Ինչպես տեղեկացրել ենք, գիշերը դանակահարելով սպանել էին Գյումրու Արցախ թաղամասի Աթարբեկյան փողոցի 177 տան բնակիչ Էդգար Ռուբիկի Անտիկյանին կամ Վռամենց Էդգարին, որը ժամը 2.30 սահմաններում մահացել էր Գյումրու բժշկական կենտրոնում: Վերջինս մսավաճառ էր, կանգնում էր կենտրոնական շուկայի Լաչինի միջանցք կոչվող հատվածում:
Առավոտյան մեղակայանով ոստիկանության Կումայրի բաժին էր ներկայացել նրա հորաքրոջ թոռը` Շլդիկ Վաղոն, որը ժամանակին եղել է Գյումրու գողական աշխարհի ներկայացուցիչներից մեկի խոզապահը: Վերջինս, ըստ իրավապահների տվյալների, մի քանի անգամ դատված է, մեծ մասամբ բռնվել է հարբելու ու վիճաբանություններ սարքելու համար, ըստ իրավապահների` նա առանց գաղութի ուղղակիորեն կյանք չունի:
Շլդիկ Վաղոյին կասկածում են նաև այս պահին Գյումրու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում պառկած, 1983 թվականին ծնված Թորոս Հակոբյանի դանակահարության մեջ:
Ըստ որոշ տեղեկությունների, Թորոսը ևս մսավաճառ է ու Շլդիկի ընկերն է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջիններս կերուխում են արել երեկ, Շլդիկ Վաղոն, որը խմելու հետ որոշակի սեր ունի, հարբել է, նրա ու իր ազգական Էդգար Անտիկյանի միջև վիճաբանություն է ծավալվել կենցաղային մի խոսակցությունից հետո: Մսավաճառ Վռամենց Էդգարը Շլդիկ Վաղոյի` գաղութում եղած ժամանակ շատ է օգնել վերջինիս ընտանիքին, և սեղանի շուրջ հորդորել է գլխի ճարը տեսնել, մի գործ ճարել, որովհետև այլևս չի կարող օգնել: Վերջինս էլ պատասխանել է. «Ինչի ՞պիտի ինձանից լավ ապրես, որ հիմա էլ երես տաս» ու դանակահարել է նրան: Վիճաբանությանը միջամտել է Շլդիկ Վաղոյի մսավաճառ ընկերը` Թորոսը, որին ևս դանակի հարվածներ են հասել:
Նրան այսօր վիրահատեցին Գյումրու բժշկական կենտրոնում, հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ, վիճակը կայուն ծանր է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ