Ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկը
Ըստ այդմ, Հայաստանում գործող հազար խոշոր ընկերությունները պետական բյուջե են վճարել շուրջ 326 մլրդ դրամ, ինչը կազմում է ընդհանուր հարկային եկամուտների գրեթե 67,5 տոկոսը։ Նախորդ տարվա համեմատ խոշորների վճարած հարկերն ավելացել են 12,1 մլրդ դրամով (կամ 3,8 տոկոսով)։ Սա ավելի բարձր է, քան հարկային մուտքերի ընդհանուր աճը, որն առաջին կիսամյակում եղել է 3,4 տոկոս։
Վճարած հարկերի մեծությամբ Հայաստանի, այսպես ասած, գլխավոր հարկատուն դարձյալ «Գազպրոմ Արմենիան» է, որի վճարած հարկերը գրեթե 2,5 անգամ գերազանցում են խոշորների ցանկի երկրորդ ընկերության հարկային պարտավորություններին։ Տարեսկզբի առաջին վեց ամիսներին «Գազպրոմ Արմենիան» պետական բյուջե է փոխանցել ավելի քան 23,9 մլրդ դրամ։ Ընկերության վճարները նախորդ տարվա համեմատ ավելացել են 4,5 միլիարդով։ Աճը հիմնականում արտահայտվել է ներքին ցանցում սակագների բարձրացման հաշվին։
Խոշորներից երկրորդը դարձյալ «Ղ-Տելեկոմն» է, որը պետական բյուջե է փոխանցել ավելի քան 10,2 մլրդ դրամ։ Թեեւ առաջին եռամսյակի համեմատ ընկերության վճարները կտրուկ ավելացել են, այնուհանդերձ կիսամյակի արդյունքներով դրանք զիջում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը։ Ասենք, որ 2013թ. առաջին կիսամյակում «Ղ-Տելեկոմը» պետական բյուջե էր վճարել շուրջ 11,2 մլրդ դրամ։
Հեռահաղորդակցության ոլորտի մյուս խոշոր ընկերությունը՝ ի դեմս «ԱրմենՏելի», պետական բյուջեի նկատմամբ կատարել է շուրջ 8,6 մլրդ դրամի պարտավորություն, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Դրական տարբերությունը հասնում է 1,1 միլիարդի։
Կարդացեք նաև
Աճել են նաեւ «Օրանժ Արմենիայի» վճարած հարկերը։ Անցած տարվա համեմատ դրանք կրկնապատկվել են՝ կազմելով ավելի քան 2,4 մլրդ դրամ։ Լուրջ աճ է գրանցվել նաեւ հեռահաղորդակցության ոլորտի մեկ այլ ընկերության՝ «Յուքոմի» հարկային պարտավորություններում։ Ընկերությունը առաջին կիսամյակում պետական բյուջե է փոխանցել ավելի քան 1,4 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 680 միլիոնի դիմաց։
Խոշոր հարկատուներից երրորդը գործարար Ս.Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է։ Եթե առաջին եռամսյակում այս ընկերությունը պետական բյուջե էր վճարել 5,2 միլիարդ, ապա երկրորդում՝ 4,4 մլրդ դրամ։ Կիսամյակի արդյունքներով ընկերության պարտավորությունները կազմել են 9,6 մլրդ դրամ, ինչը 2,9 միլիարդով գերազանցել է նախորդ տարվա մակարդակը։
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: