Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ վերաքննիչ դատարանը քննեց ՀՀ Պաշտպանության Նախարարության բողոքը

Հուլիս 25,2014 15:27

2014 թ. հուլիսի 24-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Առաքելյանի, քննության առնվեց ՀՀ պաշտպանության նախարարության վերաքննիչ բողոքն ըստ հայցի ՀՔԱ Վանաձոր գրասենյակի՝ տեղեկատվության տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով ՀՀ վարչական դատարանի 2014 թ. ապրիլի 9-ի որոշման դեմ: Հիշեցնենք, որ սույն որոշմամբ ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը և պարտավորեցրել ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել կազմակերպության տեղեկատվության հարցմամբ պահանջված տեղեկատվությունը, այն է՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը սնունդ, հագուստ, վառելիք և գրենական պիտույքներ մատակարարող կազմակերպությունների անվանումները և նրանց կողմից մատակարարվող սննդի, հագուստի, վառելիքի և գրենական պիտույքների տեսակները: 2014 թ. հուլիսի 24-ի դատական նիստին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մանիկ Սանթրոսյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ներկայացուցիչ Անի Չատինյանը: Դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը հրապարակեց ներկայացված վերաքննիչ բողոքը և դրա դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանը, այնուհետև հարցեր ուղղեց կողմերին:

Բողոքաբեր ՀՀ պաշտպանության նախարարությունը վերաքննիչ բողոքը ներկայացրել է նյութական և դատավարական իրավունքի խախտման հիմքով: Բողոքաբերը գտել է, որ ՀՀ վարչական դատարանը պետք է մանրամասն քննարկեր հայցվորի պահանջած տեղեկատվության բովանդակությունն ու բնույթը, այսինքն՝ արդյոք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջած տեղեկատվությունն իրենից ներկայացնում է պետական և ծառայողական գաղտնիք, թե ոչ, որից հետո նոր որոշեր, արդյոք այն ենթակա էր տրամադրման, թե ոչ: ՀՀ պաշտպանության նախարարությունը, վկայակոչելով ՀՀ կառավարության 13.03.1998թ. թիվ 173 որոշումը, որով սահմանվում է պետական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկը, նշել է, որ պահանջված տեղեկատվությունը դասվում է այդ ցանկին, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012թ. N 1010 որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի` «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթը սույն գործի շրջանակներում կիրառելի չէ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերաքննիչ բողոքի պատասխանում վկայակոչել է ՀՀ կառավարության 17.12.2009թ. թիվ 1521 որոշմամբ սահմանված այն դրույթը, համաձայն որի այն գնումները, որոնք չեն կատարվում ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման նպատակով, գնումների անվանացանկում ընդգրկվում են որպես պետական և ծառայողական գաղտնիք չպարունակող գնումներ: Նախագահող դատավորը հայտնեց, որ ՀՀ վարչական դատարանն իր որոշման հիմքում դրել է այն փաստը, որ 2006 թ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջած տեղեկատվությունը տրամադրվել է մեկ այլ անձի՝ լրագրող Նաիրա Բուլղադարյանին:

Վերջինիս կողմից ստացված պատասխանը գործով սկզբնական հայցվորի կողմից ներկայացվել էր դատարանին՝ որպես հայցադիմումի կից փաստաթուղթ: Նախագահող դատավորի այն հարցին, թե ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը կմեկնաբանի այդ հանգամանքը, վերջինս նշեց, որ եթե նույնիսկ նման տեղեկատվություն է տրամադրվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, հնարավոր է, որ սխալվել են և դա չի նշանակում, որ վարչական մարմինը միշտ պետք սխալ թույլ տա: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցչից նախագահող դատավորը փորձեց ճշտել, թե ինչ ճանապարհով է կազմակերպությունը ձեռք բերել լրագրող Նաիրա Բուլղադարյանին հասցեագրված պատասխան գրությունը: Ա. Չատինյանը հայտնեց, որ գրությունը նախ հրապարակվել է «Քաղաքացիական նախաձեռնություն» թերթում, այնուհետև Նաիրա Բուլղադարյանի կողմից կազմակերպությանը տրամադրվել է գրության պատճենը: Այսպիսով, դատարանը բողոքի քննությունը համարեց ավարտված, սույն գործով դատարանի որոշումը կհրապարակվի 2014 թ. օգոստոսի 8-ին, ժամը 11:40-ին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031