Հուլիսի 24-ին՝ ժամը 20:30-ին, Արարատյան Հայրապետական Թեմի Երիտասարդաց միություններն ԱՀԹ-ի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և տնօրինությամբ Ազատության հրապարակում կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Թեմի երիտասարդները, երեխաները, հղի կանայք և տարեցները գետնին փռված քարտեզի վրա, որտեղ շրջանակների մեջ նշված էին 14 վիլայեթ, հայրենասիրական աշխույժ երգերի ներքո վառված մոմեր դրեցին՝ մատնանշելով այդ վայրերում եղած հայոց երբեմնի կենդանի օջախները: Այնուհետև Հովհաննես սարկավագ Ներսեսյանի ու երիտասարդների հուզիչ կատարմամբ հնչեց «Ադանայի ողբը» երգը, որի ավարտին տղաները կարմիր հեղուկ լցրեցին վիլայեթների վրա՝ խորհրդանշելով 1915 թ. կոտորածը: Ապա` հնչեց «Հայր մեր» աղոթքը, որին հաջորդեց լռության րոպեն:
Միջոցառման ավարտին երիտասարդները, որպես Եղեռնից հառնող ժողովուրդ, «Քոչարի» պարեցին և իրենց միաբերան պահանջը հնչեցրին Թուրքիային՝ հայերեն և անգլերեն լեզուներով. «Լսի՛ր, Թուրքիա՛, մենք հիշում ենք և պահանջում» («Listen Turkey, we remember and demand»):
Սա «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի երրորդ միջոցառումն էր: Ծրագրի շրջանակներում մեկ տարի շարունակ ԱՀԹ երիտասարդները թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ ամեն ամսվա 24-ին կազմակերպելու են միջոցառումներ, բանախոսություններ, քննարկումներ, ուխտագնացություններ և այլն:
Նախաձեռնության նպատակն է ողջ տարվա ընթացքում արթուն պահել եղեռնի զոհերի հիշատակը և ոգեկոչման աղոթք առաքել առ Աստված:
Առաջին միջոցառումը կազմակերպվել էր մայիսի 24-ին՝ ականատեսի նամակների ու լուսանկարների հիման վրա ստեղծված «Արմին Վեգներ» ֆիլմի ցուցադրությամբ (հեղինակ՝ Տիգրան Խզմալյան): Երկրորդ միջոցառումը՝ հունիսի 24-ին՝ Ծիծեռնակաբերդում, ուր կատարվել է հսկման ժամերգություն և հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:
Հաջորդ միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 24-ին:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան