Հուլիսի 18-19-ը Կողբ գյուղի անտառում գտնվող «Զիկատար» գիտաուսումնական կենտրոնում կայացավ անապատացման դեմ պայքարի 3-րդ ազգային ծրագրին նվիրված սեմինար` շուրջ 15 լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ բնապահպանների մասնակցությամբ: Մենք հարց տվեցինք բաց եղանակով շահագործվող հանքավայրերի վատ հետեւանքների, հանքերի շահագործման լիցենզիաների հատկացման ոլորտում կոռուպցիոն ռիսկերի, օֆշորում գրանցված հանքարդյունաբերական ընկերությունների վերաբերյալ, ասելով, թե որտե՞ղ է այդտեղ պետության եւ հանրության շահը:
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանն ասաց , որ այդ խնդիրները իրենց էլ են հուզում եւ հավելեց.
«Ինչ վերաբերում է հանքարդյունաբերության գծով լիցենզիաների տրամադրմանը, ապա ես գտնում եմ, որ այդ լիցենզիաների տրամադրումը պետք է խիստ սահմանափակվի, որովհետեւ երկիրն այդքան հնարավորություն չունի, անկախ նրանից` թե այդ պաշարից որքան կա, որքան` չկա: Երկիրն արդեն բզկտված է, բզկտված վիճակում է:
Երկրորդը` հանքարդյունաբերությունը նպատակային դարձնել միայն այն ժամանակ, եթե հանքից կորզած օգտակար հանածոները իրենց վերջնական պրոդուկցիան կունենան Հայաստանում , եւ ոչ թե դա որպես հումք կվաճառվի արտասահմանում: Եթե դա որպես հումք վաճառվում է, արագ հարստացման միտում է արդեն նկատվում, մարդիկ արագ հարստանում են:
Երրորդը` ապագան կապել հանքարդյունաբերության հետ, սխալ է, որովհետեւ այդ հանքը վերջիվերջո սպառվող ռեսուրս է, այն երբեք չի վերականգնվում: Ուրեմն` եթե կան հանքեր, որոնք 20 տարով տրված են, կարող են շահագործվել, ապա քսան տարի հետո տեղանքը, կարելի է ասել` ամբողջապես ապականված եւ անապատացված է լինելու, բնակչության համար ապրելու ոչ մի կենսամիջոց չի լինելու այդ շրջապատում: Եթե այսօր այդ բնակիչն այնտեղ ասում է, որ գոնե աշխատատեղ է, աշխատում ենք, վաղը, մյուս օրը նրա երեխաներն այդ աշխատատեղը չեն ունենալու: Այսինքն`պետք է առաջ նայել, եւ ոչ թե միայն այսօրվա համար չափորոշիչներ անել:
Համենայն դեպս, գիտականորեն այդ ամենը ապացուցված է, անապատացման դեմ պայքարի մեր հենց առաջին ռազմավարական ծրագրում, որը ընդունվեց 2002-ին, այնտեղ ձեր բարձրացրած հարցերի վերաբերյալ բավական մեծ գլուխ է` իր վերլուծականով եւ իր տված համապատասխան արժեքներով: Այսօր մենք դա նույնպես վերլուծված ձեւով, եթե նախորդ գրածն իր ազդեցությունը չի թողել, ապա այսօր մենք ինչի՞ ենք հասել: Այդ հասածը օբյեկտիվ ձեւով մենք այստեղ ներկայացնելու ենք եւ կրկին անգամ տալու ենք դրա լուծման ուղիները` լիցենզիաների սահմանափակում, վերջնական պրոդուկցիայի ստեղծումը Հայաստանում, որը կստեղծի ավելի մեծ թվով աշխատատեղեր եւ ավելի մեծ նշանակություն կունենա սոցիալ-տնտեսական զարգացման համար»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ