Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարադատություն իրականացնող մարմինները Հայկ Մովսիսյանի գործը ֆուտբոլի գնդակի պես այս ու այն կողմ են նետում»

Հուլիս 26,2014 14:20

Հայկ Մովսիսյանի մայրն այդպես էլ չի կարողանում անժամանակ մահացած
որդուն տուժող ճանաչել տալ, իրեն էլ՝ տուժողի ներկայացուցիչ

2 տարի առաջ ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի մայրը` Հեղինե Պետրոսյանը, շուրջ մեկ տարի է՝ պայքարում է, որպեսզի անժամանակ մահացած որդին տուժող ճանաչվի, ինքն էլ՝ տուժողի ներկայացուցիչ:

Հայկ Մովսիսյանը մահացել է 2 տարի առաջ` զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու նպատակով անդամախեղում կատարելու դեպքի առթիվ իր նկատմամբ հարուցված քրեական գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչվելուց եւ 3 տարվա ազատազրկման դատապարտվելուց 7 օր հետո:
Գործը որակվել է որպես ինքնասպանություն, եւ նախորդ տարվա մարտին ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործի մասը կարճելու վերաբերյալ:

Հայկ Մովսիսյանի վերաբերյալ քրեական գործի վարույթն իրականացրած պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու պատճառաբանությամբ՝ հաջորդ օրը որոշում է կայացվել քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչի 2013թ. մարտի 28-ի որոշմամբ եղած քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ` Հայկ Մովսիսյանի վերաբերյալ քրեական գործի վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց պաշտոնեական անփութության ենթադրյալ դեպքի առթիվ:

Մեկ ամիս անց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը, անմեղ է ճանաչել Հայկ Մովսիսյանին, արդարացրել նրան հանցակազմի բացակայության հիմքով:

Այդ օրվանից Հայկ Մովսիսյանի մայրը թակում է մեկ դատարանի, մեկ դատախազության դուռը` պահանջելով պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին տրամադրելու քրեական գործ հարուցելու մասին որոշումը, ինչպես նաեւ իրեն ճանաչել որպես տուժողի իրավահաջորդ՝ սույն քրեական գործով վարույթում ներգրավվելու հարցում:

Նրա ներկայացուցիչներ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ու կազմակերպության իրավաբան Արայիկ Զալյանը դիմել են ՀՀ վճռաբեկ դատարան` պահանջելով վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014թ. հուլիսի 4-ի որոշումը եւ գործն ուղարկել նույն դատարան` նոր կազմով քննության:

«Սույն գործով Վճռաբեկ դատարանում վիճարկվում է առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումների օրինականությունը: Հ. Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա. Զալյանի եւ Ա. Սաքունցի դիմում-բողոքները դատարանների կողմից մերժվել են պատճառաբանությամբ, որ մինչ դատարան դիմելը դիմումատուները ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Մ. Բաբայանի կողմից գրությամբ տրված մերժումները (դատավարության կողմ ճանաչելու եւ քրեական գործը կարճելու մասին որոշումը տրամադրելու մասին) չէին բողոքարկվել վերադաս դատախազին:
Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները նման եզրակացության հանգելով՝ չարամտորեն շրջանցեցին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի՝ դիմողն իրավունք ունի իրեն դատավարության մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշումը ստանալուց 5 օրվա ընթացքում համապատասխան մերժումը բողոքարկել դատարանում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է կազմակերպության իրավաբան Արայիկ Զալյանը:

Նա նշում է, որ սույն գործի շրջանակներում իրենց կողմից ներկայացվել են մի շարք միջնորդություններ՝ դատավարության կողմ ճանաչելու մասին:

«Մասնավորապես, 2013թ. օգոստոսի 16-ին ներկայացված միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ ներկայացվել է դիմում-բողոք ՀՀ գլխավոր դատախազին, որի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Գ. Խ. Երեմյանի կողմից ստացվել է պատասխան գրություն, ըստ որի հայտնվել է, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դիմողն իրավունք ունի իրեն դատավարության կողմ մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշման պատճենը ստանալուց 5 օրվա ընթացքում համապատասխան մերժումը բողոքարկել դատարան: Այսինքն՝ դատավարության մասնակից ճանաչելու պահանջի մերժման որոշումները դատախազին բողոքարկման ենթակա չեն: Սույն գործի շրջանակներում ստացվում է այնպես, որ դատավարության մասնակից ճանաչվելու պահանջի մերժման որոշումները ՀՀ դատախազության եւ ՀՀ դատարանների կողմից քննության ենթակա չեն, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը սույն գործը քննած դատավորներին առհասարակ հասու չէ»,- ասում է Արայիկ Զալյանը` նկատելով, որ Հայաստանում արդարադատություն իրականացնող մարմինները Հայկ Մովսիսյանի գործը ֆուտբոլի գնդակի պես այս ու այն կողմ են նետում:

Նա հույս է հայտնում, որ գոնե ՀՀ վճռաբեկ դատարանը վերջ կտա տարիներով ձգձգվող անօրինականություններին:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
«Առավոտ» օրաթերթ
25.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031