«Իրազեկվածության պակասի պատճառով հասարակության մեջ դեռ մնում է այն կարծրատիպը, որ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ գրեթե ոչինչ անել չեն կարող»,- մտահոգվում է «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ-ի նախագահ Արփինե Աբրահամյանը: Մինչդեռ, նրա համոզմամբ, դա ընդամենը թյուր կարծիք է, որը գալիս է մարդկանց անտեղյակությունից:
Այն, որ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ նույնպես կարող են աչքի ընկնել իրենց ստեղծագործական երևակայությամբ, երևաց այսօր՝ «Ոչ ֆորմալ մասնագիտական ուսուցում մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների համար» դրամաշնորհային ծրագրի ավարտական շնորհանդեսի ժամանակ:
Դրամաշնորհային այս ծրագիրը մեկնարկել է 2013թ. օգոստոսի 1-ից և կավարտվի 2014թ. հուլիսի 31-ին: Այն իրականացվում է «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ-ի կողմից՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում: Վերջինս էլ իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
Կարդացեք նաև
Ա. Աբրահամյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ մտավոր խնդիրներ ունեցող 30 երիտասարդների համար: Ուսուցանվել են երեք մասնագիտություններ՝ ձեռագործության տարբեր ոճեր, կավագործություն և գեղագիտական ձևավորում (դիզայն). «Սկզբում ծրագրում ներգրավված էին 38 երիտասարդներ, որոնցից 8-ի հետ աշխատանքներն այն արդյունքը չունեցան, ինչ ակնկալում էինք»,- ասաց տիկին Աբրահամյանը: Իսկ ակնկալիքը այդ երիտասարդների ձեռքի աշխատանքների ցուցադրությունն էր, և այսօրվա շնորհանդեսին ներկայացված էին ոչ թե 38, այլ 30 երիտասարդների աշխատանքները:
Ա. Աբրահամյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց նաև, որ «Փրկություն» ՀԿ-ի ցերեկային խնամքի և առօրյա զբաղվածություն կազմակերպող կենտրոնում անցկացվել են նաև սեմինարներ Երևանի զբաղվածության 10 կենտրոնների աշխատակիցների և գործատուների համար. «Սեմինարների նպատակն է եղել իրազեկել մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների աշխատանքային հնարավորությունների, կարողությունների և պատրաստած աշխատանքների մասին, որովհետև եղել են դեպքեր, որ հենց տարածքային զբաղվածության կենտրոնների աշխատակիցներն են խոստովանել, որ չեն պատկերացրել, թե մտավոր խնդիրներ ունեցողները կարող են նման աշխատանքներ անել: Այսինքն՝ այսօր հասարակությունն իրազեկման խնդիր ունի: Ցավոք, դա գալիս է նաև լրատվամիջոցներից: Եթե վերջիններս չեն իրազեկում հանրությանը, որի մաս են կազմում նաև գործատուները, ուրիշ որտեղի՞ց նրանք կարող են տեղեկանալ: Չէ՞ որ միայն փողոցում մարդուն տեսնելով չես կարող պատկերացնել, թե նա ինչ ընդունակություններ ունի»,- ասում է «Փրկություն» ՀԿ-ի նախագահը:
Ինչ վերաբերում է երիտասարդների ձեռքի աշխատանքներին, տիկին Աբրահամյանն ասաց, որ իրենք ցուցահանդես-վաճառք կազմակերպելու իրավունք չունեն, քանի որ «Փրկություն» ՀԿ-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, բայց եթե իրենց հրավիրում են ցուցահանդես-վաճառքների, իրենք դրանք ներկայացնում են. «Վաճառվելու դեպքում գումարի 50%-ն ստանում է շահառուն, որից և´ նրա ինքնագնահատականն է բարձրանում, և´ ընտանիքի վերաբերմունքն է փոխվում նրա նկատմամբ, իսկ մյուս 50%-ով նյութեր ենք ձեռք բերում, քանի որ մենք պետությունից ստանում ենք միմիայն աշխատավարձ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ թեև ծրագիրն ավարտվում է հուլիսի 31-ին, բայց իրենց աշխատանքը շարունակական է լինելու, որովհետև այն, ինչ սովորեցրել են մտավոր խնդիրներ ունեցող 15-35 տարեկան պատանիներին ու երիտասարդներին, պետք է ամրապնդել և խորացնել նրանց մեջ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ