Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր` Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվում է նրա հարևանը` Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեականի պետը, որն այսօր արդեն հանրապետությունում չէ:
Իսկ թե ինչու է հատկապես նա կասկածվում, ըստ ոստիկանության մեր աղբյուրների ու նաև քաղաքում տարածված խոսակցությունների, պատճառը նեղ անձնական խնդիրներն են:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, նրանց հարաբերությունները խիստ լարված են եղել խանդի հողի վրա. պաշտոնյա հարևանը կասկածել է իր կնոջը դավաճանության մեջ, այդ պատճառով էլ երեկ վիճաբանություն է սկսվել երկու հարևանների միջև, որի շարունակությունը ավարտվել է Գետք գյուղի լքված ֆերմայի տարածքում:
Ըստ որոշ տեղեկությունների, նրանք քաղաքից տեղափոխվել են հարմարավետ մի վայր, տվյալ դեպքում գյուղի անմարդաբնակ հատված, որպեսզի բոլորի աչքից հեռու պարզեն իրենց հաշիվները: Թունդ վիճաբանություն է ծավալվել Հարություն Գրիգորյանի մեքենայի մեջ, այն գնալով թեժացել է, և վերջինս ընթացքում անակնկալի է եկել` տեսնելով զինված հարևանին, որը փորձում է վրեժխնդիր լինել իրենից: Բացել է մեքենայի դուռը ու փորձել է դիմել փախուստի, և մինչև վազքով կհասներ ֆերմայի պատերի մոտ`պատսպարվելու համար, հարևանը Մակարով տեսակի ատրճանակից 7-8 մետր հեռավորության վրա 5 կրակոց է արձակել, որից 4-ը նպատակին է հասել:
Կարդացեք նաև
Հարություն Գրիգորյանը մահացել է ներքին արյունահոսությունից: Հարևանը դիմել է փախուստի:
Նշենք, սակայն, որ պաշտոնապես դեռ կասկածյալներ չկան, սա իրավապահների կողմից պարզապես քննարկվող վարկածներից մեկն է` դեռևս չապացուցված ու չհաստատված:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ