Լրահոս
Օրվա լրահոսը

Գիր եւ Հայրենիք

Հուլիս 26,2014 15:00

Ինձ միշտ հիացրել է գետի անվախճանական հավատարմությունը իր ափերին, չնայած որ ջրերը շարունակ հեռանում են, որ ծով հասնելով՝ նորից վերադառնան, երբեք չլքած իրենց ափերը, որը հայրենիքն է իրենց, քանի որ ափերը կենդանի են, ինչքանով կա անվերջ հեռացող, բայց միշտ հաստատուն գետը: Եվ եթե ջրերի կյանքը մեզ անհասու է, քանի որ գտնվում է Աստծո գաղտնի հրամանի մեջ, ապա կարծես թե պատմության գաղտնի հրամանը մեզ պիտի որ հասկանալի լինի:

Մեր հին ցեղին հատկապես, ում ժամանակների մեջ ապրած տառապանքը մեզ պետք է ճանաչել տար, խորացներ մեր ապրած աշխարհի իրական իմացությունը եւ գոնե մեր ներսում հեռու պահեր մեզ երկակի խաղերից՝ դարձնելով մեզ ոչ թե պատեհապաշտ քամիներին հետեւորդ, այլ հաստատուն բեւեռ…

Մտածում եմ նաեւ, որ երիցս ճիշտ էր հրաշալի Հրանտ Մաթեւոսյանը, երբ ասում էր, թե՝ Պետրոս Մեծը ուրիշների երկրներ գրավեց, ստեղծեց մեծ կայսրություն, բայց այդ ամենը կմնային ընդամենը գրավյալ տարածքներ, եթե չլինեին Լեւ Տոլստոյը եւ ռուս գրականությունը, որ Պետրոս Մեծի ստեղծած կայսրությունը դարձրին հայրենիք:
Ահա այդպես… իսկ մինչ այդ ժամանակի թմբիրից արթնացող ռուսական մտքի խորքում՝ որպես համազգային զանգի ղողանջ, հնչում էր մեծն Նիկոլայ Գոգոլի անհանգիստ փնտրտուքներից տառապած ձայնը, որն ասում էր. Ո՞ւր է այն մարդը, որ պիտի հնչեցնի՝ Առա՛ջ Ռուսաստան խոսքը, որ մյուս ժողովուրդներն ու տերություններն սթափվեն եւ կողքի քաշվելով՝ ճանապարհ տան իր ուժն արդեն ճանաչած Ռուսիային:
Այո՛, հենց այդպես: Ռուս գրավոր խոսքը օտարներից գրաված, յուրացրած անծայրածիր տարածքները ձեւակերպեց որպես սեփական հայրենիք: Իսկ ի՞նչ ենք անում մենք, մեր գրավոր միտքը, երբ Հայաստանում հնչեց Առաջ Հայաստան կոչը: Ի՞նչ արեցինք: Կարողացա՞նք արդյոք մեր սրբազան հայրենիքի ազատագրված մի տարածքը այս տարիներին ձեւակերպել որպես հայրենիք:

Կարողացա՞նք: Չգիտեմ:

Որովհետեւ հայոց մեր կյանքում այսօր կարծես թե ոչ ոք չի հիշում միջնադարյան թանձր քնից արթնացած, ազգային ինքնությունը գիտակցած, առաջին մեծն մունետիկ Խաչատուր Աբովյանի հայտնի վեպի առաջաբանում գրեթե երկու հարյուր տարի հնչող, սիրտ սարսռացնող ձայնը, որն ասում էր՝ Դուք ո՞ւմ վրա եք ձեռք բարձրացնում, Հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում…

Այո, մոռացել ենք եւ կարծես թե սկսել ենք մենք էլ մեզ չճանաչել, քանի որ մեր երկրի համար ճակատագրական այս պահին, երբ կարծես տեսանելի է դառնում Ղարաբաղի անկախությունը, փոխանակ հետեւենք Աբովյանի հնչեցրած ձայնին, շարունակ կասկածի, անվստահության մոլախոտ ենք ցանում մեր թվացյալ քաղաքական արտերում ու շարունակ վերլուծում ենք, վերլուծում, գուշակում, փորձում հաստատել գոյություն չունեցողը եւ նսեմացնել մեր երկրի՝ արդեն ինքնահաստատվող դեմքը:

Վերլուծաբանում ենք առանց խորաթափանցության՝ մոռանալով, որ մեր ազգային նպատակին հասնելու հաստատակամությունը վեհացնելու է մի ամբողջ սերունդ, իսկ նպատակին հասնելու հաստատակամության բացակայությունը կփչացնի սերունդներ…

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031