Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Արեւը մայր չի մտել

Հուլիս 26,2014 12:02

Նոր տեղը հարմար էր. քամի չէր առնում, հեղեղումների վտանգ չկար, վերևից քար գլորել չէր լինի: Դեմը կորնգանի հուռթի դաշտն էր, թիկունքում՝ անասունի բերան չդիպած բլրալանջը: Խոլորձը, ուրցն ու երնջակը ելել, ծածկել էին հատուկենտ սալերը, փաթաթվել հեռագրասյանը, բոլորել փեթակները, տնակի անիվները: Գիշերն անձրև էր եկել, և տրորած խոտը վերստին ուղղվել, ջնջել էր մեքենաների, մարդկանց անցուդարձի հետքերը: Անտաշ քարերից բավական կոպիտ շնաբունն ու կիսագետնափոր հավանոցը, տնակի՝ հյուսիս նայող պատի տակ կիտած ալյումինե ջրամանները, դատարկ վերնահարկերը լրացնում էին տեսարանը:

Մեղվաընտանիքների թիվը կլիներ, երևի, հիսուն: Թիթեղապատ կոկիկ կտուրները, վառ կարմիր ներկը բարգավաճող տնտեսության ապացույց էին, նաև՝ մեղվաբույծի գիտակ լինելու: Մի քանի մետր այն կողմ ևս մի փեթակ կար՝ ներկաթափ, մյուսներին մեջք արած, մի տեսակ՝ խռով: Արկանոցը, ի տարբերություն մնացածների, արևելք էր նայում, ասես դաշտամիջյան երթևեկին հետևելիս լիներ, ինչ-որ մեկի սպասելիս:
Առաջինը չաղլիկ տանտիրուհին արթնացավ: Ցողաթաթախ խոտերի մեջ գայթելով՝ հասավ հավանոցին, ցածրիկ, հապճեպ կառուցած պատի տակ մի կերպ թաքցրեց մարմինն ու, շան հայացքից նեղված՝ չափերին համապատասխան հուժկու շիթով աղաջրեց խոտերը: Հենց պպզած դիրքում էլ քարերի արանքից հաշվեց հավերին /հո աղվեսը չի՞ տարել/ և բոլորին տեղում գտնելուց հետո, մեծահոգաբար ներելով շանը՝ ետ դարձավ:

Մինչ այդ արթնացավ նաև ամուսինը: Դուռը կիսաբաց արեց և մի ոտքը աստիճանահարթակին, մյուսը ներսում՝ երկար նայեց երկնքին: Հարավում՝ Արտին լեռան կատարին ամպերի կուտակում չհայտնաբերելով՝ գոհ հայացքը սահեցրեց մեղվանոցի վրայով: Մեկուսի փեթակին ուշադրություն գրեթե չարժանացրեց, եթե նայեց էլ՝ քամահրանքով, խաչաձև, հավասար հեռավորությամբ շարած սեփական տնտեսության հետ համեմատելու համար՝ այն հաստատ համոզմամբ, որ առդրումից շահողը միմիայն կարմիր ճանճնոցը կլինի: Լեռան թիկունքից ելնող արևը, արտույտների բազմաձայն համերգը, լեռնային սուր օդն ու կորնգանի վարդագույն դաշտը, արթնացող մեղվանոցն ու շաղոտ ոտքերով կինը մոռացնել տվին գիշերվա հոգնությունը, խայթոցները, և սիրտը լցվեց բերկրանքով, շուրթերն ինքնաբերաբար ետ գնացին՝ օրհնելու մայր երկիրը, մայր բնությունը:
Մեղվի տարի էր, բերք ու բարիքի: Մեղրի ամիս էր՝ հայոց հրոտիցը:
Գիշերը գրեթե չքնեցին. մայր մեղվի հրահանգն էր: Չասեր էլ, միևնույն է, մահիճ մտնող չէր լինի. գործն այնքա՜ն շատ էր: Նախ՝ արկանոցի փակվելուց հետո օդը դարձավ խեղդուկ, հետո՝ այդ տարուբերումները ինքնաշարժում: Մայրը հուզված՝ սկսեց մի շրջանակից մյուսն անցնել. գլխի էր, որ տեղափոխել են և անհանգստանում էր տուն չեկած զավակների համար: Ու՞ր մնացին՝ ջրի ճամփի՞ն, նեկտարի՞, թե՞ ծաղկափոշին էր ծանր: Ու քանի՞սն են՝ հարյու՞ր, երկու՞ հարյուր… Ամենասրտոտները, ամենա…

Սակայն կորուստը ողբալու ժամանակ չէր. առանց այդ էլ մի քանիսը Մեծ մոր խռովքը նկատած լինելով՝ բանուգործ թողած պտտվում էին շուրջը: Գլուխները կորցնելու դեպքում բոլորին ձագ ու ձվով խեղդամահություն էր սպասվում, և մայրը գտավ իրեն, հավաքվեց: Կարգադրությունը՝ մոմաբջիջներից կախվելու մասին, օգտակար դուրս եկավ. Ցնցումների ժամանակ չէին թափվում հատակին, ճխլում իրար: Մեղվաընտանիքն այդպես էլ, թերևս, զոհ չտար, եթե վերջին պահին մեքենայի դողի տակ քար չընկներ: Գրեթե հասել էին, վարորդը դանդաղեցրել էր ընթացքը: Նույնիսկ փակ արկղում զգալի էր լեռնային օդի պաղ շունչը: Ընդոստ շարժումից մեղվահացերը զարկվեցին միմյանց, տարուբերվեցին: Փեշերին հանգրվանած մեղուների մի մասը հարվածից ճզմվեց՝ այդպես էլ կպած մնալով մոմին: Տձև բջիջներից տաք մեղրը ծորաց, լցվեց դիակնացող թևավորների վրա: Մայրն աճապարեց աղետի վայրը, սակայն առավել համարձակները փակեցին ճամփան. Ճակատագրական պահին ընտանիքի, երկրի գլխավորն իրավունք չունի կյանքը վտանգելու – թևիկների տենդագին թափահարումով կարծես հասկացնելիս լինեին:

Բեռնաթափելուց հետո մարդիկ արկանոցը կիսաբաց արեցին, և շնչելը հեշտացավ: Իսկ երբ ծանոթ ձեռքերը բարձրացնելով կտուրը՝ ուղղեցին բաժանարար մոմլաթը, ուրախությունից մի պահ մոռացան դժբախտության մեջ գտնվող եղբայրներին, քույրերին: Մոր կողմից չկծելու կարգադրություն եղավ, որը, սակայն, պառաված, չարությունից սևակնած մեղուների վրա չազդեց: Նրանց համար մեկ էր՝ այսօ՞ր կմեռնեն, թե վաղը: Խայթելու դեպքում գոնե աշխարհի, մարդու հանդեպ կուտակած մաղձից, թույնից կազատվեին: Չլինեին նրանք, բարեգութ ձեռքերը գուցեև ամբողջությամբ կարգի բերեին մեղվաբույնը, բայց երբ խայթոցները հաճախացան, մի կերպ իրարից հեռացրեց գլխի կողմում մոտեցած շրջանակները և, վրա բերելով ծածկոցը, գնաց դեպի մեքենան: Ապա՝ մեկ անգամ ևս աղմկեցին շարժիչները, լուսարձակները մի քանի վայրկյանի չափ դարձյալ կուրացրին մարդկանց, շոգից, նյարդերը հանգստացնելու համար անցքից գլխիկները հանած մեղուներին, ինչից հետո լռություն իջավ, և յուրաքանչյուր ընտանիք անցավ իր գործին:
Հրահանգ ստացան բոլորը: Ուժեղ, մկանուտ մեղուներին հանձնարարվեց դուրս տանել զոհվածների դիերը, մի մասն անմիջապես ջոկել սկսեց թափված ծաղկափոշին, մեղրը, մշակել մոմը, վերևից ներքև պնդել շրջանակները, վերակառուցել ավեր բջիջները, բոռերն ու նորելուկ ձագերն շտապեցին կերակրել որդերին, տաքացնել ձվերը: Լուսաբացին բույնը մաքուր էր, կողմնակի ծակուծուկերը՝ զմռսած, իսկ մեղվաընտանիքին դրսի հետ կապող անցքը հսկում էին պահապան զինվորները:
Երբ արեգակի շողերն առան փեթակին, առաջինը գլխիկներն անցքից հանեցին հետախույզները: Անձրևը թրջել էր առմուտքի փայտը, և սառնություն կար օդում, բայց դրանք ամենահամարձակ, ամենակոփված, միաժամանակ ամենաանհամբեր մեղուներն էին: Մկանունքը բացելու նպատակով ոմանք մի քանի անգամ հարթակի երկայնքով ետուառաջ քայլեցին, մյուսները բացուխուփ արին թևիկները, ցողեցին կնճիթները, թավամազ տոտիկները, այնուհետ բոլորը մեկը մյուսին օրինակելով՝ օդ բարձրացան:

Մեղվաշխարհում անխախտ օրենք գոյություն ունի՝ բույնը չկորցնելու, տեղանքը որոշելու համար յուրաքանչյուր թռիչքի նախորդում է պտույտ փեթակի, մեղվանոցի շուրջը, որից հետո, փոփոխություն չնկատելու դեպքում, բնազդի ուժով նրանք ուղղվում են ծանոթ դաշտի, լեռան, աղբյուրի կողմը, որտեղ դեռ երեկ նեկտարն առատ էր, ծաղկափոշի, ջուր կար: Հակառակ պարագայում ամեն մեկը թևում է մի ուղղությամբ, և ով շուտ է հայտնաբերում նեկտարաշատ վայրը, աճապարում է տուն՝ մյուսներին ևս տեղյակ պահելու գտածոյի մասին: Եթե ծաղկառատ հանդերը մի քանիսն են, կուտակումից խուսափելու համար ուժերի բաշխում է կատարվում: Մեղուները հաճախ հարկադրված են տասը-տասնհինգ կիլոմետր հեռանալ փեթակից: Ճիշտ է, գնալ-գալն այդ դեպքում խիստ դժվարանում է, յոթ-ութի փոխարեն հազիվ երկու-երեք կուց նեկտար է հնարավոր լինում բերել, բայց ուրիշ ի՞նչ անեն, երբ շուրջը խոտ ու ծաղիկ, նեկտարատու բույսեր չկան, համ էլ քիչն ավելի լաց է ոչնչից. դեմն աշուն, ձմեռ կա:

Այս անգամ, սակայն, հեռու թռչելու հարկ չկար: Դաշտը քթի տակ էր, և շուտով առաջին մեղուն դառնալով՝ սկսեց տենդագին թափահարել թևերը, պտտվել կանգնած տեղում: Ազդանշանի վրա շուրջանակի մոտեցան մյուսները: Տեսարանը տևեց, երևի, մեկուկես-երկու րոպե, որից հետո լրաբերը բերանում եղածը դատարկելով բջիջներից մեկի մեջ՝ փութաց դուրս՝ ետքից մյուսները: Քիչ անց տուն դարձան մյուս հետախույզները: Օրը բարի էր, բերքը՝ արտակարգ առատ, ծաղկափոշով, նեկտարով անդաստանները՝ բոլորեքյան: Կարճ խորհրդակցությունից հետո որոշվեց հիմնական աշխատուժը, որում անփորձ, մատղաշ ձագերը շատ էին, ճամփել կորնգանի դաշտը, մնացյալին մերձակա լանջը. այնտեղ անհաշիվ ուրց, երեքնուկ, հալևորիկ, առյուծագի, տերեփուկ կար: Հազարի չափ առավել փորձառու մեղվի համար աշխատանքային ճակատ ընտրվեց Ժայռոտ ձորը, որը փեթակնոցից հեռու էր, բայց խորհուրդը գիտեր՝ ինչ է անում. խռնդատի, գազի, եղերդուկի, կաղշնակի ու իշկաթնուկի նեկտարը կծվություն, յուրահատուկ բուրմունք, գույն կտար մեղրին:

Նույնը կատարվում էր մյուս ընտանիքներում: Տասնի կողմերը մեղվանոցը բզզում-դզզում էր, մեկն իջնում, մյուսը ելնում: Զարմանալ միայն կարելի էր, թե օդը հազար տեղից թրատող թևավորներն ինչպես չէին զարկվում մեկմեկու, ինչպես էին առանց այլևայլության անշփոթ իջնում արկանոցի հարթակին: Գրեթե բոլորի ոտքերին հաստաշերտ ծաղկափոշի կար: Նեկտարի հերթը հետո էր գալու՝ կեսօրին, երբ ցնդեր ծաղկաբաժակներում առկա անձրևաջուրը:

Եթե ձեզ ևս առիթ լինի դիտել մեղվանոցի աշխատանքը և նկատեք առանց ծաղկափոշու տուն դարձող մեղուների, չսխալվեք: Ոչ, մեղվաշխարհում ծույլեր համարյա չկան: Համոզվելու համար փորձեք գլխի կողմից թեթևակի հուպ տալով բացել թևավորի բերանը: Միայն զգույշ, չհաշմեք Աստծո արարածին: Խորհուրդ է տրվում վերջին պահին ազատ ձեռնափը պահել ներքևում, այլապես չեք տեսնի թափվող նեկտարը, որն հետո տանը մնացած ձագերի բերանում պիտի մշակվի, դառնա մեղր, դրվի ձեր սեղանին:

Երբ արևը հասավ զենիթին, մեղվատերը բացեց առաջին փեթակի բերանը: Պաշտպանվելու, գլխին քող առնելու հարկ չկար. ամենակարող լույսը բարությամբ էր լցրել բոլորի սրտերը, բացի դա՝ դաշտ էին գնացել անգամ պահապան մեղուները: Առանց կշեռքին նայելու էլ պարզից պարզ էր, որ բերքն առատ է, որովհետև երբ մարդը թեթևակի ցնցումով հանեց անդրանիկ շրջանակը, ջրալի նեկտարը մասամբ շաղ եկավ հատակին: Նոր գործած հարդագույն մոմաբջիջները նմանապես դա էին վկայում:
Շրջանակները վերադասավորելուց, մայր մեղվին գտնելուց հետո նա անցավ հաջորդ փեթակին: Փորձառու մեղվապահ էր ու ավելորդ ժամանակ չէր կորցնում. Գիտեր, թե օրվա այդ ժամին ընտանիքի գլխավորը փեթակի որ հատվածում է լինում և քթքթացող հազարավոր մեղուների, բոռերի մեջ շատ հեշտ էր գտնում նրան: Լավ անասնապահի նման ճանաչում էր բոլորին, մտապահում տարիքը, որ փեթակում քանի շրջանակ որդ կա, մայրը երբ է ձվադրել, որը վերնահարկի, լրացուցիչ կերակրման, նոր մոմաթերթի, մայրափոխության կարիք ունի: Ուշադրությունը միայն մեկ անգամ շեղվեց, երբ ներբանի տակ ընկած սունկից ոտքը սահեց, քիչ մնաց մեղրահացը ձեռքից գցի: Նա ձայն տվեց կնոջը և, փեթակի շուրջ եղած երեք-չորս առողջ սունկերը փեշը լցնելով, պատվիրեց նորերը փնտրել տնակի ետնամասում: Քիչ անց տիկնոջ գիրուկ մեջքը գրկած խալաթի գույները խառնվեցին լանջի ծաղիկներին:

Առանց կարմիր տասնոց ծախսելու սպիտակագլուխ շամպինյոնից յուղալի սնկապուր ուտելու միտքն առավել ոգևորեց նրան և, արևմտոց չեղած, նայված էին բոլոր հիսուն փեթակները, ծրագրված՝ հաջորդ օրվա անելիքը: Նույնիսկ հասցրեց երկու տասնյակ շրջանակ լարել, ապա և՝ մոմել: Իսկ երբ վերջին մեղուն ետ եկավ, մարդը քայլերն ուղղեց կշեռքին դրած փորձափեթակի կողմը: Մեղվաբույնը ծանրացել էր, ընդ որում նախորդ օրվա համեմատ՝ կլոր երկու կիլո: Աչքերին չհավատալով՝ մի քանի անգամ ետուառաջ շարժեց նժարաքարը: Ամեն բան ճիշտ էր, թվաբանական պարզագույն գործողությունում սխալվելը՝ անհնար: Մեղվապահը հիշեց, որ օրը գրեթե կռացած է անցկացրել, աշխատանքի մեջ, արևի տակ, ուստի ճմլկոտեց: Հարյուր կիլոգրամ միայն առաջին օրը: Իսկ երբ մեղուն հունի մեջ ընկնի, ընտելանա տեղանքին…

Հրաշալի, չքնաղ, անպատմելի գեղեցիկ էին թե մայրամուտը, թե մտքերը, որ պարուրել էին ուղեղը ու թե նավթավառին քլթքլթացող սնկապուրը, բուրմունքը որի խուտուտ էր տալիս ռունգները՝ պարտադրելով շուտ-շուտ թուքը կուլ տալ:
Օր օրի փորձափեթակը ծանրանում էր և միայն շաբաթ օրը երեկոյան կանգնեց նախորդ նիշի՝ երեք ու հինգ հարյուրի վրա: Դա բերքի առավելագույն սահմանն էր: Մեկը մյուսի հետևից կարմիր վերնահարկեր հայտնվեցին, և մարդը հազիվ էր հասցնում բոլորին դատարկ չեչով, նոր մոմաթերթերով ապահովել: Ցերեկը դրածը մեղուները գիշերը հյուսում էին, հաջորդ օրը պռնկեպռունկ լցնում մեղրով՝ չհասցնելով նույնիսկ գոցել բջիջների բերանները: Եվս նման տասն օր, և կարելի էր մեղրաքամը լվանալ, սրել սարեկահան դանակները:
Դրությունն այլ էր միայնակ փեթակում: Երրորդ օրն արդեն նեղվածք էր, այն աստիճան, որ մեղուների մի մասը գերադասում էր գիշերել դրսում՝ արկանոցի առաջ: Շոգը դեռ ոչինչ. Շրջանակներին գրեթե դատարկ բջիջ չէր մնացել: Աշխատելու, ռիթմից չընկնելու համար մոմաթերթեր էին պետք, կրկնահարկի կարիք կար, այլապես ձագատենդն անխուսափելի էր:
Մայրը ժամանակ շահելու նպատակով հանձնարարեց շրջանակից հատակ ընկած տարածքը լցնել մոմաբջիջներով: Նույնպիսի կարգադրություն եղավ կողամասի ազատ հատվածների համար: Ձեռնարկած քայլերն արդյունք տվին, և մեկ-երկու օրով կանխվեց ձագատենդը: Այդուհանդերձ մեղուների մի խումբ թարմ ձու պարունակող բջիջներից մի քանիսի պատերը դարձրեց կրկնակի, ծեփեց հատուկ նյութով՝ երկարացնելով ևս երկու-երեք սանտիմետր: Նրանք ակնհայտորեն պատրաստվում էին երկրորդ մայր ստանալ:

Փրկությունը եկավ անսպասելի: Կարմիր մեղվանոցի տերը, ով մինչ այդ մոտ չէր գալիս փեթակին, ցերեկվա մի ժամի ետ տանելով մոմլաթը՝ մեղվահացերից երկուսը՝ ամեն մեկը, երևի, երեք-չորս կիլոգրամ, թափ տալուց, վրայի հատուկենտ մեղուները խոտի փնջով մաքրելուց հետո տարավ: Փոխարենը երկու դատարկ շրջանակ տեղավորեց բացվածքում ու հապճեպ, գողունի վրա բերրեց կտուրը: Սև չեչից նավթալինի, բորբոսի հոտ էր գալիս, բայց մաքրել-ախտահարելուց հետո կարելի էր մի կերպ գործածել՝ լցնելով մեղրով, ծաղկափոշով, սակայն ձու դնել՝ երբեք, որովհետև բջիջներում թրթուրները կնեխեին:

Ձվադրումը մայրն առժամանակ պակասեցնել, իհարկե, կարող էր, բայց դադարեցնել՝ ոչ մի պարագայում. Բանն այն է, բերքի շրջանում աշխատավոր մեղվի կյանքը երկար չէ՝ ընդամենը երկու ամիս: Բնականաբար ձմեռվա պաշար կուտակելուն զուգընթաց պետք է հոգ տարվի նաև սերնդի, փեթակը չհագցնելու մասին:

Մայր մեղուն գիշերն անքուն չէր անցկացնի, մի շրջանակից մյուսը չէր փոխադրվի, եթե իմանար, որ տերը մոտերքում է՝ տնակում, մի քանի թևաբախյուն այն կողմ: Նա ժամանեց արևմտոցին՝ ոտքով, ուսապարկը թիկունքն ի կախ, շրթունքների արանքում՝ երեքնուկի թերթիկ: Ջահել էր՝ երեսուն տարեկան: Մարզակոշիկները, տաբատի փողքերը կանաչել էին, ներծծվել խոտի, ծաղիկների բույրով: Չնայած բեռի ծանրությանը, քայլում էր թեթև՝ ընթացքի հետ ըմբոշխնելով լեռնագոգի վայրի գեղեցկությունը, ներսում խլիրտ տվող ազատության պատրանքը: Երեքնուկի թերթը, աչքերի երանավետ արտահայտությունը կյանքից, բախտից գոհ լինելու վկայություն էին, նաև՝ զգայուն նկարագրի:

Շան հաչոցը տնակում գտնվողներին հանեց առմուտք: Տղամարդու դեմքին երկյուղի, դժգոհության պես բան գծագրվեց, կնոջ աչքերում, ընդհակառակ, ուրախություն, ու երբ ողջունելուց հետո եկվորն իջեցրեց բեռը, նա ձեռքսեղմումից հանկարծորեն, իր համար իսկ անսպասելի նվաղած՝ շտապեց ընթրիքի պատրաստություն տեսնել: Կործած արկղին հայտնվեցին տապակած սունկ, նոր թրջած լավաշ, խաշած ձու, փնջով դաղձ, բազմանիստ ապակյա բաժակներում՝ բուրավետ ուրցաթեյ: Ուսապարկից հանած օղու երկու շիշը, մի մեծ կտոր պանիրն ու ապխտած երշիկը բացեցին մեղվապահի դեմքը: Չանցած կես ժամ, մոռացել էր ցերեկվա արարքն ու ախորժակով պանրի հետ դաղձ էր բրդուճ անում՝ բաժակ բաժակի ետքից դատարկելով:

Մինչ այդ խավարը թանձրացավ, ծղրիդները երգել սկսեցին, և հյուրը հոգնածությունը պատճառ բռնելով՝ դուրս եկավ թարմ օդ շնչելու: Նրա որտեղ քնելու մասին դեռ խոսք չէր եղել, թեև թե մեղվապահի, թե կնոջ գլխում շարունակ նույն հարցն էր: Երկարուկ անվավոր տնակում ընդամենը երկու մահճակալ կար, և մեղվապահին հավանաբար հաճելի չէր հյուրի ներկայությամբ /թեկուզև հեռավոր բարեկամի/ կնոջ հետ նույն մահճակալին գիշերելը: Վերմակի բացվել կար, խավարում ծնվող հազար ու մի անքնին ցանկություն, ի՞նչ իմանաս: Համ էլ տանտիրուհու կակուղ մարմինը հազիվ էր տեղավորվում նեղլիկ մահճակալին:

Մեկ անգամ ևս օգնության հասավ ուղեբեռը, որում, պարզվեց, քնապարկ կա: Երբ հարմար տեղ ընտրելուց հետո հյուրն այն բացեց, մեղվապահի ճակատի կնճիռները հիմնովին ետ գանցին: Նա երկար, անձանձիր պատմում էր մեղուների, բերքի, եղանակի, հարավային քամու վտանգավորության, փեթակնոցին առնչվող էլի հազար ու մի հարցի մասին՝ թույլ չտալով երիտասարդին տրվել խոկանքին, առանձնանալ աշխարհից, լսել աստղացան երկնքի լռությունը, զգալ երկիր մոլորակի մերձությունը, խոտերի, ծաղիկների մեղմիվ շրշյունը, դաշտամկան ատամների կրճտոցը՝ հողի տակ, ճանճնոցի թույլ բվվոցը, ծղրիդների բազմաձայն համերգը, այլ անմեկնելի շշուկներ: Թե չլիներ ամուսնուն ներս հրավիրող կնոջ նյարդային չոր ձայնը, երևի թե վերջինս մինչև լույս խոսեր: Ջղերի վրա առանձնակի ազդողը հողեղեն, միակողմանի, թռիչքներից, անսպասելի շրջադարձերից զուրկ, նեղմիտ փիլիսոփայությունն էր՝ կյանքի, մարդու կոչման մասին ընդհանրապես:
Նրա հեռանալուց հետո երիտասարդը սարդոստայնից դեմքն ազատելու պահանջ զգալով՝ գործի դրեց քանիցս փորձած միջոցը, որ յոգերինն էր. հայացքը հառելով երկնքին՝ սկսեց անքթիթ նայել: Շուտով անկշռելիության զգցողություն ունեցավ, թվաց, կտրվելով հողից ելնում է վեր՝ դեպի անծիր երկինքը, հատուկենտ բամբակ ամպերը, բոլորակն լուսինն ու աստղերը…

Նա մեկնեց հաջորդ օրը՝ ետճաշին: Մինչ այդ հասցրեց վերնահարկ դնել բարեկամին ի պահ տված միակ փեթակին: Դատարկ չեչերի կենտրոնում մեղվով, մեղրով երկու շրջանակ տեղավորեց, որպեսզի ընտանիքը շուտ ընտելանա նոր կահավորանքին, չխորշի վերև բարձրանալ, ապա և մաքրեց հատակի, պատերի մոմաբլթակները, իսկ երկպառակությունը, ձագատենդը կանխելու նպատակով դանակով անվարան կտրատեց մայրապտուկները: Աղտակուր, կտրատելու, հալելու ենթակա մոմահացերի առկայությունը բնի կենտրոնում նրան տարօրինակության չափ զարմացրեց, բայց երբ տարակուսած նայելիս աչքն ընկավ արևի տակ մոմաթերթ գլանակող մեղվապահին, հասկացավ ինչն ինչոց է: Դաստիարակությունը թույլ չտվեց նենգաբարո արարքը բարեկամի երեսով տալ ու, տրամադրությունը փշրված, ուսն առավ պարկը՝ չսպասելով լոբաճաշի եփվելուն: Ամուսինները դեմ ընկան, փորձեցին գայթակղել խոտ տեղափոխող մեքենայի խցիկը նստած մայրուղի հասնելու հեռանկարով, սակայն անօգուտ:

-Երևի թողնեմ պահելը, թեև միտք ունեի շատացնել,-մեղուների թռիչքին խանգարող խոտերն զգույշ պոկոտելով՝ մտքինը պարզեց հյուրը:
Նա համառորեն ցած չէր բերում ուսապարկը, չնայած այն ակնհայտորեն կաշկանդում էր շարժումները:
-Էդ դեպքում օգոստոսի վերջերին՝ հենց բերքը պրծնի, կարելի է փեթակը հանգցնել: Իզուր պիտի մեղր ուտեն,-խորհուրդ տվեց մեղվապահը:
-Ինչպե՞ս, հանկարծակիի եկավ երիտասարդը:
-Շատ հասարակ. գիշերը երկու-երեք դույլ ջուր ես լցնում ու ՝ վերջ: Շահը ծախելուց շատ կլինի:
-Բայց դա սպանությանը հավասար հանցանք է,-խոտերում մոլորված մեղվի խայթի՞ց, թե բարեկամի սառնարյուն առաջարկից ցնցված՝ շտկվեց հյուրը:
-Աշնանը մեղու առնող չի լինի: Մինչև գարուն երեսուն-քառասուն կիլո մեղր կծախսեն: Այսինքն՝ կարելի է եղած-չեղածը քամել, փոխարենը շաքար տալ:
-Հազար հիվանդություն կա, շաքարով պահած մեղուն կապրի՞:
-Քո տունը շինվի: Մարդն ուտում, չի մեռնում, ճա՞նճը պիտի սատկի:
Հյուրի աչքի առաջ հիմա այլ փեթակնոց էր՝ ջրի երեսը բռնել էին մեղուները՝ բոռ, ձագ, որդ, ձու, մայր, աշխատավոր…
-Կենդանիներին միտումնավոր վնասելու, ոչնչացնելու համար օրենսգրքում կետ կա սահմանված,-մտովի տեսածից սահմռկած՝ ապագա աղետը կանխելու մտահոգությամբ փորձեց վախեցնել:
-Հա, բերանբացություն անող եթե լինի:
Այդպես բաժանվեցին:
Մայր մեղվին խոսակցության պատառիկներ էին հասնում: Ըմբռնել զրույցի իմաստը, իհարկե, չէր կարող, բայց աշխարհի բոլոր արարածների նման նա ևս չարն ու բարին, նուրբն ու կոպիտը, հաճելին ու տհաճը տարբերակել ունակ էր: Այդպես է. սերն ու ատելությունը սքողել հնարավոր չէ: Այն մարդ էակի արյան մեջ է և որևէ կերպ պետք է արևերես ելնի, արտահայտվի ձայնում, հայացքում, շարժումներում, եթե մինչևիսկ ջանան հազար վարագույրով գոցել, փականքի տակ առնել: Իսկ ինչ բնական է, բնությունից չհեռացած էակաները՝ բույս լինի, թե կենդանի, տեսնում են, հավատացեք: Հայացք կա թռչնի ձվարան է ցամաքեցնում, մարդ կա, ում տևական ներկայությունից չորանում են սենյակային բույսերը, ծաղկավիժում ծառերը, կծղում գարին, գառնատում ձագվորած ոչխարը: Դուք դա գիտեք: Եվ տեղյակ եք, որ հակառակը նույնպես լինում է. վաճառելուց հետո ուրիշ գոմ մտած ստերջ կովը, չանցած մի տարի, ծանրում է, բերք տալ է սկսում ամուլ այգին, ծաղկել կակտուսը, կթվել ցամքած այծը:
Վատ օրեր են գալու,-երբ տիրոջ ոտնաձայնն անլսելի դարձավ, որոշեց մայր մեղուն: Նրան համակած տագնապը, որը շուտով նկատեց ընտանիքը և մյուսներին նույնպես տիրեց, անհիմն չէր: Նախ՝ հնձիչ մեքենաները երկուշաբթի առավոտյան մտան կորնգանի արտը, ապա գերանդիավորներին բերող բեռնատարը կանգնեց բլրի ստորոտում՝ անմիջապես ճամփեզրին: Նախաճաշելուց, սայրերը ծեծելուց, հեսանելուց հետո նրանք ճամփի պռնկից էլ սկսեցին հունձը:
Լորերը ֆռռոցով օդ բարձրացան, հառաչեցին խոտ ու ծաղիկ, օձերը սողացին հեռու, քարերին ելան մողեսները, դաշտամուկը խորացավ բնում, նույնը՝ ծղրիդները, մրջյունները, մորեխն ու իշամեղուն, ուտիճն ու մժղուկը և էլի հազար ում անանուն միջատ, զեռուն, թևավոր, իսկ լանջն ի վեր ձգվող հնձվորները քրտինք կտրեցին, հազիվ նկատելի գոլորշի կանգնեց նրանց գլխավերևում: Շեղբի բերանն ընկնող էլ եղավ, իհարկե, ձագ ճզմվեց ներաբնի տակ ու ձու, կյանք է, կպատահի:
Աղմուկը շատացավ: Ճաշին հնձված էր բլրալանջի կեսից ավելին, կորնգանի դաշտն ամբողջ, և խոտի լասերը բլրագագաթից դիտելիս՝ ափ աճապարող ծովի սառած կոհակներ էին հիշեցնում, հերկած արտի ակոս:
Մեղվապահը մռայլվել էր, դեմքին ժպիտ չերևաց: էլ ավելի մթնեց, երբ մայրամուտին կշեռքին նայելով տեսավ, որ բերքը կտրուկ իջել է: Այդ օրն ահագին մեղու տուն չեկավ:
Հաջորդ առավոտ հնձվորներն անցան բլրի մյուս երեսը, «Բելոռուսները» փռթփռթոցով ուրիշ արտ գնացին, լեռնագոգը լցվեց փոցխ անող կանանց, խրձվոր պատանիների կարկաչուն ծիծաղով, զրնգուն ձայներով, բլրվեցին խոտի բարդոցները: Կենսուրախ կանայք մեղվապահին շփոթեցնող հարցեր տվին, մեղրի դիմաց ձորն իջնելու մասին ակնարկ եղավ ու դարձյալ զանազան կատակներ: Պատանիներին զարմանալի ճերմակ թվացին շանը, հավերին կեր տվող կնոջ զիստերը: Պատկերը դրոշմվեց նրանց ուղեղում, որպեսզի ամիսներ, տարիներ հետո հանկարծաբար այցի գա երազում՝ թանձր, խենեշ գույներով թաթախուն:
Ապա խոտհարք եկան բեռնատար մեքենաները: Շոգը վրա տվեց, թափքում դեզ սանող պատանին խղճի խայթ զգաց՝ տեսնելով խրձեր տվողի լայնացած բիբերը, ակնախոռոչներում լճացած քրտինքը, մաշված թևքերում պրկած նիհարավուն մկանունքը: Նա տեղերը փոխելու առաջարկ արեց, սակայն մերժում ստացավ, ու ավելի անհավանական, ճշմարտությունից հեռու թվաց տարեցի պատճառաբանությունը՝ կոկիկ դիզել չկարողանալու մասին և տմարդի՝ ծղոտը բերանում խցիկի թիկնակին ընկողմանած վարորդի անտարբերությունը: Կյանքում միշտ բեռնաձի եղած գործընկերոջ ազնվական արարքը փոխհատուցելու միտումով ջանաց որքան հնարավոր է զգուշորեն եղանից վերցնել վերև պարզած խուրձը, որպեսզի մղեղը չթափվի ցած, սոսնձվի ընկերոջ արևահար այտերին, լցվի գանգուրների մեջ, օձիքից ներս: Ճոպանները ձգելուց հետո նրանք ավտոյի ստվերում հաց կերան, ըստ որում՝ չաշխատողն ավելի շատ, ամենալավ պատառները: Հետո խոտհարքից գյուղի դեզերը ձգվող ճանապարհի ճնճպաշարը ծեծկվեց դողերի տակ, մարդկանց անցուդարձից, հողը փոշիացավ, գերանդու բերան չընկած հատուկենտ խոտերը, խոլորձները նախրի, մորեխի պես վրա տված ոչխարներին բաժին դարձան, ամենուր պայծառ գույները խամրեցին, և ամայության մեջ անհարիր թվաց կարմիր փեթակնոցի գոյությունը սալ քարերի հարևանությամբ:

Մեղվապահն ընթացքում տնակից հեռու վրան զարկեց՝ «Ժիգուլիով» ժամանած որդու հետ մեքենայից այնտեղ քարշ տալով շաքարավազի պարկեր, մեղրաքամ մեքենան, ալյումինե դատարկ ամաններ, չգործածած վերնահարկեր, ջուր: Ներսում, որպեսզի օտար աչք չտեսնի, նրանք շաքարավազը հավասարաչափ լցնելով ամանները՝ դրին արևի տակ: Ամեն բան արվեց տեղը տեղին, գիտության վերջին խոսքով: Չմոռացան նույնիսկ մի պտղունց բիոմիցին հավելել. մեղուների մասին էին հոգում՝ վախենալով փորհարինքից: Գործն արագացնելու համար տղային մնում էր ստեպ-ստեպ խառնել նստվածքը, մնացյալ ժամանակ օգնել հորը՝ կարգի բերելու կերամանները, որ ալյումինից էին՝ ուղղանկյունաձև, ամրացված շրջանակին, ամեն մեկի տարողությունը՝ մեկուկես կիլիո: Շաքարաջուրը լցնում էին վերևից՝ առանց կերամանը փեթակից հանելու: Պարզապես անհրաժեշտ էր մի կողմ տանելով մոմլաթի անկյունը՝ թեյնիկից օշարակն զգույշ ածել տարողությունը: Որպեսզի մեղուները չխեղդվեն, բարալիկ մի քանի ձող էին հարմարեցնում ներսում, որոնք հետո լող էին տալիս երեսին՝ հեծանի, փրկագոտու դեր կատարելով:
Մեղվապահները սովորաբար շաքարաջուրը տալիս են երեկոյան, երբ շուրջը խաղաղ է, թեև միևնույն է, թաքուն ու զգույշ կերակրելու դեպքում անգամ՝ մանավանդ բերք չեղած ժամանակ, մեղուները խառնվում են իրար՝ վրա տալով թույլ փեթակին, կոտորում մեկմեկու: Ահա թե ինչու հաջորդ օրը կարմիր ճանճնոցը բվվում էր, ինչպես առատ նեկտարի օրերին: Իսկ երբ երեկոյան մոտակա գյուղից ևս հինգ պարկ շաքարավազ բերվեց, ու նոր կերակրումից հետո մեջտեղ եկավ մեղրաքամը, սկսվեց Սոդոմ-Գոմորը: Դաշտ գնացող գրեթե չկար: Մեղրի, կիսահալ մոմի հոտը վրանի կողմն էր քաշում բոլորին: Հեշտ վաստակը մոլորեցրել էր նույնիսկ նրանց, ովքեր ողջ կյանքում գլուխկախ բանել էին՝ խորշելով այլոց ունեցվածքին աչք տնկողներից:

Նավթավառին դույլով ջուրն էր, մեջը՝ սարեկահան դանակներ: Չբթանալու համար կինը շուտ-շուտ փոխում էր գործիքները՝ աշխատելով երեսանց կտրել մոմաշերտը: Մածնասերի պես մոմաբջիջների բերանը կալնող սարեկը հանելուց հետո շրջանակներն զգուշորեն տեղավորելով մեքենայի ցանցկեն թևքերի մեջ՝ պտտում էր, սկզբում՝ դանդաղ, մինչև շարժումը լիսեռիկներով փոխանցվի խաչուկին, ապա՝ արագ: Դուրեկան քամի էր ելնում՝ ծաղկաբույր, և կենտրոնախույս ուժի տակ մեղրը կաթիլ-կաթիլ ցայտելով՝ ծեփվում էր քամիչի պատերի, սկսում ծորալ: Ճիշտ, համաչափ պտտելու դեպքում մեղրահացի մի երեսը քամելու համար երկու-երեք րոպեն լիուլի է, մանավանդ անդրանիկ բերքի ժամանակ: Օգոստոս-սեպտեմբերին մեղրը պնդանում է, եղանակը ցրտում, ու քամելուն կրկնակի-եռակի ժամանակ պիտի տրամադրել: Խոսքը, անշուշտ, անարատ մեղրի մասին է: Օշարակ խառնածը, անտարակույս, ավելի ջրալի է, հեշտ քամվող:

Հոր ու որդու գործը մեղուների հետ էր: Ընտրում էին որդ, ձու չպարունակող մեղրահացերը, թափ տալիս, բերում վրան: Որքան էլ ջանում էին ծուխը երկար պահել, խոտի փնջով մանրակրկիտ ավլել, կտրուկ թափահարել շրջանակը, մեկ-երկու մեղու անկյունում, փեշերին կպած տանում էին ներս: Վրանն իր հերթին ծոփքերի մոտ աչքի համար աննկատ ծակեր ուներ, դռնակը բացել-փակելու պահին էին տասը-քսանի չափ խցկվելով ընկնում ոտքի տակ, մեղրի մեջ, տաբատի փողքով բարձրանալով՝ կծոտում անգամ ամենանհարմար տեղերը: Դատարկ, քամած շրջանակները ետ տանելն առավել դժվար էր: Մերձակայքում պարապ-սարապ թրևող, ներս ընկնել չկարողացած մեղուները խենթորեն վրա էին տալիս, դողէրոցքի մեջ կորցրած զգուշությունը՝ շրջանակի հետ հայտնվում օտար փեթակում: Կես ժամ առաջ ծխահարված, ձմեռվա պաշարից զրկված ընտանիքը, տեսնելով դատարկ մոմաբջիջները, գազազած հարձակվում էր անդորրը խախտող, Աստծո պայծառ օրը մթնեցնող մարդկային ձեռքերի, նաև՝ օտար մեղուների վրա: Քիչ անց զայրույթից սևակնած մի քանի բեռնակիր ձախողակի մարմինը դուրս քաշելով բնից՝ շպրտում էր ներքև՝ մրջյուններին կեր:

Նույնը կատարվեց միայնակ փեթակի հետ: Ծխի հոտ առնելով՝ մայրն անմիջապես կարգադրեց լքել բույնը: Հրդեհի դեպքում մեղուները բերանում որքան հնարավոր է մեղր առնելով փախչում են վտանգից․ այդպես մարդն է փախեփախի, կոտորածի, նահանջի ժամանակ, տարագրվելիս կապոց անում: Պահեստած մեղրը մեկ-երկու օր կհերիքի մորը, դեռևս ինքնուրույն նեկտար ըմպել անկարող ձագերին, նոր բույն հյուսող տնեցոց, մինչև ճակատագիրը կամենա, և վերստին հիմնավորվեն: Մի կուց ուտելիք վերցրած թևավորը, պարզվում է, այլևս ի զորու չէ խայթել. ամենակարող բնության կարգն է, և ահա մարդը օգտվում է դրանից, այն էլ ինչպե՜ս. երկու-երեք քուլա ծուխը բավական է՝ ընտանիքն իրար խառնելու: Մինչ ծուխը կքաշվի, և մայրը վերստին պաշարը տեղը լցնելու հրահանգ տա, մարդը հասցնում է տանելու ենթակա շրջանակներն ազատել մեղուներից: Չէր խանգարի գիտենալ, որ մեղվի մի տեսակի ծուխը խուճապահար չի անում և կան, որ բնույթով խաղաղ են, համբերատար: Նշանակություն ունի նաև տարվա եղանակը, օրվա ժամը, բերքի աստիճանը: Նույնը մարդիկ, ազգերն ու ցեղախմբերը չե՞ն. չարի, նենգի հարևանությամբ բարին, կամեցողն է կենում: Մեկը չարած վատությանը տասնապատիկ է պատասխանում, մեկ ուրիշը, բնույթին հավատարիմ, ներում է, զիջում, եթե նույնիսկ տուժողն է: Անգամ նույն անձը բնավորությամբ տարափոխիկ չէ՞. անոթության պահին՝ անգութ, նեղսիրտ, հաջողության ուղեկցելիս, երջանկության ժամանակ՝ համեմատաբար լիաձեռն, անչար:
Հայր ու զավակ հիմնովին դատարկեցին փեթակը՝ չխնայելով անգամ որդերին: Կնոջ երկչոտ հարցին, թե նկատելու դեպքում ի՞նչ պիտի ասվի, մեղվապահը ձեռքը թափ տվեց.
-Հինգ-տասը կիլո կշպրտեմ, հերիք է: Թող շնորհակալ լինի, որ մեղուն չեմ մարել:
Այնքան վստահ ասաց, որ կողակցի ու տղայի ոգու խորքում եթե խղճի պես բան կար, արարքի նենգության գիտակցում, մոռացվեց, համենայնդեպս՝ մղվեց ետնամուտք: Հետագա խոսակցությունը վերստին մեղրի առատության, վաճառքի գնի, շուկայի բժշկի սիրտն առնելու մասին էր:
-Ուզեմ, նույնիսկ մի քանի ռուբլին չեմ տա: Պարզապես ընդունված կարգ է, թե չէ հազար բժիշկ հավաքվի, չեն կարող իսկականը խառնածից ջոկել: Ուրիշների նման պիտի լրիվ շաքարաջուր անեի:
-Տան համար էլ ե՞նք սրանից վերցնելու,-անգիտակ ընդհատեց տղան:
Մեղվապահն անսպասելի բորբոքվեց.
-Բան են լսել, հասկացող-չհասկացող անուն է դնում, կասկածում: Ի՞նչ է եղել էս մեղրին,-նա դանակի ծայրով նոր կտրած սերեկը շուրթերին տարավ: -Ընտիր մեղր է: Գլուխս կկտրեմ, թե շուկայում սրանից լավը գտնվի: Հլա մի փորձի,-ու մի նոր պատառ դեմ արեց կնոջը:
-Ես շատ եմ կերել,-խուսափեց կողակիցը:
-Դու կեր,-դարձավ որդուն:
Տղան դժկամորեն սերուցքն առավ բերանը:
-Տես, ի՜նչ անուշ հոտ ունի,-մեղվապահը կռացավ քամհարի վրա, խոր շունչ քաշեց: -Առնվազն յոթանասուն տոկոսը մաքուր մեղր է,-հետո բավարար համարելով բացատրանքը՝ որոշեց ժամանակ այլևս չկորցնել: -Ձեռք գցի:
Հայր ու որդի մատները հյուսելով գրկեցին մեղրով լի քամիչը, մյուսով տակից բռնած՝ կտրեցին գետնից:
-Փեթակն ուղղիր,-կարգադրեց կնոջը, իսկ որդուն՝-ուղիղ պահիր, թևերը մեղրի մեջ ընկան: Զգույշ, հո փայտ կուլ չե՞ս տվել:
Հոր՝ սխալ չհանդուժող տոնը զավակին ավելի էր շփոթեցնում:
-Ի՞նչ շշմեցիր, բերանը՝ դու՛րս, դու՛րս:
Նրանք քամիչը հենեցին դատարկ փեթակին:
-Պահիր, շուռ չգա,-կարգադրությոթւնը զավակին էր հասցեագրված: Կնոջ համար ևս ասելիք գտնվեց: -Բիդոնը տակը դիր,-իսկ ինքը դանդաղ բացեց փականը:
Մեղրը ծորաց, սկսեց ծալ-ծալ նստել ամանի հատակին, բռնել տակը: Գույնը ոսկուն էր խփում: Առանձնապես տպավորիչ էին օդի մանրիկ պղպջակները, ժամանակ առ ժամանակ մեղրի հետ իջվարող մեղուներն ու որդերը, որոնց մի մասը դեռ կենդանի էր: Նեսի կողմում կուտակվածն ավելի շատ էր, այնքան, որ մեկ-մեկ խցանում էր ծորակի բերանը, և մեղրաշիթը բարակում էր, թվում՝ ավարտվեց:
-Մաքրե՞մ:
-Ոչինչ,-տղայի անհանգստությունը գնահատեց հայրը,-վաղը, մյուս օրը գդալով կհանենք: Վերջ-առաջ երես կելնեն: Մեղրից ծանրը միայն ոսկին է,-միտքը բազմանշանակ հնչեց, և որդին չըմբռնեց՝ իսկապե՞ս ոսկին ծանր է, թե՞ հայրն արժեքը նկատի ունի:
Ամբողջը տևեց մեկ շաբաթ: Կիրակմուտին վերջին մեղրահացը քամված էր, և տասը պռնկեպռուկ տարողություն սպասում էր բեռնատարի ետքից գնացած տղային: Մայրը ցայում էր մեղրոտ ամանները, չոր լաթով մանրակրկիտ սրբում: Ջրի պակասություն չունեին, որովհետև մի փոր մեղրով առել էին հնձվորներին ջուր տանող անփորձ վարորդի սիրտն ու եղած-չեղած ամանները բերնեբերան լցրել:
Երբ որդին վերադարձավ, հայրը հավաքել էր վրանը, մայրը չորացրել-սրբել մեղրաքամը: Բեռնատարը խոտ տեղափոխող վարորդինն էր՝ նրանը, ով շյուղը շրթունքների արանքում ընկողմանում էր խցիկիում՝ անտարբեր սպասելով մեքենայի բեռնվելուն, իսկ մտքում անհամբեր՝ հացի ժամին, որպեսզի նույն անհոգությամբ ուրիշի բաժինն ուտի: Հիմա գործի մեջ փող կար, երևի, շատ, որովհետև սիրով ելավ թափքին: Հայր ու որդի ճկռելով նրան տվին ծանր՝ վաթսուն-վաթսունհինգ կիլոյանոց մեղրամանները, վերջում՝ քամիչը:
Տղան բեռնատարով գնաց, հայրը, որպեսզի «Ժիգուլուն» արև չառնի, լվանալ-չորացնելուց հետո վրանը գցեց կտուրին, դատարկ վերնահարկ դրեց՝ քամուց չքշվելու համար, իսկ մայրն անցավ սովորական եփութափին: Մեղվանոցը հանդարտվեց, բայց դա ուրիշ խաղաղություն էր. նման լռություն հրոսակների հեռանալուց հետո ավերակ շեներին է իջնում:
Քամին հարավից էր փչում: Միջագետքից ելել էր, Բզնունյաց ու Կապուտան ծովերի բացվածքով մտել Վասպուրական աշխարհ, ապա Ավարայրով, Կոգովիտով եկել, զարկվել Մեծ լեռանը: Միլիոն տարվա փորձն աչքի առաջ ունենալով՝ շատ չէր կռիվ տվել, գիտենալով, որ կպարտվի: Պարզապես կրակ էր թափել սարի ժայռկեն կրծքին և, շրջանցելով բնակուռ պատնեշը, սողոսկել Արարատյան դաշտ, այնտեղից ելվերել Արագած, որի հարավ-արևմուտք նայող գոգին էր կարմիր ճանճնոցը:
Մի քանի օրում ցորենի, գարու արտերը կծղեցին, չորացավ խոտը միջնակների, կապտեց երնջակն, ու փայտացավ խռնդատի, կաղշնակի ցողունը, դեղնեց իշկաթնուկը, տեղ-տեղ ճաքեր հայտնվեցին հողին: Զուր էին մեղուները մի փշից մյուսը թռչում, կտրում կիլոմետրեր՝ հասնելու Ժայռոտ ձոր: Նեկտար չկար անգամ գազփշի երկարուկ բաժակներում: Թերթերը չբացած՝ քամու գոլ շնչից ծաղիկը թոշնում-թալկում էր, նեկտարը՝ ցնդում-գոլորշանում: Օդ չկար շնչելու, արևն էլ ասես կանգնած, շարժվելիս չլիներ:
Մեղվապահը մոլորվել էր: Հակառակի պես տղան չէր գալիս. կուղարկեր լեռան մյուս երեսը: Թերևս, քամին այնտեղ չի հասնում, ծաղկունքը չի խշկել, ու մեղուն հասցնի ձմեռվա պաշար կուտակել, քանի որ խեղճերի հավաքածն այժմ հարսը հարկից հարկ ընկած ծախում է, մինչև աշունը գա, և շուկայում նստելը դառնա իր բանուգործը:
Պարապությունից չգիտեր օրն ինչով լցնի: Դաշտում սունկ, սինձ, զոխ չկար, փեթակների բերանը բացել չէր լինում, անգամ փայտով շանը հնարավոր չէր հենց այնպես, թափառելու համար բնից հանել: Մնում էր կինը, սակայն նրան զրույցի ներքաշելն առավել դժվար էր. միօրինակ կյանքը, նույն խոսակցությունը, դեմքը, բնապատկերը մինչև կոկորդը կշտացրել էին, ու նա գերադասում էր լռել կամ թե մեկ սունկի, սիվտկուկի, ավելուկի չորացած կապուկներն էր արևերես հանում, մեկ՝ հերթով կերած հավերի փետուրները:
Ու նա մտաբերեց միայնակ փեթակը: Ի՞նչ կլինի, եթե կիսելով դարձնի երկու ընտանիք: Հը՞: Կկարողանա՞, ձագ վերցնելու համար ուշ չէ՞:
Մեղվապահը խառնվածքով հայեցող չէր, մտքի խաղով գողացող: Ահա թե ինչու շատ գործնական ոտքի ելավ՝ ի կատար ածելու քիչ առաջ ծլած գաղափարը: Առաջին գործը վերնահարկն իջեցնելը եղավ, հետո, որքան հնարավոր է, նեղացրեց բույնը՝ թողնելով ընդամենը յոթ շրջանակ: Ընթացքում որոշեց ասելիքը, եթե, բան է, բարեկամը այցեր: «Շնորհակալ եղիր. մեկդ երկու եմ դարձրել»,-պիտի վրա տար:
Հաջորդ առավոտյան մեղուները մի քանի շրջանակի վրա՝ եզրերի մոտ պտուկներ գցեցին: Մայրը, սակայն, քանդել տվեց բջիջները՝ միաժամանակ հաձնարարելով ժամանակից շուտ վռնդել բոռերին: Նպատակը մեկն էր՝ կանխել աղետը, շարժվելու, տանելի կյանքով ապրելու հնարավորություն ընձեռել հպատակներին: Բայց ուշ էր. ձագատենդը համակել էր մեղուների մեծ մասին, և գժտությունը, պայքարն անխուսափելի էին. տասնյակ մեղուներ հիմա գիշեր ու զօր խնամում էին մայրապտուկները, աչալուրջ հսկողություն էր սահմանվել:

Մեծ մայրը պատրաստվեց վճռական գրոհի: Ծննդյան առաջին ժամերին գահի հավակնորդն անվնաս է, հակամետ ուժերը համախմբելու անընդունակ: Հարկավոր է հենց այդ պահին հարձակվելով ասպախմբի վրա՝ անակնկալ գրոհով պատռել շղթան: Ըմբոստներն իր ներկայությունից անպայման կընկրկեն. սովորույթի ուժը մեծ է, չէ՞ որ տարիներ շարունակ մունջ հպատակվել են՝ կատարելով հրամանները: Դավադիրներն անգլուխ մնալով՝ անմիջապես կդադարեցնեն անիմաստ պայքարը՝ դառնալով նույն հլու աշխատավորները, ու կանգուն կմա Տունը: Բայց թե մեղվապահը փորձառու էր, գիտեր մեղուների վարքը, ծանոթ էր թագակրի բոլոր քայլերին, ուստի վեջին պահին մայրապտուկը վանդակի մեջ առավ: Հուսալի եղանակ էր, քանիցս արդարացրած: Բոժոժի բացվելու պահին մայրաձագը չէր հայտնվի թշնամի մերձավորների շրջափակման մեջ. նուրբ ցանցը հուսալիորեն կպաշտպանի հարձակումից, մինչև ընտանիքն ընտելանա նոր մորը և ընդունի, եթե համեմատությունը տարեց առաջնորդի օգտին չվերջանա: Հակառակ դեպքում, թեկուզ տասն օր անցնի, բավական է մի քանի րոպե բաց մնա վանդակը, մեղուները ներս խուժելով՝ կսպանեն դրածոյին:
Բնական մայրափոխության ժամանակ ընտանիքը սովորաբար ջահել մոր կողմն անցնելով՝ սկսում է հալածել հնին, ու նա հարկադիր փախչում է փեթակից՝ հետը տանելով հավատարիմներին: Ընտանիքն այդ կերպ կիսվում է՝ դառնալով երկու: Եթե մեղվապահին ձեռնտու չէ, գտնելու դեպքում ծեր մորը սատկացնելով՝ մեղուներին կրկին բերում է փեթակ: Անշուշտ, հակառակը ևս պատահում է, և վռնդողը, տնանկը լինում է մայրացուն՝ երիտասարդ մեղուների, ձագերի հետ: Դրանում պախարակելի ոչինչ չկա. գոյության կռիվ է, իշխանության ձգտում, բնական երևույթ՝ վերջնական արդյունքը որի բոլոր դեպքերում ճիշտ է թե բնության, թե մեղվի համար, բայց երբ մարդն է միջամտում…
Ինչպես թոնրից՝ երեխան, ճիգեր գործադրելով բջջից ելավ մայրաձագն ու հայտնվեց մետաղյա բավական ընդարձակ ցանցում, ուր կային բոլոր պայմանները՝ մեղր, ծաղկափոշի, կերակրելու համար վաղօրոք վանդակած երեք մեղու: Շեկլիկ, երկարուկ պոչը, թավամազ ոտքերը, մեջքի խավափայլը առողջ, կենսունակ ծննդի մասին էին վկայում: Իհարկե, ինքը ոչ պակաս գեղեցիկ է, երիտասարդ ու դեռ չորս-հինգ սերունդ կարող է լույս աշծշխարհ բերել: Ի վերջո, իր զավակն է այս նորը, իր կրկնակը և չար չի երևում, բայց թե՝ անժամանակ ծնվեց, ուստի կմեռնի:
Նա գրոհով հասավ վանդակին, պտտվեց չորսբոլորը, նույնիսկ ելավ ցանցին, սակայն զգաց՝ քաշքշում են, փորձում ցած բերել: Երկարեց կնճիթը՝ հասնելու նորածնին, բայց ամուր էր վանդակը: Հայացքներն առպահ իրար առան, և Մեծ մայրը վախը չգիտակցող, դեռևս պայքարի անընդունակ հայացք տեսավ՝ անմեղսունակ: Այդ պահին էլ ծնվեց փեթակը լքելու ցանկությունը: Նա դեռ անփորձ է, թող մնա ապահով ծածկի տակ, իսկ ինքը… Անստույգ է գալիքը: Ցուրտ գիշերներ կան, անձրև ու ամպրոպ: Անօթևան, անսնունդ թափառի պիտի , մինչև բացվի հուսո դուռը, անձավ գտնեն, ծերպերից մեկում ապահով ճեղք, ու նոր բույն հյուսեն, ապրեն: Կյանք է, կպատահի:

Դուրս գալով մեղուների շրջափակումից՝ նա իջավ հատակին և փութկոտ քայլերով մոտեցավ արկանոցին: Դրսում արևն էր կարմիր, քամի կար, և օրը մոտենում էր ավարտին: Թռիչքի համար եղանակը չափազանց աննպաստ էր: Կյանքում ընդամենը մեկ անգամ էր սավառնել օդում: Այն ե՜րբ էր… Արբունքի ցերեկը, խելահեղ թռիչքը բոռերի, բուրմունքը ծաղկունքի և ինքը՝ խև, սավառնում էր ու սավառնում՝ երկյուղելով մոտենալ նրանց, բայց և էլէկտրականացված՝ անկարող հեռանալ: Ապա բզզյունն այն մեկի, որը մահով փաստեց իր սերը, ու ինքը՝ կրքից նվաղուն, առմուտքի տախտակին իջվարելիս:
Քանի՜ գարուն է անցել, իսկ այժմ փույթ չէ… Վերջին շրջանում ատելի դարձավ փեթակը, ի՜նչ ասես չբերեց անհոգի մարդն իրենց գլխին, սակայն բոլոր պարագաներում ծանր, անասելի ծանր է տունը լքելը: Թշնամին թող նման փորձանքի չգա:
Նա թևին տալով ընդառաջ գնաց վտանգին: Մոր ետքից օդ ելավ տիրասեր մեղուների պարսը, որ հասցրել էր եռօրյա պաշար բերանն առնել:
Մայր եղուն բույնը լքելիս հեռու չի թռչում: Թե մոտերքում ծառ, թուփ հանդիպեց, հեռագրասյուն, քարի ելուստ կամ նման մի բան, դադար կառնի, մինչև մյուսները հավաքվեն: Ով տեսել է տեսարանը, կիմանա, ով՝ չէ, թող պատկերացնի խաղողի հսկա, շարժուն ողկույզ՝ ի կախ ճյուղից, քարի պռնկից: Ձագին ցած բերելն առանձնակի դժվար գործ չէ: Դույլը պահում ես տակը և կտրուկ ցնցում ճյուղը, կամ թե ավելով զգույշ, որպեսզի մայրը չվնասվի, պոկում քիվից: Կարելի է և ձեռքով՝ առանց խայթից երկնչելու, որովհետև, ինչպես ասվեց, բերանում պարեն ունեցող մեղուն չի կծում: Կծիկը մոր հետ դույլը լցնելուց հետո մնում է լաթի պատառով գոցել բերանը, իսկ դույլը չընկածներն օդում կուղեկցեն մեղվապահին, թեկուզև կիլոմետրեր կտրի:

Կարմիր փեթակնոցի տերը տնակի ստվերում ննջում էր, երբ ականջը որսաց ծանոթ դզզոցը: Նման աղմուկ մեղուն հանում է միմիայն ուժեղ բերքի և ձագխաղի ժամանակ: Հազարավոր թևավորներից օդը թեթևակի մշուշվել էր: Որևէ տրամաբանություն, նպատակ նրանց թռիչքում տեսնելը դյուրին չէր, այդուհանդերձ փորձառու աչքը կարողացավ որոշել պարսի ուղղությունը:

Քամու պայմաններում թռչելը ոչ միայն դժվար է, այլև վտանագավոր, հոգնեցուցիչ, և մայր մեղուն, չկարողանալով հարմարավետ կայանատեղ գտնել, իջվարեց դատարկ հավնոցին: Հազիվ ոտքը դրել էր որձաքարին, երբ նկատեց ձեռքն աչքերին հովանի արած մեղվապահին. իրեն էր հետևում: Մայրը խռովահույզ օդ ելավ, և քարերին ծեփվող պարսը չհասցրեց շուրջը կծիկ կազմել: Ու՞ր գնա, որտե՞ղ կայանի: Բլրակի կատարը բարձրանալ չէր կարող՝ կընկներ քամու բերանը, դեմը դաշտն էր՝ հնձած, մինչև վերջին ծղոնը կրծոտած: Սալքարերին հենց այնպես իջնելը վտանգավոր է. ոտնատակ ընկնել կա, անձրև, սելավի ելնել: Մնում էր Ժայռոտ ձորը: Հեռու է, բայց մի կերպ կփորձեն հասնել: Եվ գնալը հեշտ կլինի. լեռանգոգը քամուց համեմատաբար պաշտպանված է: Հարկավոր է բռնել դաշտամիջյան ճանապարհն ու…Բայց սպասիր, սա, հո…
Եկողը տերն էր՝ մեզ ծանոթ երիտասարդը: Թիկունքն ի կախ նույն ուսապարկն էր, ոտքերին նույն մարզակոշիկները, շրթունքների միջև այս անգամ՝ փետրախոտ:
Նա ևս նկատեց մեղուներին: Այնքա՜ն շատ էին, այնպիսի ժխոր, բզզյուն էին հանել, ժամերգություն սկսել, որ չգրավվել անհնար էր: Առաջին պահ պաշտպանվելու նպատակով բնազդաբար բարձրացրեց ձեռքը, բայց երբ աչքն առավ դաստակին նստող մայր մեղվին, ապշած, միաժամանակ երկյուղած կանգնեց: Նույն պահին, ինչպես «Գուլիվերի ճանապարհորդությունում» լիլիպուտների նետերը, մեղուները կարկտահարեցին մաշկը, հագուստը: Իջվարածն աճապարում էր մոր կողմը, մերձենում նրան: Խայթամահ լինելու սարսափը տեղի տվեց երջանիկ խռովքին, երբ մտաբերեց «Մեղվաբուծություն» ամսագրում տարիներ առաջ տեսած հազվադեպ լուսանկարը: Այնտեղ պարսն իջել էր մեղվապահի ուղիղ գլխին, և նկարում ուսերից վեր թևավորներով ծեփած անձև զանգված էր՝ ոչ աչք, ոչ քիթ, ոչ ականջ: Այն ժամանակ, հիշում է, զարմացավ, մի պահ նույնիսկ կասկածեց՝ մի՞թե հնարավոր է: Բայց լուսանկարն այնքա՜ն որակով էր, այնպես հստա՜կ էին երևում մեղուները:
Ըստ ամենայնի, նույնն է կրկնվում այժմ: Իր մեղուն է, իր փեթակն է ձագ տվել: Հարկավ, դրանում համոզված չէր, սակայն խառնվածքն այլ տարբերակ չէր ընդունում: Պատահական մայրն ինչու՞ պիտի իջնի իր ձեռքին, ըստ որում՝ այդչափ անվարան, սառնասիրտ: Ասես օգնություն են հայցում, փրկություն որոնելիս լինեն: Տեսնես ի՞նչ է պատահել: Օգոստոս ամսին ձա՞գ: Արտառոց դեպք է, այն էլ հարավ քամու պայմաններում, երբ շնչավոր ամեն բան շուրջը խեղճացել, կուչ է եկել: Բարեկամը մի բան արած կլինի: Հաստա՛տ: Հրեն գալիս է, ու դույլ կա ձեռքին:
Որոշել էր մեղուն նրան առաջակել՝ մոմով, լրացուցիչ շրջանակներով, ինչ կա: Թող որքան հարմար է գտնում, գնահատի: Բայց չէ, չի տա սրան, տառապյալներին չի հանձնի դաժան, չափից ավելի գործունյա ձեռքերի խնամքին: Ավելի լավ է ազատ արձակի, թող վերադառնան բնություն՝ իրենց մոր գիրկը: Սպասիր, նրանք հենց Ժայռոտ ձորն էին գնում, չէ՞ որ ճամփան կիրճի պռնկով է անցնում:
Նա գլխարկով դիպավ կծիկին, զգուշորեն սկսեց քանդել այն: Մեղուները ջանում էին պոկ չգալ, օդում հայտնվածը կրկին էր իջնում: Գվվոցն ականջ էր խլացնում, օդը կարծես էլեկտրականացած լիներ:
Մեղվապահը, որ մոտեցել էր, տարակուսած՝ չգիտեր ինպես վարվի: Գործնական ուղեղն առաջին անգամ էր դեմ առնում նման փաստի, ուստի դժվարանում էր որոշել բռնելիք ճիշտ դիրքը:

Ի վերջո, համառ ջանքերը արդյունք տվեցին: Պարսը հայտնվեց օդում. հաջողվել էր մորը դաստակից պոկել: Մեղունների բվվոցում հիմա չարգույժ բան կար, ասես վճռական գործողության պատրաստվելիս լինեին: Չլինի՞ նեղացան, վիրավորվեցին, թե՞ բարեկամի ներկայությունից է: Կարծես գնում են: Այդպես էլ կա: Աճապարեք, քանի արևը մայր չի մտել, դեռ ահագին ճամփա ունեք կտրելու: Չերկնչեք անորոշությունից, ձերն է հաղթանակը: Ես կգամ Ժայռոտ ձոր, կայցելեմ ձեզ: Մայր մեղու, մայր բնությունը թող ապավեն լինի ընտանիքիդ ու հեռու պահի ամեն փորձանքից:
Փա՛ռք նրան, բազմի՛ցս փառք:

Արամ Հովհաննիսյան, «Դալուկ արև» շարքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031