Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցականներն արտասահմանյան գրականություն կուսումնասիրեն

Հուլիս 26,2014 13:40

2014-2015 ուստարվանից ՀՀ դպրոցների ավագ դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտները կամավոր սկզբունքով կանցնեն «Արտասահմանյան գրականություն» առարկան: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը վերջերս հաստատել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի կողմից առաջարկված ծրագիրն ու հանձնարարել հետեւողական աշխատանք տանել ծրագիրը հնարավորինս շուտ ու բարձր մակարդակով կյանքի կոչելու համար:
Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Արա Առաքելյանի տեղեկացմամբ՝ չնայած արտասահմանյան գրականությունը հասարակության շրջանում մեծ տեղ է գրավում, բայց շատ նեղ մակարդակով է հասանելի հանրությանը. «Որքան էլ մարդիկ կարդան այն, հիանան հայտնի գրողների ստեղծագործություններով, դա բավական չէ: Հատկապես դպրոցական մակարդակով տարիներ շարունակ այն արհամարհված է եղել: Այս հարցում մի պարզ տրամաբանություն է առկա. մենք դեռեւս դպրոցական տարիներից ենք սկսում ուսումնասիրել համաշխարհային պատմությունը, իսկ այդ պատմության ամենավառ դրսեւորումներից մեկն էլ համաշխարհային գրականությունն է»:

Նախկինում եւս մի շարք միջնակարգ դպրոցներում եղել են արտասահմանյան գրականության դասեր, տպագրված են եղել գրքեր, սակայն այսօր առարկայի դասավանդումն արդեն համակարգային մոտեցում է պահանջում: Ըստ այդմ՝ նոր ծրագրով արտասահմանյան գրականությունը ներկայացվելու է համակարգի մեջ՝ սկսած անտիկ գրականությունից եւ վերջացրած 20-րդ դարի գրականությամբ: «Հոմերոսի մասին պատկերացում կազմող աշակերտը պետք է նաեւ Հոմերոսի դարաշրջանի, ուղղության ու մտածողության մասին տեղեկատվություն ունենա: Ոչ միայն Հոմերոսի, այլեւ անտիկ գրականության՝ հիմնական արժետար գրականության ժանրերի եւ ուղղությունների մասին տեղեկատվությունը դպրոցականներին հստակ գիտելիքներով համալսարան մուտք գործելու հնարավորություն կտա՝ անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն կընտրի դիմորդը»,- նշում է պարոն Առաքելյանը:

Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչն այն կարծիքին է, որ միջնադարյան գրականությունը՝ որպես պատմամշակութային երեւույթ, իր գաղափարախոսությամբ, գրական ուղղություններով պետք է ամբողջությամբ մատչելիորեն մատուցվի. «Գրողներին մենք ընտրում ենք հատուկ մանկապատանեկան նկատառումներով պայմանավորված. գեղանկարչություն, քանդակագործություն, երաժշտություն՝ այսպես հասնում ենք մինչեւ 20-րդ դար: Աշակերտն իրեն պետք է զգա մշակութային ամենահարուստ միջավայրում»:
Ծրագրի հաջորդ քայլով նախատեսվում է նաեւ ստեղծել երեք դասարանների համար առանձին դասագրքեր, որոնք կկազմեն Արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոսները: Արմատական հարցերից մեկն էլ մանկավարժների ուսուցանման խնդիրն է դպրոցներում: Արա Առաքելյանը՝ նշելով, որ դպրոցներում բանասիրական կրթությամբ աշխատող մանկավարժները բուհերում ստանում են նաեւ արտասահմանյան գրականության խորը գիտելիքներ, կարծում է, որ դա էլ կօգնի առարկայի ուսուցանման գործում. «Միայն Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում 6 ուսումնական կիսամյակ ուսանողներն անցնում են արտասահմանյան գրականության պատմություն: Այնուամենայնիվ, բացի օտար լեզվի մասնագետներից՝ կարող են դասավանդել նաեւ Հայ բանասիրության ֆակուլտետն ավարտած մասնագետները»:

Հավելենք, որ բացի մասնագիտական գրքերից՝ դպրոցականների համար ստեղծվելու են նաեւ համապատասխան քրեստոմատիաներ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031