Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Դանիելյանի պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանին

Հուլիս 26,2014 14:40

Սերժ Սարգսյանը հանձնարարական չի տվել

«Նման խնդիր չի դրվել գոնե հանձնաժողովի առջեւ: Մենք ենք, չէ՞, պատրաստում նախագիծը, եւ հանձնաժողովի որեւէ անդամի առջեւ, այդ թվում նաեւ իմ առջեւ նման խնդիր դրված չէ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը՝ հակադարձելով Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահայտած դիրքորոշմանը: Հիշեցնենք. իր վերջին հարցազրույցում ՀԱԿ առաջնորդը, մասնավորաբար, նկատել էր. «…Հայաստանի եւ Ղարաբաղի հետ կապված հրատապ լուծում պահանջող բոլոր խնդիրներն, ըստ այդմ, ստորադասված են սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանի բռնապետության հավերժացման միակ նպատակին։ Եվ դա արվում է այնքան ցինիկ ու կոպիտ ձեւով, որ այլեւս ոչ ոքի մոտ կասկած չի թողնում Սարգսյանի բուն շարժառիթի վերաբերյալ։ Թեեւ քաղաքական բոլոր լուրջ ուժերը կտրականապես դեմ են արտահայտվել սահմանադրական փոփոխությունների չարաբաստիկ նախաձեռնությանը, սակայն Սերժ Սարգսյանն իր նպատակին հասնելու գլխավոր խոչընդոտը համարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը:…»: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում առաջարկվող կառավարման համակարգի փոփոխությունն, ըստ առաջին նախագահի, գործող ռեժիմի երկարաձգման համար է արվում: «Սահմանադրական փոփոխությունների խնդիրն, ըստ այդմ, յուրատեսակ ջրբաժան է բռնապետական ռեժիմի եւ հասարակության առողջ ուժերի միջեւ` կնճիռ, որի հանգուցալուծումից է կախված Հայաստանի եւ Ղարաբաղի ապագան։ Եթե Սերժ Սարգսյանը շարունակի համառել սահմանադրական փոփոխությունների միջոցով իր իշխանությունը հավերժացնելու փորձում, ապա աշնանը ծավալվելիք լուրջ քաղաքական գործընթացների ճնշման տակ նա, անտարակույս, կդառնա սեփական ավազակապետական համակարգի գերեզմանափորը։ Քաղաքական ուժերը որոշ առումով նույնիսկ պետք է շնորհակալ լինեն Սերժ Սարգսյանին` իրենց մի այնպիսի կոնսոլիդացնող զենք տրամադրելու համար, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի միավորիչ գաղափարն է։ Ցանկացած բռնապետ, որքան էլ հզոր, ժամանակի ընթացքում կորցնելով իրականության զգացողությունը՝ վերջիվերջո մի ճակատագրական սխալ թույլ է տալիս։ Սերժի պարագայում այդ ճակատագրական սխալը միանշանակ սահմանադրական փոփոխությունների ձախորդ նախաձեռնությունն է հանդիսանալու»,- ասել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Գեւորգ Դանիելյանն առաջին նախագահի դիտարկումներին ծանոթ չէ, բայց կուսումնասիրի, «որովհետեւ մեզ եւս անհրաժեշտ է քաղաքական ուժերի դիրքորոշումը»: Բայց նա հարկ համարեց մեկ անգամ եւս հիշեցնել, որ հանրապետության նախագահի մոտ եղել է հանդիպում, վերջինս հայտարարել է, որ նա որեւէ ձեւով իր թեկնածությունը չի դնելու, որ անձնավորված որեւէ խնդիր չկա, որ իբրեւ քաղաքական գործիչ՝ ինքը նախապատվությունը կտար կիսանախագահական կառավարման ձեւին: Ասաց, որ «սուբյեկտիվ կտրվածքով» քննարկումներ, բնականաբար, եւս չեն լինելու: «Եվ, բնականաբար, հանձնաժողովի առջեւ խնդիր է դրվել հնարավորինս համարժեք, խորությամբ ուսումնասիրել բոլորի՝ հատկապես քաղաքական ուժերի դիրքորոշումը եւ ըստ այդմ գալ մի եզրակացության: Այսինքն՝ միանշանակ որեւէ խնդիր դրված չէ: Եթե դրված լիներ, համոզված եմ, հանձնաժողովում այդ հարցը շատ ավելի խորը կուսումնասիրվեր, եւ իրենք հանդես կգային մեկ տեսակետով, ոչ թե երկու, որպեսզի նաեւ քաղաքական ուժերը մասնակցեին եւ այս կամ այն տեսակետին կողմ կամ դեմ արտահայտվեին»:

Նման հարցադրումը Գեւորգ Դանիելյանի մոտ տարակուսանք է առաջացնում:
Քանի որ խորհրդարանական քառյակում տարբեր մոտեցումներ կան սահմանադրական բարեփոխումներ իրականացնել-չիրականացնելու վերաբերյալ, տեսակետ է շրջանառվում, որ հենց այդ տարաձայնությունը կարող է քառյակի պառակտման պատճառ դառնալ: «Առավոտի» այդ դիտարկմանը մեր զրուցակիցն արձագանքեց. «Դա իմ խնդիրը չէ: Ես, որպես հանձնաժողովի անդամ, կոռեկտ չեմ համարում քաղաքական վերլուծություններ անել, քաղաքական գնահատականներ տալ: Ես դրանց վերաբերվում եմ ընդամենն իբրեւ տեսակետների: Տեսակետները կարո՞ղ են հանգեցնել ինչ-որ զարգացումների, թե՞ ոչ՝ առանձին խնդիր է, որին չէի ցանկանա անդրադառնալ: Բայց առանձին տեսակետների առկայությունը համարում եմ շատ կարեւոր մի նյութ՝ քննարկումներն իրականացնելու համար: Շատ հարցադրումներում, ի դեպ, կան նաեւ միասնական մոտեցումներ: Դրանք մեզ հիմք են տալիս հանգել եզրակացության, որ մի շարք ինստիտուտների մասով եւ հանձնաժողովի ներսում, եւ քաղաքական ուժերի մոտ չկան տարաձայնություններ, ինչը ողջունելի է: Մենք ընդամենը պետք է քննարկենք, թե ինչի՞ կհանգենք՝ ժամանակը ցույց կտա»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031