարձր տոնով սկսեցի երգել՝ «Սաղաթել, Մուշեղ…»: Իսկ ընդամենը վերջերս մի շա՜տ զվարճալի բան պատահեց (գործընկերներիցս մի քանիսն ականատես են եղել, թույլ չեն տա խաբել): Հոդված գրելու արանքում մտել էի «չատ»: Եվ ո՛վ քեզ հրաշք. հայտնվեց Ռոբերտ Քոչարյան ծածկանունով մեկը ու հենց սկզբից դժգոհեց, թե ինչու իրեն հատուկ չեն բարեւում: Դե, «չատի» ջահելությունն էլ ընդվզեց. «Ինչի՞, դու ո՞վ ես», «մենք քո հետ չունենք»: Հավանաբար՝ ռուսաստանցի մի հայ էլ նետեց, թե՝ «դու «սամազվանեց» ես, ու ասում են՝ Հայաստանում լեգիտիմության պրոբլեմներ ունես»: Մի խոսքով, «չատն» այդ օրը բոյկոտեց ինքնահռչակ Ռոբերտ Քոչարյանին՝ «Ռոբերտ, հեռացիր» «մեսիջներով»: Ի տարբերություն մեր իրականությանը՝ «չատում» Ռոբերտ Քոչարյանը տեղի տվեց ու հեռացավ:
«Առավոտ» օրաթերթ
26.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031