Լրահոս
Օրվա լրահոսը

Հեծանիվով երթեւեկելիս հեշտությամբ են շրջանցում խցանումները

Հուլիս 26,2014 14:15

Հեծանիվ քշելը կարծես թե նորաձեւ է դարձել: Ամառվա այս եղանակին քաղաքի կենտրոնում հաճախ ենք հանդիպում հեծանվորդների: Շատացել են նաեւ հեծանիվների կայանատեղիները: «Առավոտի» տեսախցիկը ֆիքսել է դրանցից մի քանիսը:

Մինչեւ ամառային արձակուրդները 23-ամյա Խուրշուդյան Ասատուրը հեծանիվով կտրում-անցնում էր տնից բուհն ընկած ճանապարհահատվածը: Ըստ նրա, որպես փոխադրամիջոց, հեծանիվն արդարացնում է իրեն, ավելին՝ այն օգնում է շրջանցել խցանումները. «Ես ապրում եմ 3-րդ մասում, իսկ ինչպես գիտենք, «Հայրենիք» կինոթատրոնի մոտ հաճախ են խցանումներ լինում: Հեծանիվով երթեւեկելիս դրանք հեշտությամբ եմ շրջանցում, իսկ ինչ վերաբերում է արագությանը, ապա Երեւանի պետական համալսարան հասնում եմ 40 րոպեում՝ ճիշտ նույնքան ժամանակահատվածում, որքան հասնում է ավտոբուսը»:

Ազատության հրապարակում որոշակի գումարի դիմաց հեծանիվները վարձակալությամբ են հանձնվում դրանք վարել ցանկացողներին: Հեծանվային երթեւեկության այս տենդենցը «վարակել» է նաեւ 21-ամյա Գարիկ Թադեւոսյանին: «Անկեղծ ասած, տեսա, որ շատերը սկսել են հեծանիվ քշել, ոգեշնչվեցի եւ մի նոր հեծանիվ գնեցի: Այժմ շաբաթը 2 անգամ ընկերոջս հետ հեծանվային զբոսանքի եմ գնում»,- ասում է նա: Գարիկը շարունակում է անկեղծանալ. հեծանիվ վարում է սոսկ հաճույքի համար, այն չի ընկալում որպես փոխադրամիջոց, ինչպես ասում է՝ մշտապես հեծանվային երթեւեկությունը հոգնեցուցիչ է, քանի որ պահանջում է գերլարվածություն, զգոնություն: «Բացի այդ, հնարավոր է, որ դու գնաս մի այնպիսի տեղ, որտեղ պետք է ներկայանաս դասական հագուստով, ինչը հեծանիվի պարագայում անհարմարություն է առաջացնում: Ըստ իս՝ հեծանիվ պետք է վարել միայն մարզական հագուստով»: Գարիկը հավելում է՝ խուսափում է հեծանիվով երթեւեկել փողոցի կենտրոնական վայրերում, նախընտրում է հետիոտնի համար նախատեսված մայթերը: Շարունակելով հեծանվային երթեւեկության թեման՝ Ասատուրն էլ հավելում է՝ կան դժվարություններ՝ կապված վարորդների եւ հետիոտների ըմբռնման ու հանդուրժողականության հետ. «Ժողովուրդը սովոր չէ հեծանվորդներին, օրինակ, երբ դիմացովդ մարդ է անցնում ու դու սեղմում ես զանգը, ոչ ոք չի շրջվում նայելու, թե դա ինչ է, մարդիկ չեն զգուշանում, իսկ վարորդներն ազդանշաններ են տալիս՝ չգիտակցելով, որ գուցե դրանով խանգարեն հեծանիվ քշողներին»: Ասատուրը նույնիսկ հասցրել է հեծանիվով վթարի ենթարկվել՝ մի տաքսու վարորդի պատճառով: «Դեպքը եղել է Քոչարի փողոցում: Երթուղային տաքսին կանգառին շատ մոտ էր կայանել: Փորձեցի ձախ կողմով շրջանցել նրան եւ մի տաքսի, որը հաստատ չէր կարող չնկատել ինձ, այնքան մոտ կանգնեց իմ ու երթուղայինի արանքում, որ թեւս վնասվեց: Սխալը նրանն էր, բայց մի բան էլ ինքը զայրացավ»,- պատմում է նա:

Շատերը հեծանիվը չեն ընկալում որպես այլընտրանքային կամ հիմնական տրանսպորտային միջոց, քանի դեռ հեծանվային երթեւեկության համար չկան բոլոր անհրաժեշտ պայմանները. «Այսօր հեծանիվների կայանատեղիների հանդիպում ենք հիմնականում քաղաքի կենտրոնական փողոցներում, սակայն մեր ոչ բոլոր բարեկամներն են Կենտրոնում ապրում: Այդ առումով ներքին անհանգստություն կլինի, երբ հեծանիվը կայանենք բավական հեռու եւ գնանք հյուր»: Իսկ Ասատուրը հակառակվում է՝ պարտադիր չէ հեծանիվը կայանել դրա համար նախատեսված վայրում, այն կարելի է շղթայել մոտակա ծառին: Այնուամենայնիվ, ինչպես ֆիքսել է «Առավոտի» տեսախցիկը, այսօր քաղաքի կենտրոնում կան բազում կայանատեղիներ, իսկ վերջերս Երեւանում հեծանվորդների համար ստեղծվեց մեկ երթուղի, որը սկսվում է Մատենադարանից եւ ավարտվում «Էրեբունի» թանգարանի տարածքում: Ինչպես ասում են՝ Մոսկվան էլ միանգամից չի կառուցվել: Դեռ մի քանի տարի առաջ Հայաստանում հեծանիվների կայանատեղի ունենալը հեծանվորդների համար միայն երազանք էր, իսկ այսօր հեծանվային մշակույթը զարգացման շեմին է:

ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hakob says:

    հեծանիվ քշողները պետք է հնարավորինս ծուսափեն մայթով քշելուց:
    Իսկ ճանապարհնրի վրա պետք է խստագույնս հետևեն երևեկության կանոններին: իրենց ապհեն որպես շարժական տրանսպորտ: Ոստիկանությունը պետք է բացատրական միջոցառումենր անցկացնի /հեռուստացույցով և այլն/ հեծանվորդներին կարգ ու կանոն սովորացնելու համար: որ մայթերով ու հետիոտների անցումներում “գանյատ” չանեն. այլ իջնեն հեծանիվից ու իրենց պահեն որպես հետիոտն, եթե ուզում են օգտվել հետիոտների համար նախատեսված ճանապարհներից:
    եթե կարգ ու կանոն չլինի, ապա անխուսափելի կլինեն վթարները ու վիրավորները:
    հեծանվորդնրը պետք է հարգեն հետիոտներին այնպես, ինչպես որ արդեն հարգում են վարոդները չկարգավորվող անցումների վրա:
    մի խոսքով, Շարժական միջոցները /հեծանիվ, սամակատ…/ իրենց պետք է պահեն որպես շարժական միջոց, ու ենթարկվեն Ճանապարհային երթևեկության բոլոր կանոններիրն:

  2. Hakob says:

    թևը վնասելու դեպքը
    եթե հեծանվորդի կողմից չի կատարվել գիծ փոխելու համար նախատեսված ընթացակարգը, ապա միաշնակ մեղավոր է հեծանվորդը:
    հեծանվորդը գիծ փոխելուց նաև պետք է օգտվի ձեռքով տրվող ազդանշանային համակարգից, եթե հեծանիցը չունի ազդանշանային այլ միջոցներ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031