Քաղաքացիական ակտիվիստ Գոռ Առաքելյանն այսօր է իմացել, որ Վարչական դատարանը մերժել է իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության հայցը:
«Արդարությունն ի վերջո իրենն արեց»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ակտիվիստը:
Հիշեցնենք, որ երեկ վարչական դատարանը միանգամից չորս որոշում կայացրեց` ընդդեմ ոստիկանության, հօգուտ քաղաքացիական ակտիվիստների:
Մեր հարցին, վերջին շրջանում ոստիկանության պարտությունները դաս կլինե՞ն, որ ակտիվիստներին անպատեհ բերման չենթարկեն ու վարչական տույժերի ենթարկեն, Գոռ Առաքելյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դաս լինի, բայց որ հաշվի կառնեն, դա հաստատ»:
Կարդացեք նաև
Մեր հարցին հնարավո՞ր է ազատ տեղաշարժման, խոսքի ազատության եւ այլ իրավունքների խախտման համար դուք հայց ներկայացնեք ընդդեմ ոստիկանության, ասաց՝ մինչեւ չծանոթանա դաատավճռի տեքստին ու չխորհրդակցի փաստաբանի հետ, չի կարող ասել:
Հետո էլ հավելեց, որ հօգուտ ակտիվիստների դատական վճիռներն ամենեւին էլ չեն խոսում իդեալական արդարադատության մասին. «Դատարանը, միեւնույն է, իդեալական վիճակում չէ, որովհետեւ նույն դեպքով նույն ակցիայի շրջանակներում իրար կողքի կանգնած ու միեւնույն գործողություններ կատարած ակտիվիստների վերաբերյալ տարբեր վճիռներ են կայացվել, ինչը անտրամաբանական է: Այսինքն, հօգուտ մեզ դատավճիռները դեռ չեն նշանակում՝ վերջ անօրինությանը: Դեռ շատ բացթողումներ կան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ