Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմքում Համաշխարհային բանկի 18931 MA փաստաթուղթն է

Հուլիս 25,2014 15:42

1999 թվականին ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Համաշխարհային բանկի (ՀԲ) 18931 MA փաստաթուղթը, որի մեջ ամփոփված է Հայաստանի Հանրապետությանը 185 մլն դոլար վարկ հատկացնելու (SAC-1` 60, SAC-2՝ 60, SAC-3՝ 65 մլն դոլար, հաստատված 1996-98թթ.), ինչպես նաեւ ՀՀ էներգահամակարգի ապապետականացման ծրագիրը: Այս փաստաթղթում Համաշխարհային բանկի վարկային պահանջներից ու նախապայմաններից են՝ Հայաստանի էներգահամակարգը դնել կոմերցիոն հիմքերի վրա, վերացնել ֆինանսական դոտացիաները եւ ծախսերը չծածկող սակագները, նախկինում կուտակված պարտքերն ընդգրկել սակագների մեջ (այլ ոչ թե վճարել ընթացիկ եկամուտներից) եւ շարունակաբար բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները, իրականացնել անջատումների քաղաքականություն, սեփականաշնորհել էներգահամակարգը, էլեկտրաէներգիայի արտադրությունը, ներմուծումը եւ արտահանումը ազատականացնել, ինչպես նաեւ էներգահամակարգն արդյունավետ առեւտրային հիմքի վրա դնելով՝ հասնել այն բանին, որ էլեկտրականության սակագներն ապահովեն մրցակցային շահույթ:

Համաշխարհային բանկի 18931 փաստաթղթի բովանդակությունից պարզ երեւում է, որ ՀՀ կառավարությունը ստրկաբար (կամ այլ դրդապատճառներով) ընդունել ու կատարել է բանկի բոլոր պահանջները, իսկ էներգահամակարգը ապապետականացնելու գործարքը ավելի է արագացրել, քան Համաշխարհային բանկն է պահանջել:
Ահա թե ինչու քննարկվող փաստաթղթում բանկն իր գոհունակությունն է հայտնում իր հլու-հնազանդ ծառային՝ ՀՀ կառավարությանը, որ ստեղծել է էներգետիկայի անկախ հանձնաժողով, որն իրագործելու է ՀՀ էներգետիկայի մասին օրենքի պահանջները, հաստատելու է շուկայական կանոնները եւ կանոնակարգված սակագները, բարձրացնելու է էլեկտրաէներգիայի սակագները (1994թ. մեկ կՎտ ժամի միջին սակագինը կազմում էր 1,4 ցենտ, իսկ 1999թ. հունվարին այն հասավ 4,6 ցենտի), վերացրել է կենսասահմանային եւ անապահով խավերի համար գոյություն ունեցող զեղչերը:

Այժմ, երբ հերթական անգամ քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացման հարցը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագնի բարձրացումը «հիմնավորեց» համակարգում առաջանալիք ֆինանսական ճեղքվածքով (հաշվարկվել է, որ 2014-15թթ. այն կկազմի 17,9 մլրդ դրամ), իսկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն էլ գտնում է, որ սակագնի բարձրացումն անխուսափելի է, քանի որ դրանով է պայմանավորված Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: Նա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված բոլոր հաշվարկները համարում է հիմնավոր: Մինչդեռ ՀՀ էներգահամակարգի իրական սահմանադրության՝ ՀԲ-ի 18931 փաստաթղթի մասին որեւէ խոսք չկա: Շահագրգիռ կողմը ստեղծում է այն կեղծ պատկերը, որ իբր էներգահամակարգի անվտանգության ապահովումից է բխում հերթական թանկացումը, երբ ՀՀ էներգահամակարգը կառավարվում է հենց այդ փաստաթղթով, որի մեջ անգամ նշված է սակագների բարձրացման ժամանակացույցը: Նրանք ժողովրդից շարունակում են թաքցնել թանկացման իրական հիմքերը՝ Համաշխարհային բանկի հանձնարարականները:
Այստեղ նաեւ պետք է նշել, որ ըստ 18931 փաստաթղթի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վրա է դրված էներգետիկայի ոլորտում վարվող քաղաքականության պատասխանատվությունը:

Քանի դեռ չեն կասեցվել էներգետիկայի մասին օրենսգրքի որոշ դրույթները եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեությունը, անիմաստ է մտածել էներգահամակարգը ժողովրդի շահերին համապատասխանեցնելու եւ սակագների բարձրացումը արգելելու մասին: Օրինակ՝ նշված օրենսգրքի «Կարգավորող սակագների ձեւավորման սկզբունքները» 21-րդ հոդվածում ասվում է՝ էլեկտրական, ջերմային եւ բնական գազի կարգավորվող սակագների եւ այդ ոլորտներում ծառայությունների մատուցման դիմաց վճարումների ձեւավորման սկզբունքներն են՝ լիցենզիայի պայմաններին համապատասխան լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ՝ հիմնավորված շահագործման եւ պահպանման ծախսերի, հիմնական միջոցների մաշվածության եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի փոխհատուցման ապահովումը, ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը, հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառումը, հիմնավորված եւ անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը, բնապահպանական նորմերն ապահովելու համար անհրաժեշտ՝ հիմնավորված ծախսերի ներառումը, ՀՀ կառավարության կողմից հաստատված էներգետիկայի զարգացման ծրագրով նախատեսված էներգատեղակայանքների կոնսերվացման եւ պահպանման ծախսերի ներառումը, օգտագործված միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի եւ ատոմակայանը շահագործումից հանելու հիմնադրամին անհրաժեշտ հատկացումների ապահովումը, հիմնավորված տեխնիկական եւ առեւտրային կորուստների ներառումը, օրենսդրությամբ նախատեսված՝ հիմնավորված եւ անհրաժեշտ այլ ծախսերի ներառումը:
Այս հոդվածը սեփականատիրոջ ձեռքին մի առաձգական նյութ է, որը կարող է ձգել-մեծացնել այնքան, ինչքան կցանկանա:

Նաեւ պետք է ասվի, որ մենք՝ սպառողներս, «հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառում» ասվածը չենք ուզում ճանաչել, քանի որ էներգահամակարգը խիստ ցածր գնով վաճառվել է, որպեսզի սեփականատերը լուծի այդ եւ մյուս խնդիրները: Իսկ էլեկտրաէներգիայի սակագների մեջ «օգտագործված միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի եւ ատոմակայանը շահագործումից հանելու հիմնադրամին անհրաժեշտ հատկացումների ապահովումը» ներառելն անմաքուր գործարք է, փաստորեն քողարկվում է ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի իրական ինքնարժեքը: Նշվածները պետք է ներառվեն ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքի մեջ:

Նույնը հանդիպում ենք նաեւ ՀՀ ջրային օրենսգրքում, որտեղ սակագներում ներառված են՝ «ողջամիտ շահույթի ապահովումը», «հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի եւ տեխնիկական կորուստների ներառումը» (2003 թվականից ջրի սակագինը սահմանում է ՀԲ-ի հիշյալ հանձնաժողովը):

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ անգամ արտագաղթը՝ բնակչության թվի նվազումը եւ էլեկտրաէներգիայի ու ջրի խնայողությունը ակնհայտորեն բերելու են էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագների առավել մեծացման, քանի որ սեփականատերերը ՀՀ օրենքներով արդեն արտոնված են իրենց համար ողջամիտ շահույթ ապահովել:

ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ
Հայաստանի Կանաչների
միության նախագահ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031