-Տիկին Նաղդալյան, օրերս լրացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարման 100 օրը, մինչդեռ քաղաքական ուժերը, այդ թվում Հանրապետականները, կարծես չշտապեցին գնահատական տալ այս ընթացքում կատարված աշխատանքին, ինչո՞վ է սա պայմանավորված:
– Կառավարման մշակույթի մեջ ,,100 օր,, հասկացությունը ենթադրում է որոշ սիմվոլիկ ժամկետ / ընդ որում, այդ ժամկետը կարող է նաև այլ թվով արտահայտվել/ , որը ցույց կտա գործողությունների ուղղվածություն, ոչ թե կապահովի գործողությունների բովանդակային կամ արդյունքային գնահատական :
Հարյուր օրը իսկապես բավական փոքր ժամկետ է, որպեսզի այդ ընթացքում բեկումնային իրադարձություններ տեղի ունենան: Թերևս, կարելի է խոսել ձեռք բերված տենդենցների, այլ աշխատաոճի, և որ ամենակարևորն է ՝ տնտեսության հետագա զարգացման համար կայուն հիմքեր ապահովելու շուրջ:
-Իսկ այդ առումով ունե՞նք ձեռքբերումներ: Ըստ տնտեսագետների , նախորդ տարվա եռամսյակի համեմատ, թերևս, չնչին տոկոսով աճ է գրանցվել: Այս մասին խոսեց նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով սակայն օբյեկտիվությունը չկորցնելու համար, որպես արդյունքների շոշափելի դրսևորման ժամկետ նշեց հոկտեմբեր ամիսը:
-Այն որ հետընթաց չունենք, արդեն կարևոր և ուրախալի է, քանզի մասնագիտական և հանրային լայն շրջանակներին հայտնի են աշխարհի մասշտաբով և տարածաշրջանային կտրվածքներով կատարվող տնտեսական զարգացումները, և դրանք բնավ էլ մեծ առաջադիմություն չեն արձանագրում, իսկ որևէ առանձին վերցրած երկիր, հատկապես մեր պես բաց և փոքր տնտեսությունը չի կարող զերծ մնալ գլոբալ երևույթների ազդեցությունից կամ կապված չլինել այդ դրսևորումների հետ և առանձին –անհատական զարգացումներ ունենալ: Ուստի պարզ է, որ համաշխարհային տենդենցների ազդեցությունը նույնպես հիմք է լինելու մեր ցուցանիշների սահմանափակության համար: Թեև վստահ եմ, որ կառավարությունը ձեռնարկում է մաքսիմալ հնարավորը, բայց տնտեսական իրողությունների զարգացումն իր մեջ որոշակի ժամանակային լագ ունի. այսօր կատարված քայլերի արդյունքը վաղը չէ, որ պետք է ի հայտ գա, այլ որոշ ժամանակահատվածից հետո, որը 100 օրը չէ: Այդ իմաստով, իսկապես 100 օրը շատ սիմվոլիկ է, և դեռևս շատ վաղ է խոսելու թվային արդյունքների, տոկոսների, աճի մասին: Հարյուր օրը, ինչպես վերը նշեցի, նախ և առաջ, կարող է ցույց տալ միտումների, մոտեցումների, ոճային փոփոխություններ, և այս իմաստով կարող ենք հաստատաբար ասել, որ այդ փոփոխությունները մենք տեսնում ենք: Բազմաթիվ խնդիրների լուծման ուղղությամբ քննարկումներ են ընթացել և շարունակվում են բավական լայն շրջանակների հետ՝ հասարակական կառույցների և այլն՝ բոլորին ականջալուր լինելու և խնդիրներին լուծումներ տալու պատրաստակամությամբ, մաքսիմալ բացության պայմաններում:
Կարդացեք նաև
Որպես ձեռքբերում, նշեմ, որ մի քանի օր առաջ հարկային մարմինների կողմից տեղեկատվություն տրամադրվեց՝ կապված շրջանառության աճի հետ, և այստեղ արդեն նկատվեցին դրական տենդենցներ, որը և թույլ է տալիս ասելու՝կառավարության ընտրած ուղղությունը ճիշտ է վերցված, և թաքնված ռեսուրսները բացահայտելուն ուղղված աշխատանքը ճիշտ հայեցակարգով է ընթանում: Նաև ուզում եմ ընդգծել, որ փոքր և միջին բիզնեսին առնչվող մի քանի փուլով անցկացվող քննարկումների ընթացքում, որոնք առնչվում են հարյուր –հազարավոր մարդկանց, և որոնց մասնակցում էին դաշտում աշխատող համարյա բոլոր շահագրգիռ կողմերը, հասարակական կազմակերպությունները կարողացան իրենց հարցադրումներն առաջ քաշել, նաև բանակցային պրոցեսի մեջ հասան նրան, որ այդ հարցադրումներում իրենց համար դրական գնահատվող որոշումներ կայացվեցին և իրենց դիրքորոշումն ընդունվեց: Սա , կարծում եմ, առաջին հերթին պետք է գնահատել ոչ որպես թվային փոփոխություններ բերող ինչ-որ քայլ, այլ որպես պլատֆորմ, գործելաոճ, որովհետև, եթե կառավարությունը որդեգրում է յուրաքանչյուր խնդրում երկկողմանի ընդունելի լուծումների հասնելու գործելաոճը, արդեն խոսուն հանգամանք է, և սա ես ավելի եմ կարևորում, քանզի այն վստահություն է առաջացնում, հույս է ներշնչում, որ միակողմանի, մարդկանց հետ հաշվի չնստելով, չլսելով, միայն պետական ,,ուժային,, դիրքից որոշումներ չեն կայացվելու: Սա արդեն երաշխիք է, որ որոշումները ճիշտ ուղղությամբ են գնալու: Իմ շփումները փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների և նրանց հասարակական կազմակերպությունների հետ արդեն ցույց են տալիս, թե ինչպիսի դրական սպասելիքներ և վերաբերմունք կա այս իմաստով: Կարծում եմ, Հովիկ Աբրահամյանի կառավարության 100 օրը այս իմաստով, իսկապես ռեալ հույսեր է ներշնչում: Թերևս, ընդգծենք, որ թե՛ 100 օրվա հաջողության և թե՛ հետագա արդյունավետ աշխատանքի համար հավասարապես շահագրգիռ 2 կողմ կա՝ դա մեր հասարակությունն է և իշխանությունը:
Մամլո հաղորդագրություն