«Սա օպերա է պատերազմի, խաղաղության և սիրո մասին»,- ժամանակին այսպես է բնութագրել հայ անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանն իր առաջին՝ «Կրակե օղակ» օպերան, որի լիբրետոյի հեղինակ Վլադիմիր Շահնազարյանը Բորիս Լավրենևի «Քառասունմեկերորդը» վեպի սյուժետային գիծը յուրովի կապել է Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» և «Սոմա» պոեմների առանձին հատվածների հետ:
1967 թվականին գրված և նույն տարում էլ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում հաջողությամբ բեմադրված օպերան շատ շուտով կներկայացվի Արցախի հանդիսատեսին:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագծի հեղինակ և գեղարվեստական ղեկավար Սարինե Ավթանդիլյանը՝ տեղեկացնելով, որ Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ, ՀՀ և ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ և ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում կբեմադրվի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան, որը նվիրվում է Արցախի անկախության օրվան և Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին:
Դիրիժոր Ռուբեն Ասատրյանի բնորոշմամբ՝ այս օպերայի հիմքում ոչ թե խորհրդային տարիներն են կամ հեղափոխությունը, ինչպես թվում է առաջին հայացքից, այլ իրականում այն ավելի խորը հիմքեր ունի և համամարդկային, հավերժական թեմաներ է արծարծում:
«Եթե Լավրենևի «Քառասունմեկերորդը» սյուժետային հենքն է կամ այսպես կոչված՝ մարմինը, ապա հոգին, գաղափարական, փիլիսոփայական ոգին Չարենցն է, նրա «Ամբոխները խելագարված» և «Սոմա» պոեմներն են»,- առավել պատկերավոր այսպես բնութագրեց «Կրակե օղակ» օպերան Ռ. Ասատրյանը:
Բեմադրության ռեժիսորը Մարիա Սահակյանն է: Նա առաջին անգամ է օպերա բեմադրում և խոստովանում է, որ իրեն շշմեցրել է Ա. Տերտերյանի ստեղծագործության ուժն ու հզորությունը: Զարմանքով ընդգծեց նաև, որ այս օպերան այսօր, ըստ երևույթին, առավել արդիական է, քան այն ժամանակ, երբ գրվել է. «Օպերայի հիմքում սիրային մի պատմություն է, որն սկզբնավորվում է քաղաքացիական պատերազմի ժամանակ, և պատերազմի այդ քաոսն ու սերը հակադրվում են իրար: Իսկ երաժշտությունը յուրահատուկ կերպով արտահայտում է այն ամենը, ինչ ամեն մարդու հոգում կա»,- մանրամասնեց Մ. Սահակյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ