Նեւրոզը հիմնականում սկիզբ է առնում մանկության տարիներին
«Տրավմատիկ նեւրոզների թիվը շատացել է»,- այսօր՝ հուլիսի 26-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Այգ» հոգեբանական կենտրոնի գլխավոր մասնագետ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի տարիքային եւ մանկական ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանը:
Նա նշեց, որ նեւրոզը հիմնականում սկիզբ է առնում մանկության տարիներին. մանկության շրջանում սկիզբ առած նեւրոտիկ դրսեւորումը 18-25 տարեկանում կարող է սուր արտահայտումներ ունենալ. «Կարեւոր է վաղ շրջանում կանխարգելել, քան հետագայում այն բուժել»:
Նեւրոզի առաջացման պատճառները, ըստ պարոն Պողոսյանի, կարող են լինել տարաբնույթ վախերը, ընտանեկան կոնֆլիկտային հարաբերությունները.
Կարդացեք նաև
«Նեւրոզը ինչ-որ չափով երեխային կախվածության մեջ է դնում ծնողից, գոյություն ունեն ուսումնական բնույթի նեւրոզներ, դա կոչվում է գերազանցիկի ախտանիշ՝ «ես, անպայման, պետք է գերազանցիկ լինեմ՝ մամայիս համար»: Այսինքն՝ երբ երեխան կամա, թե ակամա իր ուսերի վրա մի մեծ ծանրություն է սկսում կրել, դա ծնողական բեռն է, երբ նա իդեալականացնում է իր ծնողներին եւ դրանից այն կողմ չկարողանալով գնալ՝ ինքն իրեն անտեսում է»:
Ռուբեն Պողոսյանը նշեց, որ կա նաեւ տնային տնտեսուհու ախտանիշ, երբ մարդ անընդհատ մաքրության է գնում, եւ տվյալ անձին թվում է, որ ինքը թե՛ բարոյապես, թե՛ հոգեպես մաքուր է եւ չի ուզում կեղտոտվել: Կա նաեւ ծնողների նեւրոզ, երբ ծնողները, չսիրելով իրենց երեխաներին, ամեն ինչ անում են երեխայի համար, որպեսզի ծածկեն իրենց ատելությունը.
«Երբ ծնողը երեխայի հանդեպ անտարբեր է լինում ներքուստ, դա խորը մեղքի զգացում է առաջացնում. ակամայից նա սկսում է ավելի մեծ խնամք գործադրել: Դրանք գալիս են տվյալ անձի որոշակի կյանքի պատմությունից, ինչե՞ր կարող են թաքնված լինել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ