Երեկ Ծաղկաձորի մարզաբազայում Հայաստանի մարզերից, Երեւանից եւ Արցախից ժամանած հաշմանդամ ունեցող ընտանիքները պայքարն սկսեցին իրենց համար հաստատված ծրագրի վեց մրցաձեւերից երեքում: Սկզբում նրանք վիճարկեցին 30 մետր փոխանցավազքի հաղթողին ու մրցանակակիրներին, հետո տեղափոխվեցին մարզադաշտի այն հատվածը, որը նախատեսվել էր թենիսի գնդակի նետում մրցաձեւի համար, իսկ վերջում մրցեցին օղակներով նետում նշանակետին մրցաձեւից:
Օրվա վերջին «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցներին հենց մարզադաշտում այցելեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
«Առավոտի» հետ զրույցում նախարարը կարեւորեց հանրապետությունում ամենամասսայական մարզական այս միջոցառման դերը. «Այս մրցումները նպաստել են նրան, որ Հայաստանում եւ Արցախում մարդիկ մասսայական սպորտով եւ առողջ ապրելակերպով զբաղվեն ոչ թե անհատապես, այլ՝ ընտանիքներով: Շատ կարեւոր էր նաեւ հանրապետության նախագահի առաջարկով այս տարվանից «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում հաշմանդամ ունեցող ընտանիքներին ներգրավելը: Դա նրանց հասարակության մեջ հավասար հնարավորություններով ներգրավելու լուրջ նախաձեռնություն է եւ նախարարությունն այս ուղղությամբ լուրջ ծրագրեր է իրականացնում ու մշակում», – ասաց Գաբրիել Ղազարյանը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
25.07.2014