Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Իրավաբանի աշխատանքը պետք է գնահատեն իրավաբանները»

Հուլիս 25,2014 17:55

Երբ Վանաձորում իր մասնագիտական գործունեությունը ծավալող փաստաբան Ռուբեն Հակոբյանը մոտ ընկերոջից պատահաբար տեղեկացավ, որ մասնակցում է «Luxury Group» ընկերության հայտարարած 2013 թվականի «Տարվա մարդ» մրցանակաբաշխությանը, շատ զարմացավ. ինքը երբեւէ նման մրցանակաբաշխությունները ոչ լուրջ է ընդունել, ոչ էլ մտածել մասնակցելու մասին:

«Մեզ ոչ ոք չի հարցրել` ուզում եք մասնակցել, թե ոչ, ես շատ պատահական եմ իմացել, հունիսի 30-ին ինձ զանգահարեց իմ շատ լավ ընկերը, զրույցից տեղեկացա, որ իմ անունն էլ կա տարվա իրավաբան անվանակարգում»,-Aravot.am-ի հետ զրույցում նշում է «Տարվա իրավաբան» անվանակարգում հաղթող ճանաչված փաստաբանը:

Նա նշում է, որ նույն անվանակարգում բացի իրենից եւս 12 հոգի էլ կային, որոնցից ինքը շատ բան է սովորել:

«Այդ 12 հոգուց ճնշող մեծամասնությունը, իրոք յուրաքանչյուրը, առանձին վերցրած, խոշոր իրավաբաններ են, եւ նրանց մի մասից ես շատ բան եմ սովորել, մի մասը ինձ շատ օգտակար խորհուրդներ է տվել, եւ բոլորն էլ արժանի են եղել հաղթանակի»,-ասում է Ռուբեն Հակոբյանը:

Այս հաղթանակը, սակայն, փաստաբանի համար, թեեւ հաճելի է, այնուամենայնիվ, ոգեւորման աղբյուր չէ:

Նա նկատում է, որ անկախ ամեն ինչից` փաստաբանը պետք է իր գործն անի:

«Ինձ համար ամենակարեւորն այն, որ իմ աշխատանքը գնահատեն իմ վստահորդները, որպեսզի ես իմ ստանձնած գործերով հասնեմ հաջողության, կարողանամ օգտակար լինել այն մարդկանց, ում շահերի պաշտպանությունը ստանձնել եմ: Կարեւոր գնահատականը փաստաբանի դա է, երբ որ դու կարողանում ես արդյունքի հասնել այն գործով, որ գործով դու ներկայացնում ես մարդկանց շահերը: Իրավաբանի աշխատանքը պետք է գնահատեն իրավաբանները, եւ դա ավելի մեծ արժեք է, եւ ավելի պարտավորեցնող է, քան թե այսպիսի համացանցային քվեարկությունները»,-ասում է Ռուբեն Հակոբյանը` նկատելով, որ 2013 թվականին փաստաբանների պալատի ղեկավարությունը իրեն պարգեւատրել է թանկարժեք նվերով` ձեռքի ժամացույցով` նկատի ունենալով իր մասնագիտական գործունեության ընթացքում դրսեւորած սկզբունքայնությունը, հետեւողականությունը եւ դրական արդյունքներ ցուցաբերելը: «2009 թվականին եւս պարգեւատրվել եմ ՀՀ փաստաբանների պալատի պատվոգրով»,-եզրափակում է Ռուբեն Հակոբյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031