Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես էությամբ կառուցող եմ»

Հուլիս 26,2014 14:08

Արցախի պետական կամերային նվագախմբի հիմնադիր, դիրիժոր
Գեւորգ Մուրադյանի համոզմամբ, տեղի հոգեւոր վերածննդի խնդիրը լուծված է

Դիրիժոր Գեւորգ Մուրադյանին հատուկ ներկայացնելու հարկ չկա: Արվեստագետն իր կարիերայի սկզբից (1970-ականների կեսեր) ղեկավարել է հայաստանյան հեղինակավոր կոլեկտիվներ, այդ թվում՝ ՀՀ հեռուստառադիոյի սիմֆոնիկ, ապա Երեւանի սիմֆոնիկ նվագախմբերը, հանդիսացել է Հայաստանի ֆիլհարմոնիկ երգչախմբի գեղարվեստական ղեկավար, բազմիցս անցկացրել է ֆիլհարմոնիկի հոգեւոր երաժշտության համերգները: Նա Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի առաջին դիրիժորներից էր: Հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, ստեղծագործական գործունեությանը զուգընթաց՝ Գեւորգ Մուրադյանը դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում: Արվեստագետը եզակի հայ դիրիժորներից է, որը 1980-ականների սկզբում մասնակցելով Մոսկվայում կայացած մրցույթին, արժանացավ դափնեկրի կոչման: Նա եզակի է նաեւ ուսումնառության առումով. այս պահին չենք մտաբերում հայ դիրիժորի, որը խորհրդային տարիներին ուսանած լինի հեղինակավոր Վիեննայի երաժշտական ակադեմիայի ասպիրանտուրայում: Այս ուսումնական հաստատությունը Գեւորգ Մուրադյանն ավարտել է գերազանցությամբ:
2004թ. երբ Գեւորգ Մուրադյանը հրավիրվեց Արցախ՝ հիմնելու եւ ղեկավարելու տեղի պետական կամերային նվագախումբը, կոլեգաներից շատերը թերահավատ էին: Դիրիժորին ոչինչ չկանգնեցրեց. նա 12 հայաստանցի երաժիշտների հետ մեկնեց Արցախ, այնտեղ նրանց միացան տեղացի գործընկերները եւ 2004-ի մարտի 16-ից սկսվեցին կամերային նվագախմբի առաջին փորձերը:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Գեւորգ Մուրադյանը շեշտեց, որ արդեն 10 տարի անց նվագախումբը արցախյան ուժերով է որակ տալիս. «Նվագախմբի երաժիշտների հիմնական կորիզը Արցախի երաժշտական քոլեջի շրջանավարտներ են»: Հետո էլ հավելեց, թե համերգներ են կազմակերպում ոչ միայն Ստեփանակերտում, այլեւ շրջաններում՝ Շուշիում, Հադրութում, Մարտունիում, Ասկերանում, Ճարտարում եւ այլուր: Կամերայինը քանիցս հանդես է եկել Երեւանում, անցյալ տարի մասնակցել Մոսկվայում կայացած Արցախի մշակույթի օրերին, հյուրախաղերով հանդես եկել Նորվեգիայում: Հոբելյանի առիթով էլ հրավեր ունեն ԱՄՆ-ից:

Դիրիժորն առանձնակի ոգեւորությամբ ներկայացրեց, որ նվագախմբի հետ համագործակցել են անվանի արվեստագետներ, այդ թվում՝ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Լեւոն Չաուշյանը, ջութակահարներ Էդուարդ Թադեւոսյանը, Վիկտոր Խաչատրյանը, դաշնակահարներ Անահիտ Ներսիսյանը, Արմինե եւ Լիլիթ Գրիգորյանները, Մարտին Բերկովսկին (ԱՄՆ), օպերային երգիչներ Հասմիկ Պապյանը, Բարսեղ Թումանյանը, Իրինա Զաքյանը, ֆլեյտահար Արտաշես Գրիգորյանը (ՌԴ) եւ այլն: Կամերայինի հետ մշտապես համագործակցում են արցախցի անվանի երաժիշտները, երգիչներ Սոֆյա Մելքումյանը, Մերի Կարապետյանը, Լիլիթ Սաֆարյանը, Կարեն Ղարիբյանը, Սարիբեկ Սարգսյանը, շեփորահար Արսեն Սաֆարյանը եւ մյուսները: Կամերային նվագախմբի նվագացանկը ընդգրկուն է. հայ, համաշխարհային դասական եւ ժամանակակից կոմպոզիտորներ:

Գեւորգ Մուրադյանն առանձնահատուկ նշեց կամերայինի հանդեպ Արցախի կառավարության ուշադրությունը եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության՝ իրենց զորավիգ լինելու փաստը:

Մեր հետաքրքրությանը՝ Արցախում մշակութային կյանքի մասին, պարոն Մուրադյանը հայտնեց. «Ունենք երկու պետական երգչախումբ, էստրադային նվագախումբ, մանկապատանեկան էսթետիկական կենտրոններ, էլ չասեմ Ստեփանակերտի պետական թատրոնի մասին… Մի խոսքով՝ արցախահայության հոգեւոր վերածննդի խնդիրը լուծված է: Ինքս հիմնել ու ղեկավարում եմ Դպրոցականի ֆիլհարմոնիայի աշխատանքները, շաբաթը մեկ անգամ արցախյան TV-ով վարում եմ «Դասական ալիք» հաղորդաշարը»:
Խնդրեցինք պատասխանել հետեւյալ հարցին. ի սկզբանե մտավախություն չունեի՞ք, որ նման առաքելությամբ, այն է՝ հիմնադրել պետական նվագախումբ, մեկնեցիք Արցախ: «Մտավախությունը միշտ էլ ուղեկցում է մարդուն, մանավանդ, երբ նա հայտնվում է իրեն անծանոթ նոր շրջապատում… Ի վերջո, Արցախում պետք է ստեղծվեր պրոֆեսիոնալ նվագախումբ, ինչը, փառք Աստծո, այլեւս իրականություն է: Ասեմ, որ ես էությամբ կառուցող եմ, ավելի ճիշտ՝ կառուցող երաժիշտ: Դրա վկայությունն է իմ անցած ստեղծագործական ուղին»,- ասաց Գեւորգ Մուրադյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031