Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանն ուզում է նախագահ դառնալ, որ Օբամայի հետ հեռախոսով խոսի» թուրքագետ

Հուլիս 25,2014 15:51

Թուրքագետ Արտակ Շաքարյանի գնահատմամբ, Թուրքիայում նախագահի ընդդիմության միասնական թեկնածուի` Էքմելեդդին Իհսանօղլուի, առաջադրումն արդեն հաղթանակ է ընդդիմության համար:

«Շատ էին, խոսում, որ ընդդիմությունը չի կարող միավորվել ու միասնական թեկնածու առաջադրել: Իհսանօղլուն ունի իսլամական արմատներ,բայց երկար տարիներ աշխատել է արտաքին գործերի նախարարությունում եւ հայոց ցեղասպանության հարցում ունի ավելի կտրուկ, զինվորականությանը հատուկ մոտեցումներ: Մի անձ է, որին կարող են ընտրել, եթե չեն ուզում ընտրել վարչապետ Էրդողանին, բայց Էրդողանն ընտրվելու ավելի մեծ շանսեր ունի»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց թուրքագետը:

Ըստ նրա, ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց բացատրել` ինչու պետք չէ ընտրել Էրդողանին. «Էրդողանն ինչքան էլ խնդրահարույց թեկնածու է, նա սեղանին դնելու բաներ ունի, որ արել է, խոստումներ որ կատարել է: Իսկ ընդդիմությունն այսօր ոչ մի ծրագրային առաջարկներ չի անում, ընդամենը քննադատում է Էրդողանին»:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ հավելեց, որ Էրդողանը սիրված է թուրք ընտրազանգվածի կողմից. «Էրդողանի ընտրազանգվածը ոչ այնքան որակյալ զանգվածն է: Այդ զանգվածին չեն հետաքրքրում մարդու իրավունքների խախտումները, կաշառակերությունը, այդ զանգվածին հետաքրքրում են, որ աղջիկները գլխաշոր կապեն, դպրոց ու համալսարան հաճախեն, դպրոցներում կրոնի առարկան դասավանդվի, Մուհամեդ մարգարեի կյանքի պատմությունն ու գործունեությունն էլ ընդգրկվի ծրագրում: Էրդողանն այս ամենը տալիս է, նրանց ուրիշ բան չի հետաքրքրում»:

Երեկ լրատվամիջոցներում եղան հրապարակումներ, որ Էրդողանը խռովել է Օբամայից, որ չի ցանկացել իր հետ հեռախոսով զրուցել: Հարցին՝ թուրք-ամերիկյան հարաբերություններում կա՞ն հիմքեր խռովելու, պարոն Չաքրյանը պատասխանեց, որ վերջին շրջանում Օբաման չի պատասխանում Էրդողանի հեռախոսազանգերին. «Ըստ երեւույթին հաճախակի էր զանգում, զզվեցրել է, Օբաման հրաժարվել է պատասխանել»:
Պարոն Շաքարյանն էլ կատակեց` Էրդողանն ուզում է նախագահ դառնալ, որ Օբամայի հետ հեռախոսով խոսի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031