Լրանում է «ԱՌԱՎՈՏ» օրաթերթի 20-րդ տարեդարձը: Արդի հայ մամուլի համար կարևոր մի տարեթիվ, որն ընդգծում է հայաստանյան հարափոփոխ և անհաստատ մեր ժամանակներում մնայուն մի ձեռքբերում՝ ի դեմս «ԱՌԱՎՈՏԻ»: Հայաստանյան տպագիր մամուլի համար բարդ ժամանակներում «ԱՌԱՎՈՏԸ» ձևավորվեց ու կայացավ՝ պահպանելով մասնագիտական ձեռքբերումները՝ բազմակարծությունը, խոսքի և տեղեկատվության ազատությունը: Լինելով Հայաստանի Հանրապետության վերջին 20 տարիների իրադարձությունների ուղեկիցը և մասնակիցը՝ «ԱՌԱՎՈՏԸ» դարձավ անկախ Հայաստանի յուրօրինակ կենսագիրը՝ թերթի էջերում պահպանելով մեր երկրի համար բարդ 20 տարիների պատմությունը և այն փոխանցելով հաջորդ սերունդներին:
Քսաներորդ տարեդարձի առիթով շնորհավորելով «ԱՌԱՎՈՏԻ» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին և թերթի խմբագրակազմին՝ «ԱՌԱՎՈՏԻՆ» մաղթում եմ երկարակեցություն, ֆինանսական և մասնագիտական հարաճուն անկախություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ, ընթերցողների աճող թվաքանակ՝ որպես տպագիր մամուլի շարունակականության և հարատևության հաստատում:
Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ
26.07.2014