«Զանգակ» հրատարակչությունը 500 օրինակ տպաքանակով հրատարակել է գրող, դերասանուհի Նաիրա Եդիգարյանի «Իմ տատիկ Թամթիմարիան» մանկական արկածային գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ Երևանի «Օքսֆորդ. Գրափունջ» գրախանութում:
Հեղինակը շնորհանդեսին ներկա երեխաներին իրենց իսկ մասնակցությամբ փոքրիկ բեմադրության միջոցով ներկայացրեց գիրքը:
«Փոքրիկ տղայի երևակայությունը երկնքից մի աստղ է պոկում: Աստղը դարձնում է կանաչ կղզի, իսկ կղզու բնակչուհին նրա տատիկն է՝ քաղաքի փոշուց ձանձրացած Թամթիմարիա տատիկը՝ իր անչափ բարի բնավորությամբ ու կարկանդակների գաղտնի բաղադրատոմսով:
Չաղլիկ չար Կորյունը և մյուսները չեն պատկերացնում, թե որքան մեծ է իրենց դասընկերոջ երևակայությունը: Նրանք կպատժվեն երևակայական պոետների աշխարհում, բայց տատիկ Թամթիմարիայի կղզում կհաղթի ընկերությունը».- սա է ստեղծագործության ընդհանուր բովանդակությունը:
Ն. Եդիգարյանը վստահեցնում է, որ երեխաները չեն ձանձրանա այնպիսի հետաքրքիր կերպարների հետ, ինչպիսիք են, օրինակ, անվերջ փոխակերպվող կենդանի Շոկոլակը, Պռաուպռաու առյուծը, օձ Ֆշֆշիկը:
Կարդացեք նաև
«Ինձ համար կարևոր է, որ պատմությունն համեմվի նաև ուրախ, զվարճալի նոտաներով և, իհարկե, ուսուցողական լինի, որովհետև գիրքը, հատկապես մանկական գիրքը, չի կարող հենց այնպես լինել, պիտի անպայման ինչ-որ ասելիք ունենա, ինչ-որ բան ուսուցանի»,- ասում է Ն. Եդիգարյանը:
Հեղինակը գիրքը նվիրել է իր տատիկին. «Բոլորս էլ գիտենք, թե տատիկները որքան մեծ ու կարևոր դեր ունեն թոռնիկների կյանքում,- ասում է Ն. Եդիգարյանը,- ես փորձել եմ տատիկիս բարությունը դնել այս գրքում ու փոխանցել իմ փոքրիկ ընթերցողներին»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ