Բազմազավակ գյումրեցի ընտանիքների բնակարանների գնման
ծրագիրը ժամանակավորապես է դադարեցվել
Ինչպես տեղեկացրել ենք, բողոքով «Առավոտ» թերթի խմբագրություն էր դիմել Գյումրիի Վազգեն Սարգսյան 1-ին թաղամասի 94/3 հասցեի բնակչուհի, 9 երեխաների մայր Լիլիթ Խաչատրյանը՝ նշելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը դադարեցրել է 9 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարաններ գնելու ծրագիրը: Այդ ընտանիքների թիվը Շիրակի մարզում վեցն է: «Առավոտն» իր 24.07.2014 թ.-ի «Հովիկ Աբրահամյանի կառավարությունը բազմազավակներին խաբել է» հրապարակմամբ անդրադարձել էր այս խնդրին: Տիկինը հատկապես վրդովված էր, որ գործից կտրել ու Ռուսաստանի Դաշնությունից կանչել էր իր ամուսնուն, որպեսզի բնակարան ձեռք բերելու համար համապատասխան փաստաթղթերը ստորագրի, սակայն ամուսնու՝ Հայաստան վերադառնալուն պես, Շիրակի մարզպետարանից պատասխանել էին, որ ծրագիրը ժամանակավորապես հետաձգվել է: Նյութական վնաս կրած ընտանիքի մայրը դիմել էր մեր խմբագրություն՝ խնդրելով պարզել, թե ինչո՞ւ իրենց անտեղի ոտքի հանեցին, մի բան էլ ավելորդ ծախսերի տակ գցեցին ու «վերջում խաբեցին»:
Երեկ այս թեմայի շուրջ «Առավոտ»-ին պարզաբանումներ ներկայացրեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ մեկին չի խաբել. այս տարվա ապրիլի 10-ին կառավարության որոշում է եղել, թիվ 363 որոշումը, որով նախատեսվել էր նաեւ բնակարաններ գնել բազմազավակ ընտանիքների համար: Դա պետք է արվեր մարզին հատկացվող հրատապ ծրագրի միջոցների հաշվին: Տարվա սկզբին տարբեր բնական աղետներ եղան, նախ՝ ցրտահարություն, հետո՝ կարկտահարություն, եւ կառավարությունը, հաշվի առնելով պահուստային ֆոնդի ֆինանսական միջոցների առավել հրատապ ծախսերի պահանջը, պահուստային ֆոնդի գումարների մասով հատկացումների մի մասը հետաձգեց, կրկնում եմ՝ ոչ թե հանվեց, այլ հետաձգվեց: Հրատապ ծրագրերի մեջ մնացին բոլոր նախատեսվելիք աշխատանքները, այդ թվում նաեւ բնակարանների ձեռք բերումը, այսինքն՝ բնակարանների ձեռք բերումը ծրագրից չի հանվել»,- պարզաբանեց Ֆելիքս Ցոլակյանը:
Կարդացեք նաև
Մարզպետը նաեւ ասաց, որ իրենք պարտավոր էին անմիջականորեն աշխատել տվյալ ընտանիքի հետ, որպեսզի կազմեին նրանց բնակարանային գործը, այլ կերպ լինել չէր կարող:
«Քաղաքացուց պահանջել ենք անհրաժեշտ փաստաթղթերը, տեղեկանքներ եւ այլն: Ժամկետների հարցում մենք պայմանավորվածություն չենք ունեցել: Գործընթացը սկսել ենք, բայց հիմա կանգնած է, իհարկե՝ շարունակվելու է, լինելու է: Այդ մարդիկ իրենց բնակարանները կստանան, հույսները թող չկտրեն: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե իրենց խաբել են, ապա դա իրականության հետ որեւէ աղերս չունի: Դուք տեսնում եք վերջին շրջանում վարչապետի այցերը Գյումրի, վերաբերմունքը Շիրակի մարզի նկատմամբ, իր գալը-գնալը, բոլոր հարցերով հետաքրքրվելը, բոլոր հարցերի մեջ մտնելը… եւ էս ֆոնի վրա էս խոսակցությունն այնքան էլ տեղին չէ»,- ասում է Շիրակի մարզպետը:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.07.2014
Ճիշտ է, ոչ մեկին չի խաբել, բոլորին է խաբել ու խաբս տվել:Մկան ճարպկությամբ :